Հայաստանում գազային զենք պահելու և կրելու համար անհրաժեշտ է ստանալ հատուկ թույլտվություն: Iravaban.net-ն ուսումնասիրել է ՆԳՆ պաշտոնական փաստաթղթերը և մանրամասն ներկայացնում է, թե ինչպես է գործում անժամկետ թույլտվության ստացման ընթացակարգը:
Ո՞վ կարող է թույլտվություն ստանալ.
Համաձայն ՀՀ օրենսդրության՝ գազային զենք պահելու և կրելու անժամկետ թույլտվություն կարող է ստանալ ցանկացած ֆիզիկական անձ, որը նախապես ստացել է զենքի ձեռքբերման թույլտվություն:
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ.
Թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել զենքի ձեռքբերման թույլտվության ձևաթուղթը, որի վրա զենքի առևտուր իրականացնող իրավաբանական անձի կողմից կատարված են համապատասխան նշումներ՝ զենքի տեսակի, մոդելի և տրամաչափի վերաբերյալ:
Ինչպե՞ս է ընթանում գործընթացը.
Թույլտվության ստացման գործընթացը ներառում է հետևյալ քայլերը՝
- զենքի ձեռքբերման թույլտվության ստացում,
- զենքի գնում լիցենզավորված վաճառողից, որը համապատասխան նշումներ է կատարում ձեռքբերման թույլտվության ձևաթղթի վրա,
- պետական տուրքի վճարում,
- փաստաթղթերի ներկայացում ոստիկանություն,
- ոստիկանության կողմից անժամկետ թույլտվության տրամադրում։
Կարևոր է նկատի ունենալ, որ թույլտվությունը մերժվում է, եթե ձեռքբերման թույլտվության օրվանից անցել է 6 ամիս, և այդ ընթացքում զենք ձեռք չի բերվել:
Պահանջվո՞ւմ է արդյոք վճարում.
Այո, գազային զենք պահելու և կրելու անժամկետ թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է վճարել պետական տուրք՝ բազային տուրքի ութապատիկի չափով (8000 ՀՀ դրամ): Վճարումը կարող է կատարվել բանկերի, Հայփոստի, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով, որից հետո անհրաժեշտ է ներկայացնել վճարման անդորրագիրը:
Իրավական հիմքերը.
Գազային զենք պահելու և կրելու թույլտվության տրամադրումը կարգավորվում է հետևյալ նորմատիվ ակտերով՝
- «Պետական տուքի մասին» ՀՀ օրենք,
- ՀՀ քաղաքացիական օրենսգիրք,
- ՀՀ քրեական օրենսգիրք,
- ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք,
- «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենք,
- 2023 թվականի ապրիլի 13-ի թիվ 505-Ն ՀՀ կառավարության որոշում՝ «Զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը սահմանելու մասին»
- 2023 թվականի մայիսի 11-ի թիվ 4-Ն ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրաման,
- 2023 թվականի հունիսի 1-ի թիվ 896-Ն ՀՀ կառավարության որոշում՝ զենքը պահելու պայմաններին և կրելու կարգին վերաբերող պահանջների մասին,
- 2023 թվականի օգոստոսի 28-ի թիվ 3-Ն ՀՀ ներքին գործերի նախարարի հրաման։
Ի՞նչ անել մերժման դեպքում.
Թույլտվություն ստանալու դիմումը մերժելու որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել հեռախոսով՝ +(374)10 596 147 կամ էլ. փոստով՝ [email protected]: