Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ օգոստոսի 31-ին, դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, կայացավ ճարտարապետ, Ստեփանավան քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետ, Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով դատական նիստը։
Նրա ներկայացուցիչ Ալեքսանդր Կոչուբաևի խոսքով՝ նիստին պետք է ներկա լիներ նաև Վահագն Վերմիշյանը։ Iravaban.net-ին փաստաբանը հայտնեց, որ Վահագն Վերմիշյանի ներկայությունը դատարանում ապահովելու համար դատարանը չպետք է դիմեր Քրեակատարողական հիմնարկ և Արդարադատության նախարարին, այլ՝ ՀՀ ոտիկանության ուղեկցող գումարտակին։
«Եթե անգամ այդ գրությունը հասել է ՔԿՀ միևնույն է՝ նրանք չէին կարողանալու ապահովել Վերմիշյանի ուղեկցումը, որովհետև, այս առումով, իրավասու մարմին է ուղեկցող գումարտակը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այդպիսով դատարանի կողմից խախտում է թույլ տրվել։
Հաշվի առնելով այն փաստը, որ Վահագն Վերմիշյանի ներկայությունը դատական նիստին չէր ապահովվել, Ալեքսանդր Կոչուբաևը դատարանին միջնորդեց նիստը հետաձգել։
«Քանի որ Վահագն Վերմիշյանին տեսակցությունները սահմանափակված են, միայն մերձավոր ազգականներն են կարող նրան տեսակցել, ստացվում է, որ ես պատրաստ չեմ, որովհետև չեմ խորհրդակցել Վահագն Վերմիշյանի հետ։ Երբ մենք ստացել ենք վերջնական հայցադիմումը, այդ պահից սկսած, քանի որ առաջին ատյանի գործի քննությունն ավարտված է եղել, ես ֆիզիկապես Վահագն Վերմիշյանին տեսնելու հնարավորություն չունեմ։ Դատավարական կազուս է ստեղծվել, առաջին ատյանում իր մյուս քրեական գործի քննությունն ավարտվել է, վերքաքննիչն էլ վարույթ չի ընդունել, այսինքն այս պահին չունենք վարույթն իրականացնող մարմին։ Նշեմ, որ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում երևում է, որ բողոքարկվել է, այսինքն քննության էտապ է լինելու, դա կնշանակի, որ գործի քննության այդ փուլում ես ձեռք կբերեմ իմ պաշտպանի կարգավիճակը, քանի որ նաև պայմանագրի խնդիր կար, պետք է ժամկետ երկարացվեր, եթե ես պաշտպանի կարգավիճակս պահպանեմ արդեն քրեական վարույթի շրջանակներում՝ կարող եմ մուտք գործել այս քաղաքացիական գործի մանրամասները քննարկելու, բայց այս պահին, հարգելի դատարան, Վահագն Վերմիշյանը նիստերի դահլիճում չէ։ Մենք ֆորմալ առումով լիազորված ենք, բայց իր հետ չենք խորհրդակցել և նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ դատական նիստին որոշում էր կայացվել՝ ապահովել Վահագն Վերմիշյանի ներկայությունը, հաշվի առնելով գործի քննության առանձնահատկությունը մենք այստեղ ներկա ենք, որպեսզի իրավաբանական մասն ապահովենք՝ հայցի առարկայի հիմքի դատավարական մասը, բայց այս գումարների ծագման օրինականությունը Վահագն Վերմիշյանից բացի ոչ ոք չի կարող պատճառաբանել կամ փաստարկել»,-ասաց փաստաբանը։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նաիրա Արտաշեսյանն ասաց, որ միջնորդության վերաբերյալ մեկ հարց ունի։
«Հայցադիմումը փաստացի ստանալուց հետո որքա՞ն ժամանակ եք ունեցել և արդյո՞ք այդ ժամանակահատվածում հնարավոր չի եղել տեսակցելու Վահագն Վերմիշյանին և քննարկելու հայցադիմումի հայցի հիմքում ընկած փաստական հանգամանքները»,-նշեց նա։
Ալեքսանդր Կուչուբաևն ասաց, որ իրենք չեն կարողացել տեսակցել Վահագն Վերմիշյանին, կրկին ընդգծելով, որ նրան կարող են տեսակցել միայն ազգականները։
Դատախազ Նաիրա Արտաշեսյանը հայտնեց, որ առարկություն չունեն, որպեսզի հետաձգվի դատական նիստը։
Սակայն դատարանը հայտարարեց, որ նիստը կարող են լսել հայցի հիմքի առարկայի մասին, որից հետո նոր հետաձգեն դատական նիստը։
Ալեքսանդր Կոչուբաևն ասաց, որ չի առարկում, այն պայմանով, որ Վահագն Վերմիշյանի ներկայությամբ ևս կրկնվի դատավարական այս գործողությունը․ «Նպատակահարմարության տեսանկյունից, կարծում եմ, ավելի ճիշտ կլինի, եթե Վերմիշյանը ներկա լինի»։
Դատավոր Կարապետ Բադալյանը հայտնեց, որ իրենք գրություններ են ուղարկել համապատասխան մարմիններին, որպեսզի ապահովվի Վահագն Վերմիշյանի ներկայությունը։
Նա հայտարարեց, որ կան բավարար հիմքեր, որպեսզի շարունակվի գործի քննությունը և մերժեց փաստաբանի միջնորդությունը։
Դատախազը ներկայացրեց հայցի հիմքը և առարկան։
«Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Վահագն Վերմիշյանի, Մարգարիտ Վերմիշյանի և Սուսաննա Վերմիշյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ։ Դատախազությունը պահանջում է Վահագն Վանիկի Վերմիշյանից և Սուսաննա Վահագնի Վերմիշյանից հոգուտ ՀՀ-ի բռնագանձել Երևանում մեկ բնակարանն ամբողջությամբ կամ անհնարինության դեպքում շուկայական արժեքն ամբողջությամբ։ Լոռիում գտնվող հողամասն ամբողջությամբ կամ անհնարինության դեպքում շուկայական արժեքն ամբողջությամբ, ևս մեկ հողատարածք Լոռիում։ Սուսաննա Վերմիշյանից բռնագանձել Երևանում մեկ բնակարան»,-նշեց դատախազը։
Դատավորը՝ դիմելով փաստաբանին ասաց՝ կարող է հարցեր տալ, սակայն փաստաբանը նշեց, որ հարցեր ունի, բայց որպեսզի կարողանա իրապես ներկայացնել Վահագն Վերմիշյանի շահերը, պետք է նախ տեղյակ լինի վերջինիս կամքին, բայց, քանի որ հնարավորություն չի ունեցել հանդիպել նրա հետ, դեռևս չի կարող հարցեր տալ։
«Հարգելի դատարան, դա խնդիր է, եթե ես հիմա հարց տամ, ես չգիտեմ իմ վստահորդը կցանկանա, որ իմ հարցը լինի, թե ոչ։ Ես նրա հետ այս գործընթացի վերաբերյալ քննարկում չեմ ունեցել։ Այստեղ պետք է լիներ գույքի սեփականատերը: Այս հայցադիմումի պատասխանը Վահագն Վերմիշյանը չի տեսել, ես չգիտեմ՝ իմ վստահորդը այս ամենի հետ համաձայն է, թե ոչ»,-ասաց փաստաբանը։
Դատավոր Կարապետ Բադալյանը նշեց, որ եթե նա այս պահին հարցեր չտա, ապա կզրկվի հաջորդ նիստին հարցեր տալու հնարավորությունից։
«Հայտարարեցիք, որ հարցեր ունեք, բայց չեք տալիս, ես ձեզ զգուշացնում եմ, որ եթե պարոն Վերմիշյանը ներկայանա դատարան իրեն հարցեր տալու հնարավորություն կտրվի, բայց դուք, քանի որ չեք օգտվում ձեր հարցեր տալու հնարավորությունից, սպառվում է Ձեզ համար այդ իրավունքը, ես Ձեզ դա պարզապես տեղեկացնում եմ»,-ասաց դատավորը։
Փաստաբան Կոչուբաևն հայտարարեց, որ որոշումը իր «կապրիզը» չէ, նա պարզապես չի կարող առանց իր վստահորդի հետ խորհրդակցելու հարցեր տալ, քանի որ այդ հարցերի նպատակահարմարությունը կարող է որոշել միայն Վահագն Վերմիշյանի հետ։
Դատարանում ներկա էր նաև Սուսաննա և Մարգարիտ Վերմիշյանների ներկայացուցիչ Հովհաննես Բայանդուրյանը։ Նա ևս ասաց, որ հստակ է՝ գործը վերաբերում է Վահագն Վերմիշյանի գույքին, և որքան էլ նա լինի Սուսաննա և Մարգարիտ Վերմիշյանների ներկայացուցիչը, միևնույնն է՝ պետք է խորհրդակցել Վահագն Վերմիշյանի հետ։
«Վահագն Վերմիշյանի հետ խորհրդակցելուց հետո հնարավորություն կունենանք պատշաճ կերպով հարցեր ուղղել հայցվոր կողմին։ Հայտնում եմ, որ առկա է անհրաժեշտություն՝ խորհրդակցելու գործով անցնող հիմնական սյուբեկտի՝ Վահագն Վերմիշյանի հետ։ Նաև հնարավորություն չի եղել, որ ծանոթանամ հայցադիմումին, քանի որ այն ստացել եմ երեկ»,-ասաց Հովհաննես Բայանդուրյանը։
Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց սեպտեմբերի 26-ին ժամը 10։00-ին։ Սակայն, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, նիստի նշանակման ժամի հետ կապված խնդիր նշեց՝ հայտնելով, որ այդ ժամին ուղեկցող գումարտակը ֆիզիկապես չի կարող իրականացնել ուղեկցումը, որովհետև ուղեկցումները սկսվում են 10։00-ից։
Դատարանը փաստաբանի փաստարկը հաշվի չառավ և չփոխեց նիստի ժամը։
Ալեքսանդր Կոչուբաևը Iravaban.net-ի հետ զրույցում ասաց, որ այս դատավարությունն արդեն իսկ սկսվեց Վահագն Վերմիշյանի առանցքային իրավունքի խախտմամբ՝ լսված լինելու իրավունքի և դատարանի առջև կանգնած լինելու իրավունքի խախտումներով։
«Այն որ, դատարանը, դատախազությունը, ոստիկանությունը չեն կողմնորոշվում, թե իրավական ինչպիսի ընթացակարգով պետք է ապահովեն Վահագն Վերմիշյանի ներկայությունը ամենևին չի նշանակում, որ չի ոտնահարվում այդ իրավունքները։ Դատարանի և հայցվորի կողմից ավելորդ շտապողականությունը համարում ենք ոչ ողջամիտ, որովհետև մենք ինչ ենք խնդրում՝ նվազագույնը՝ լսված լինելու իրավունք։ Ես հայցադիմումը ստացել եմ և տեսել եմ, որ ապօրինի է համարվել Վահագն Վերմիշյանի տատիկից ժառանգություն ստացված գույքը։ Սա ոչ միայն չի կարող դիտարկվել իրավական հարթությունում, այլ նաև անհեթեթ է, չի կարող ժառանգություն ստացած գույքը ծագումով լինել ապօրինի։ Ես հայտնեցի, որ հնարավոր չէ ժամը 10-ին ապահովել Վահագն Վերմիշյանի ներկայությունը, բայց դա էլ չկաշկանդեց դատարանին։ Մենք մյուս նիստին կրկին պետք է ներկայանանք առանց Վահագն Վերմիշյանի և կրկին այս իրավունքի խախտումով։ Դատավորը հանգել է, որ Քրեկատարողական հիմնարկ հարցում կատարելը պատշաճ է, մինչդեռ կալանավորին ուղեկցողը ոչ թե քրեակատարողական ծառայությունն է, այլ ուղեկցող գումարտակն է և պետք էր դիմել այնտեղ։
Մենք ի սկզբանե պատրաստ էինք, որ նիստը կընթանա նման աղաղակող կոպիտ խախտումներով։ Ի վերջո, հայցվորին հետաքրքի՞ր չէ, թե ինչպես է Վահագն Վերմիշյանը կապիտալ ձեռք բերել Հայաստանի Հանրապետությունում։ Նախագահողին հետաքրքի՞ր չէ, թե ինչպիսի միջոցներով են ձեռք բերվել հայաստանյան կապիտալները»,-ասաց նա։
Փաստաբանը նշեց, որ չհասկացավ դատավորի մոտեցումը։
«Ծայրահեղացված մոտեցում էր՝ «կամ այս նիստին հարցեր տվեք կամ հարցեր մի տվեք», փաստացի նաև զրկեց հարցեր տալու իրավունքից, ինչը, իմ գնահատմամբ, ևս ապօրինի է»,-ասաց Ալեքսանդր Կոչուբաևը։
Նա ընդգծեց, որ 2018 թվականի իրադարձություններից հետո Վահագն Վերմիշյանն առաջին քաղբանտարկյալն է։
«Մենք տեսնում ենք, որ ոչ իրավաչափ է կալանավորումը, երևի ճիշտ կլինի ասել, որ դա ոչ թե կալանք է, այլ պատանդառություն՝ սեփական երկրում»,-ասաց Ալեքսանդր Կոչուբաևը։
Հասմիկ Սարգսյան