Եթե գործադիրը ցանկանար գործել դատական իշխանության անկախության շահերից ելնելով, ապա նման նախագծեր չէին կազմվի․ դատավոր Դավիթ Հարությունյան

Մոտ մեկ տասնյակ դատավորներ դիմել են Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին՝ իրենց դիտողությունները ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքների նախագծերի վերաբերյալ։

Նրանք նշում են, որ նախագծով առաջարկվող փոփոխությունն անթույլատրելի է, ուղղակիորեն հակասում է թե՛ իրավական որոշակիության, և թե՛ անձի վիճակը վատթարացնող օրենքի հետադարձ ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքին, իսկ դրա ընդունումը կվտանգի դատավորների ու դատական համակարգի անկախությունը:

Իրավաբան․net-ը թեմայի վերաբերյալ զրուցել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի հետ։

Նախագծով առաջարկվում է որպես Սահմանադրական դատարանի դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի անդամների և դատավորների լիազորությունների դադարեցման հիմք սահմանել անհամատեղելիության լրացուցիչ պահանջ։ Այն է «(…)անհամատեղելիության պահանջների խախտում է համարվում նաև դատավորի կողմից մարդու հիմնարար իրավունքի՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտով արձանագրված միտումնավոր խախտում կատարած լինելու փաստը, եթե Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտն ուժի մեջ մտնելուց հետո չի անցել տասնհինգ տարի»:

«․․․Նախագծերի փաթեթով նախատեսվում է սույն կարգավորմանը տալ հետադարձ ուժ:

Հետադարձության արգելքի պահանջը խստորեն պահպանելը վերաբերում է քրեական օրենքին, մինչդեռ պրակտիկան ցույց է տալիս, որ իրավունքի մնացած ճյուղերը չեն բացառում այդ արգելքի շրջանցումը՝ պայմանավորված որոշակի հանգամանքներով: Հիմնականում նման անհրաժեշտություն է առաջանում պետական քաղաքականության իրավաչափ նպատակներից ելնելով»,-նշվում է նախարարության հիմնավորման մեջ։

Հարությունյանը այս համատեքտսում հիշեցնում է Սահմանադրության 73-րդ հոդվածի կարգավորումը, որը հստակ սահմանում է. «Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն»:

«Նախարարությունը, ըստ էության, ասում է, որ օրենքին, որը վատթարացնում է անձի վիճակը կարելի է հետադարձ ուժ տալ։ Մտքի աղավաղումը կայանում է նրանում, թե հետադարձ ուժի սկզբունքը խստորեն պահպանվում է միայն քրեական օրենքում։ Ինչ է նշանակում՝ խստորեն պահպանվում է միայն քրեական օրենսգրքում։ Ստացվում է, որ այլ օրենքներում անձի վիճակը վատթարացնող օրենքները ոչ խստորեն, այլ նրբորեն են պահպանվո՞ւմ»,-հարցնում է դատավորը։

Ըստ Հարությունյանի՝ Սահմանադրությունը շրջանցելը թույլատրելի չէ և դրա ընդունումը «դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հերթական անօրինական հիմքը կամ առիթն է տալու նախարարին»։

«Եթե, օրինակ, ՄԻԵԴ-ը նման որոշում կայացնի, ապա դա խտրական մոտեցում կիրառելու հնարավորություն է տալիս։ Ենթադրվում է, որ այդ դատական ակտը կայացրած կլինեն առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանի դատավորներ։ Իրենք ինչպե՞ս ենք ընտրելու, թե որ դատավորն է խախտումը կատարել։ Սա հերթական խտրական, անհիմն վարույթ հարուցելու հնարավորություն է ընձեռելու նախարարին»,-նշում է դատավորն ու հավելում՝ ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորություններով նախարարությունը չպետք է լիազորված լինի կարգապահական վարույթներ հարուցել դատավորների նկատմամբ (Վենետիկի հանձնաժողովի ու GRECO-ի վերջերս հրապարակված   զեկույցները):

Դավիթ Հարությունյանը նշում է, որ «OLEKSANDR VOLKOV v. UKRAINE» գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ անձի վիճակը վատթարացնող օրենքի կիրառման անթույլատրելիության, որոշակիության սկզբունքը՝ կապված վաղեմության ժամկետների չնախատեսելու կամ հետադարձ ուժ չկիրառելու մասով հավասարապես վերաբերելի են ինչպես քրեական հանցագործություններին, այնպես էլ դատավորների կարգապահական վարույթներին։

Արդարադատության նախարարությունը նախագծի հիմնավորման մեջ նշել է մեկ այլ օրինակ։ ՄԻԵԴ-ը «Xhoxhaj v. Albania» գործի շրջանակներում անդրադառնալով դատավորների նախկինում կուտակված գույքի ուսումնասիրությանը նշել է, որ դատավորի մասնագիտական կյանքի ընթացքում կուտակված անձնական կամ ընտանեկան ունեցվածքի գնահատման գործընթացը (…) չի հակասում ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումներին, իրավական որոշակիության սկզբունքի ենթադրյալ խախտման տեսանկյունից:

Հարությունյանի խոսքով՝ այս օրինակը նախագծին վերաբերելի չէ։

«Ալբանական օրինակը այն օրինակը չէ, որին պետք է ձգտեն, հավասարվեն կամ մեջբերեն մեր իրավակիրառողները, օրենսդրական քաղաքականություն մշակողները։ Վերջերս մեր գործընկերները այցելել էին Ալբանիա, երկրի դատաիրավական համակարգը, կարգապահական վարույթներին վերաբերող հարցերը ուսումնասիրելու համար։ Բավականին ներկայացուցչական, տարբեր կառույցներից մեկնած պատվիրակության անդամներից մեկը չկար, որ դրական տպավորությամբ վերադարձած լիներ այնտեղից, ամսից ավելի անցել է, եթե, իհարկե գաղտնի այց չէր, նույնիսկ երևի «ամաչեցին» այցի մասին որևէ պաշտոնական հաղորդագրություն տարածեն կամ մասնագիտական հանրությանը պաշտոնապես այդ մասին տեղեկացնեն. ալբանական մամուլի հղմամբ մեր ԶԼՄ-ներից ենք տեղեկացել»,-նշեց Հարությունյանը։

Դատավորները գտնում են, որ, եթե իրականում գործադիրը ցանկանում է կայացած դատական համակարգ ունենալ, ապա միայն Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը պետք է դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունենա․ «Դատական իշխանության անկախության, դատական գործունեությանը անթույլատրելի միջամտությունները պետք է հասցվեն նվազագույնի կամ չեզոքացվեն։ Իսկ այսպես անթույլատրելի միջամտություններ են տեղի ունենում այս վարույթներով դատավորների գործունեության նկատմամբ»։

Հարությունյանը գտնում է, որ ինչպես ցանկացած երկրում, այնպես էլ Հայաստանում գործադիրը ցանկանում է իր լիազորությունները ընդլայնել՝ ի հաշիվ իշխանության մյուս թևերի․ «Եթե գործադիրը ցանկանար գործել՝ ելնելով դատական իշխանության շահերից, ապա նման նախագծեր չէին կազմվի։ Ընդ որում հարկ է նշել, որ այս հիմքով կարգապահական վարույթի հարուցում, այս կարծիքը կազմելու նախաձեռնություն ցուցաբերած դատավորներիս մոտակա տարիներին չի սպառնում. մեր գործերով ՄԻԵԴ-ը որևէ որոշում չի կայացրել, սակայն որքան էլ չցանկանանք դա հնարավոր է բազմամյա աշխատանքի արդյունքում»։

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել