Իրազեկում գյուղատնտեսական արտադրանքից եկամտահարկ վճարողներին

Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է, որ Հարկվող օբյեկտի որոշման ժամանակ գյուղատնտեսական արտադրությամբ զբաղված հարկ վճարողի համախառն եկամուտը սահմանված կարգով նվազեցվում է գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացման ենթակա եկամտի չափով, ինչպես նաև այլ գործունեությունից ստացման ենթակա եկամտի չափով, եթե վերջինիս տեսակարար կշիռը գյուղատնտեսական և այլ գործունեությունից ստացման ենթակա եկամուտների հանրագումարում չի գերազանցում տասը տոկոսը:

Այլ գործունեությունից ստացման ենթակա եկամուտների տեսակարար կշիռը գյուղատնտեսական և այլ գործունեությունից ստացման ենթակա եկամուտների հանրագումարում տասը տոկոսը գերազանցելու դեպքում այլ եկամուտների ամբողջ գումարի չափով համախառն եկամտից սույն մասով սահմանված նվազեցում չի կատարվում:
Ընդ որում գյուղատնտեսական արտադրանք են համարվում կենդանիների կամ բույսերի կենսաբանական վերափոխման միջոցով վերջնական կամ միջանկյալ սպառման համար ստացվող`
1) հացահատիկային և հացահատիկաոլոռային մշակաբույսերը.
2) տեխնիկական մշակաբույսերը.
3) պալարապտղային, բանջարաբոստանային մշակաբույսերը և փակ գրունտի արտադրանքը.
4) դաշտային մշակման կերային մշակաբույսերը.
5) կերարտադրության այլ արտադրանքը.
6) պարտեզների, խաղողի այգիների, բազմամյա տնկիների և ծաղկաբուծության արտադրանքը.
7) ծառերի և թփերի սերմերը, պտուղներում եղած սերմերը.
8) ծառերի և թփերի սածիլները.
9) ծառերի և թփերի տնկիները.
10) անասնաբուծության արտադրանքը.
11) խոզաբուծության արտադրանքը.
12) ոչխարաբուծության և այծաբուծության արտադրանքը.
13) թռչնաբուծության արտադրանքը.
14) ձիաբուծության, էշաբուծության և ջորիաբուծության արտադրանքը.
15) եղջերաբուծության և ուղտաբուծության արտադրանքը.
16) ճագարաբուծության, մորթատու գազանաբուծության և որսորդական տնտեսության արտադրանքը.
17) ձկնաբուծության, մեղվաբուծության, շերամաբուծության, արհեստական սերմնավորման արտադրանքը:

Գյուղատնտեսական արտադրանքի գծով ստացման ենթակա եկամտի ճշգրիտ հաշվարկման անհնարինության դեպքում այն հաշվարկվում է` հիմնվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված կադաստրային զուտ եկամտային տվյալների վրա:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել