Անշարժ գույքի հարկի նվազեցման արտոնություն՝ Երևանում ավարտական ակտ չստացած բազմաբնակարաններին

Այսօր՝ սեպտեմբերի 9֊ին Երևանի ավագանին սկսեց 5-րդ նստաշրջանի աշխատանքները։

Երևանի վարչական տարածքում գտնվող ավարտական ակտ չստացած բազմաբնակարան շենքերի նկատմամբ հաշվարկված անշարժ գույքի հարկի գծով սահմանվեց 2023թ.-ից մինչև 2025թ. ներառյալ հաշվարկված և չվճարված անշարժ գույքի հարկի նվազեցման արտոնություն:

Միևնույն ժամանակ՝ ավագանու որոշմամբ նշված շենքերի կառուցապատողներն ազատվել են նույն ժամանակահատվածի համար սահմանված կարգով հաշվարկված և չվճարված տույժերից:

Որոշման հիմքում հաշվի են առնվել կառուցապատման շուկայում խորացող խնդիրները, որոնք լուրջ մարտահրավերներ են ստեղծում ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացում, սնանկությունների և ձախողումների առավել ռիսկայնությունը, ինչպես նաև հազարավոր ընտանիքների իրենց խոստացված բնակարանները ստանալու կարևորությունը: Մանրամասները հղմամբ։

Սահմանված ժամկետներում շինարարությունն ավարտելը բխում է համայնքի և պետության շահերից, շինարարության օբյեկտների և դրանց հարակից տարածքների բնակչության իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունից:

Գործող օրենսդրությամբ նախատեսված են ընթացակարգեր և օրենսդրական մեխանիզմներ՝ լծակներ, որոնք ուղղված են կառուցապատողների կողմից շինարարությունը սահմանված ժամկետում ավարտին հասցնելուն: Գործնականում տարբեր սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով պայմանավորված ավարտական ակտի տրամադրումը հնարավոր չի լինում ապահովել սահմանված ժամկետներում, ինչը կառուցապատողների համար առաջացնում է բացասական հետևանքներ՝ նոր տուրքերի վճարում, տուգանքներ և այլն:

Հաշվի առնելով առաջացող խնդիրները՝ Երևանի ավագանու որոշմամբ սահմանվել է արտոնություն՝ 2025թ.  տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ:

Iravaban.net-ը Երևանի քաղաքապետարանից տեղեկացել է, որ արտոնությունը կկիրառվի այն դեպքում, եթե դիմումատուն, իրավաբանական անձի դեպքում՝ նաև գործադիրի ղեկավարը, թույլտվության ժամկետի օրվա դրությամբ Երևան համայնքի հանդեպ չունի ժամկետանց դրամական պարտավորություններ, և կա ավարտված շինարարական օբյեկտն ընդունող հանձնաժողովի անդամների առնվազն կեսի ստորագրությունը: Մանրամասները՝ այստեղ։

Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի հոկտեմբերի 23-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել