Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և Առողջապահության նախարար (ԱՆ) Անահիտ Ավանեսյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ներկա են գտնվել ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի 95 լրակազմ ունեցող նոր հաստատության բացման արարողությանը։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ Արդարադատության նախարարությունից։
Սրբուհի Գալյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է անազատության մեջ գտնվող անձանց համար նոր բժշկական հաստատության ստեղծման կարևորությունն ու անհրաժեշտությունը։ Նախարարի խոսքով՝ նոր բժշկական հաստատության ստեղծումն Արդարադատության նախարարության ռազմավարական խնդրի լուծումն է, որը ծառացած էր դեռ 2019 թվականից։ Սրբուհի Գալյանը նշել է, որ այս բժշկական հաստատությունը նոր հնարավորություն է՝ նոր որակի բժշկական ծառայություններ մատուցելու անազատության մեջ գտնվող անձանց համար։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ երկու գերատեսչությունների` Առողջապահության և Արդարադատության նախարարությունների համատեղ աշխատանքի շնորհիվ ազատազրկված քաղաքացիներին պատշաճ բուժծառայություններն արդեն հասանելի կլինեն հենց քրեակատարողական հիմնարկներում:
Հիմնարկում պահվող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժումը նախատեսվում է կազմակերպել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» մասնագիտական կենտրոնում:
Բացման միջոցառմանը ներկա են գտնվել նաև Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, ԱԺ պատգամավորներն ու Արմավիրի մարզի մարզպետը։
Լուսանկարը Արդարադատության նախարարության էջից։