«Արվեստի մարդ էր, հաճախում էր երգի, կիթառի, 6 տարեկանից սկսել է պարի հաճախել ու պարը դարձավ իր անբաժանելի մասնիկը, խումբը երկրորդ ընտանիքն էր իր համար»,-պատմում է Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Մովսես Սարգսյանի մայրը՝ Աիդա Սարգսյանը:
Մովսեսը բանակ է զորակոչվել 2019 թվականի հուլիսի 16-ին, ծառայել է Լուսակերտում, այնուհետև տեղափոխվել Արցախ:
«Պատերազմի օրերին, որ զանգում էր, ասում էր՝ գալու եմ պար բեմադրեմ, տղաները՝ զինվորական շորերով, աղջիկները՝ հայկական տարազներով, պետք է անպայման պատերազմի թեմայով պար բեմադրենք»,-ասում է մայրը:
Մոր խոսքով՝ տղան է իրեն հանգստացրել բանակ գնալուց առաջ՝ 2 տարի է պարտքս կտա, կգա։
«Պատերազմի ամբողջ ընթացքում եղել են Մարտակերտի դիրքերում, հետո հրաման է եղել, որ պետք է տեղափոխվեն Մարտունի և Շուշի, զոհվել է Շուշիի ճանապարհին:
Մայրն ասում է, որ որդին պատերազմի օրերին ամեն օր զանգահարել է իրեն, ընդամենը մեկ օր չի զանգել իրեն՝ նոյեմբերի 6-ին: Հաջորդ օրը մայրը զանգել է հրամանատարին ու իմացել լուրը։
«Ծառայակից ընկերներն էին եկել, պատմում էին, որ Մովսեսը շատ ընկերասեր էր, թե ոնց էր կռվում: Իրենք զարմացած էին, ասում էին՝ երկնքից կրակ էր թափվում, ինքն իր փոքրիկ-մոքրիկ մարմնով դուրս էր գալիս թաքստոցից և սկսում կրակել»,-ասում է մայրը:
Մովսես Սարգսյանը ծնվել է 2001 թվականի հունիսի 19-ին, զոհվել է 2020 թվականի նոյեմբորի 6-ին:
Մանրամասները՝ տեսանյութում