Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Կամազ» և «Գազել» մակնիշի ավտոմեքենաների վթարի գործով դատական նիստը, ցուցմունքներ տվեցին նախորդ դատական նիստին բացակա վկաներից ոմանք:
Մինչև նիստի սկսվելը նիստերի դահլիճում գտնվող վկա Հովհաննես Հարությունյանը մոտեցավ ամբաստանյալի պաշտպան Լիանա Բալյանին, ով վերջինիս տրամադրեց քրեական գործով կազմված մեղադրական եզրակացությունը: Հ. Հարությունյանը ծանոթացավ դրան: Այդ պահին պետական մեղադրող, դատախազ Ա. Ավետիսյանը նկատելով դա, դիմեց պաշտպանին նկատողությամբ, որ վերջինս իրավունք չունի մեղադրական եզրակացությունը կամ այլ փաստաթուղթ տրամադրելու որևէ մեկին: Պաշտպան Լ. Բալյանը հորդորեց դատախազին իր հետ բարձր ու կոպիտ տոնով չխոսել, հավելեց. «Եթե այդքան օրինապահ եք, ինչո±ւ դատական նիտերին դատախազի համազգեստով չեք գալիս»: Դատախազը պատասխանեց, որ դա պաշտպանին չի վերաբերում ու հարցն այդքանով փակվեց:
Նիստը սկսելուց հետո դահլիճ հրավիրվեց վկա Ալբերտ Շահնազարյանը, ով գտնվել է «Գազել» միկրոավտոբուսում: Մինչ դատարանը վերջինիս կնախազգուշացներ վկայի ցուցմունք տալու իրավունքների ու պարտականությունների մասին, Ա. Շահնազարյանը դատարանին դիմեց հարցով. «Ինչո±ւ եմ ես որպես վկա հրավիրվել»: Չնայած դատարանին հարց տալու իրավունք քրեադատավարական նորմերով նախատեսված չէ, սակայն դատարանը պատասխանեց տրված հարցին, որ վթարին ականատես լինելով, այդ մասին կարող է դատարանին տվյալներ տրամադրել: Ա. Շահնազարյանը նշեց, որ միկրոավտոբուսի շարժվելուց ի վեր քնել է ու դեպքի մասին տեղեկացել է լրատվամիջոցներից: Բախում չի զգացել, բայց ուշաթափվել է ու արթնացել է ծխի հոտից, տեսել, որ ընկած է «Գազելի» սրահի մեջտեղում, դուրս է եկել ու պատական մեքենայով գնացել Գյումրի: Դատախազի հարցին, թե միկրոավտոբուսն այրվում էր ուշքի գալու պահին, Ալբերտն ասաց՝ ոչ: Դատախազը միջնորդեց հրապարակել նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, քանի որ դրանցում կան էական տարբերություն: Միջնորդությունը բավարարվեց: Նախաքննության ընթացքում տված ցուցմունքի համաձայն Ալբերտն ասել էր, որ «Գազելն» այրվում էր, երբ ես ուշքի եկա: Թե ինչու է տարբեր ցուցմունքներ տվել, Ալբերը պատասխանեց, որ ցումունքը տվել է դեպքից 2 օր անց, երբ գտնվել է շոկային վիճակում: Իսկ պաշտպան Բալյանի հարցին, թե ինչու ցուցմունքն անձամբ չի գրել, պատասխանեց, որ այդ վիճակում չէր կարող 2 թերթ ցուցմունք գրել:
Վկա Հովհաննես Հարությունյանը, ով հանդիսանում է «Իմէքս Գրուպ» ՍՊԸ-ի տրանսպորտի բաժնի տնօրենը, դեպքի օրը 19:30-ի սահմաններում վթարի մասին իմացել է Մանվել Վարդանյանից ու շտապել դեպքի վայր, ուր հասել է 21:30-22:00-ի սահմաններում: Այդ պահին Մ. Վարդանյանն արդեն այնտեղ չի եղել: Տեսել է զարհուրելի տեսարան: Չնայած մեքենաների դասավորվածությանը՝ նա այդպես էլ չի հասկացել բախման անկյունը որն է, որտեղ է տեղի ունեցել բախումը: Ըստ քննիչների կողմից մատնացույց արված տեղից «Կամազ» ավտոմեքենան գտնվել է 50-55 մետր հեռու, իսկ «Գազելը» 20-25 մետր հեռու: Նա հայտարարեց, որ նման դեպքերում կարծում է, որ երկու վարորդներն էլ հավասարապես են մեղավոր, քանի որ յուրաքանչյուրը պետք է վարի այնպես, որ վթարը կանխելու հնարավորություն ունենա: «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը խախտել է «Կանգ» նշանի պահանջը ու մտել է խաչմերուկ: Սակայն նույնիսկ կանգնելու պարագայում նա որևէ բան չէր տեսնի, քանի որ խաչմերուկի ձախակողմյան կառույցի պատճառով տեսադաշտը փակ է: Նշեց նաև, որ «Կամազ» ավտոմեքենան չի կարող շատ արագ երթևեկել ծանր բեռի պատճառով: Մաքսիմում արագությունը կարող է լինել 70-80կմ/ժ 8 տոննա ծանրաբեռնվածության դեպքում: Իսկ տեսնելով «Կամազին» հասցված վնասը գտնում է, որ «Գազել» մակնիշի ավտոմեքենան շատ արա է վարել մոտ 100-110կմ/ժ, քանի որ նա չի հասցրել արգելակել, հետքեր առկա չեն, վնասվածք է ստացել նաև «Գազելի» տանիքը: Ինչ մնում է այրվելուն, կարծում է, որ դա եղել է գազի արտահոսք, քանի որ «Կամազ» ավտոմեքենան փայտից է, ու դժվար թե նման պայմաններում թեկուզ մեկ կայծ չթռներ դրա վրա: Դեպքի մանրամասն ու ելակտային հարցերին հստակ պատասխանելուց հետո, մեղադրողը ճշտեց, թե վերջինս ինչ կրթություն ունի: Հ. Հարությունյանը ասաց, որ 2004-2009թթ. աշխատել է Հայաստանի Պետակն Ճարտարագիտական Համալսարանում տրանսպորտի բաժնում, հանդիսանում է գիտությունների թեկնածու, դոցենտ: Նշված կրթությունն ու աշխատանքային ստաժը բավարար հիմք են տալիս եղրահանգումներ անելու դեպքի պատճառների ու մեղավորների մասին: Արտահայտած միտքը հանգեցրեց մեղադրողի ու ներկա տուժող իրավահաջորդների բարկությանը: Հ. Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ բոլոր տուժողներին, բացառությամբ Հասմիկ Հովհաննիսյանի, ՍՊԸ-ն տվել է որոշակի դրամական փոխհատուցում՝ չնշելով հստակ քանակը:
Հաջորդը հարցաքննվեց վկա Ալինա Ալոյանը, ով որպես ուղևոր «Գազել»-ից իջել է մինչև վթարը: Պաշտպան Լ. Բալյանը միջնորդեց դատակոչել որպես վկա հարցաքննված «Տրանս Ակնթարթ» ՍՊԸ տնօրեն Անհիտ Խալաթյանին, քանի որ վերջինիս ցուցմունքներում բացերը շատ են: Միջնորդությունը բավարարվեց:
Մյուս վկաների բացակայության պատճառաբանությամբ որոշվեց նիստը հետաձգել մինչև 2015թ. հուլիսի 02-ը: