Կարինե Ավանեսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը քննության է առնվում Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամբաստանյալ Կարեն Հ.-ի շահերը պաշտպանելու համար Գուրգեն Հ.-ից խաբեության և վստահությունը չարաշահելու միջոցով վերցրել և խարդախությամբ տիրացել է 16.296.580 ՀՀ դրամին համարժեք 43.000 ԱՄՆ դոլար գումարին։ Բացի այդ, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով անձնական կարիքները հոգալու համար նվիրատվություն ստանալով Աշոտ Խ.-ին է ձևականորեն վաճառել Ժանետ Ա.-ին պատկանող 60.000.000 ՀՀ դրամ արժողությամբ Երևանի Ն.Զարյան X հասցեի անշարժ գույքը և խարդախությամբ տիրացել գումարին։
Կարինե Ավանեսյանը մեկ այլ գործով կեղծել է նաև Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության կողմից:
Նշենք նաև, որ ՀՀ Փաստաբանների պալատից Իրավաբան.նեթ-ին փոխանցեցին, որ քաղաքացիների բողոքների հիման վրա փաստաբան Կարինե Ավանեսյանի նկատմամբ հարուցված է երկու կարգապահական վարույթ, որոնք արդեն մոտ 1.5 տարի կասեցված են՝ վերջինիս նկատմամբ քրեական գործ հարուցելու հիմքով:
Կարինե Ավանեսյանը փաստաբանական գործունեությամբ էր զբաղվում սկսած 1995 թվականի հոկտեմբերի 10-ից: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net