«Ապրում ենք մեր երեխաներին ապրեցնելու համար»․ թեժ մարտերում զոհվել է կամավորական Վահրամ Թումանյանը

Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում կպատմենք կամավորական Վահրամ Թումանյանի մասին։

Վահրամը ծառայել է 1998-2000 թվականներին։ Մայրը՝ Մարիետա Թումանյանն ասում է, որ որդին երկու ամսվա ծառայող է եղել և լավ ծառայության համար սպարապետ Վազգեն Սարգսյանը թույլատրել է մի քանի օրով տուն գնալ։

Առաջին կարգի դիպուկահար է եղել ծառայության ժամանակ, զենք միշտ է սիրել, դեռ մանկուց հոր հետ հաճախ որսի է գնացել։

Կամավորական Վահրամը 2016 թվականի ապրիլյանի պատերազմին ևս մասնակցել է։ Զանգել է մորն և հայտնել, որ արդեն դիրքերում է․ «Բա ո՞վ պետք է գնա, եթե ոչ ես»։

Վահրամը 2020 թվականի պատերազմին էլ նույն սկզբունքով՝ «ո՞վ, եթե ոչ ես», մասնակցել է պատերազմին․ «Ես աշխատանքի էի, այդ օրը միրգ էր ուզել, մինչև իմ տուն գալը զանգեց, ասաց՝ մամ ջան, ես գնացի։ Ասում եմ՝ տղա ջան, ո՞ւր ես գնում, ասաց՝ դու գիտես ես ուր եմ գնում։ Չհամբերեց մինչև տուն գամ, մտել էր բոլոր հարևաններին, քրոջը, հորեղբոր ընտանիքին, բոլորին հրաժեշտ էր տվել, ինձ էլ զանգով հրաժեշտ տվեց»։

Տիկին Մարիետան ասում է, որ ինքը երբեք էլ դեմ չի եղել, որ որդին հայրենիքի պաշտպանությանը մասնակցի, հակառակը՝ հպարտ է եղել, բայց շատ անպատասխան հարցեր ունի որդու զոհվելու վերաբերյալ։

«Երկու անգամ ասաց՝ մամ, կտեսնես, ես շուտ եմ մեռնելու։ Ասում էի՝ ինչո՞ւ ես այդպես ասում, ասում էր՝ չգիտեմ, ինձ այդպես է թվում։ Հետո ավելացնում էր՝ լավ, թեթև ապրի, այս օրով ապրի»,-հիշում է մայրը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել