Հուլիսի 25-ին Փարպի գյուղում փնտրում էինք Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Մկրտիչ Կյուրեղյանի բնակարանը։ Գյուղացիներից մեկը մոտավոր ճանապարհը բացատրեց, գնացինք, կանգ առանք տներից մեկի մոտ։ Մոտեցա։
-Որ խնդրեմ Մկրտիչ Կյուրեղյանենց տունը ցույց կտա՞ք։
-Սա է։ Ի՞նչ է պատահել։
-Ես լրագրող եմ, իր մասին նյութ եմ ցանկանում պատրաստել, բայց ոնց հասկացա, շատ հյուրեր ունեք, եթե այսօր հարմար չի, կարո՞ղ ենք այլ օրվա համար պայմանավորվել։
-Այսօր իր ծննդյան օրն է, հարազատներով հավաքվել ենք, իր ծնողներն են եկել Ռուսաստանից։
Հայրը՝ Համլետ Կյուրեղյանը դուրս եկավ, սկզբում մերժեց, ասելով՝ թողնենք մեկ այլ օրվա։ Սակայն հետո ասաց՝ դե, եթե եկել եք այսօր, ուրեմն պետք էր, դժվար է, բայց կխոսենք մեր երեխայի մասին։
Մկրտիչ Համլետի Կյուրեղյանը ծնվել է Ռուսաստանի Դասշնությունում 2000 թվականի հուլիսի 25-ին։ Երբ մոտեցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության տարիքը, հայրը հորդորել է որդուն, որ գա ու ծառայի հայկական բանակում։
Մայրը՝ Հայկուշ Գրիգորյանը նշում է, որ որդին մեծացել է հայկական սովորույթներով, հայերի միջավայրում և հայեցի։
Մկրտիչը 14 տարեկանից սկսել է աշխատել և օգնել ծնողներին։ Պահել է փոքր քրոջը։ Ուներ ապագայի հետ կապված ծրագրեր, երազել է Երևանում բնակարան ունենալու մասին։
«2018 թվականն էր, եկավ, ասաց՝ պապ, գնա՞մ ծառայեմ։ Ասացի՝ տղես, գնա, ծառայի, քո պարտքը տուր, դա քո պարտքն է, կապ չունի, թե դու որտեղ ես ծնվել, մեծացել, դու հայ ես։ Ասաց՝ պապ ջան, ոնց ասես, այդպես էլ կանեմ ու եկավ, ծառայեց»,-ասում է հայրը։
Բարձր տրամադրությամբ եկել է հայրենիք։ Ծառայությունն անցկացրել է Ջրականում։ Դժգոհություններ չի ունեցել։ Ծառայությունն անցկացրել է սիրով․ «Ասում էր պրոբլեմ չկա։ Սեպտեմբերի 25-ին արդեն բարձրացել էր պոստեր։ Շատ ուրախ էր։ Ասաց՝ պապ ջան, երեք ամիս մնաց, վերջացնեմ ու գամ, լավ կլինի»։
Հայրն այլևս որդուց զանգ չի ստացել, մինչև հոկտեմբերի 4-ը։ Հետո զանգել է Մկրտիչը, ասել է, որ իրենց Ջրականից տեղափոխել են Հադրութ, ինքը կամավորների հետ է։ Մկրտիչի վերջին զանգը եղել է հոկտեմբերի 11-ին, երեք նախադասություն է ասել՝ պապ ջան, չմտածես, պապ ջան, լրիվ լավ է, պապ ջան, «դուխով»։
«Ես մեկ ամիս փնտրել եմ իմ երեխային, ասում էին՝ ողջ է։ Գտել եմ Վայքի մորգից։ Ես իրեն չեմ տեսել, ինձ ցույց չեն տվել։ ԴՆԹ-ով է հաստատվել, որ իմ որդին է։ «Մեշոկի» մեջ են ինձ երեխա տվել։ Ես Մոսկվայից երեխայիս ուղարկել եմ այստեղ, ինձ «մեշոկով» երեխա են տվել։ Ես ձեզ «մեշոկո՞վ» եմ երեխա տվել։ Իր ընկերները ինձ պատմեցին, որ Հադրութում երեք օր շրջափակման մեջ են եղել։ Գալիս նստում եմ տղայիս կողքը, ասում եմ՝ տղա ջան, կներես ինձ, որ քեզ չարգելեցի, չասացի՝ մի գնա»,-պատմում է հայրը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Սարգսյան