Տղայիս երազանքները կիսատ մնացին, բայց ես կկատարեմ ու կսպասեմ իմ բալին․ պատմում է զոհված զինծառայող Վահանի մայրը

Արցախյան պատերազմում զոհված Վահան Գրիգորյանը ծառայել է Մարտունիում, հակատանկային դասակում։ Ճարտարապետաշինարարական համալսարանի 2-րդ կուրսում է սովորել։

«Պետք է գար, շարունակեր ուսումը, աշխատեր։ Մեր տնային պայմաններն այդքան էլ լավ չեն, ասում էր՝ ես գալու եմ ամեն ինչ անեմ, բայց չիրականացան իմ բալիս երազանքները, ես իրականացնելու եմ»,-պատմում է մայրը՝ Սոնա Մկրտչյանը։

Քույրը՝ Անի Գրիգորյանն ասում է, որ եղբայրը երազում էր ծրագրավորող դառնալ։

«Շատ կարգապահ զինվոր է եղել, իր հրամանատարներն են պատմել։ Շատ է խրախուսվել պատվոգրերով։ Կռվի օրերին մեզ չի ասել, թե իրենց մոտ ինչ է կատարվում։ Ասում էր՝ ամեն ինչ նորմալ է, մենք ապահով տեղում ենք, բայց իրենք մասնակցել են շատ թեժ մարտերի»,-նշում է քույրը։

Վահանը մոր հետ խոսելիս ասել է՝ մամ աշխարհն ի՞նչ է մտածում․ «Ասում էի՝ Վահան ջան, երևի շուտով կվերջանա, բայց ի՞նչ իմանայինք, երկար ու ձիգ օրեր, տանջալից օրեր»,-հիշում է մայրը։

Վահան Գրիգորյանը ծնվել է 2000 թվականի հուլիսի 23-ին։ Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 23-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել