Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր՝ հոկտեմբերի 4-ին, տեղի ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ, այժմ Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Մարգարյանի և նրա ընտանիքի անդամների ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի և դրամական միջոցների բռնագանձման գործով դատական նիստը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ պատասխանողների 5 ներկայացուցիչներից 4-ը դեմ արտահայտվեցին դատական նիստը տեսանկահանելուն և լուսանկարահանելուն։ Միայն Տարոն Մարգարյանի ներկայացուցիչ Բենիկ Գալստյանը նշեց, որ ինքը կողմ է նիստը հեռարձակելուն, որով կապահովվի հրապարակայնության սկզբունքի ամենաբարձր շեմը՝ հաշվի առնելով իր վստահորդի անձը, քաղաքական գործիչ հանդիսանալու հանգամանքը։
Նախագահող դատավոր Կարապետ Բադալյանը բավարարեց լրագրողների միջնորդությունները՝ նշելով, որ դատարանը դեռևս գործի քննության այն փուլում չի գտնվում, որպեսզի հետազոտի կոնկրետ ապացույցներ, որոնք էլ կարող են օրենքով պաշտպանված տվյալներ պարունակել․ «Նման տեղեկությունների պաշտպանության համար փաստաբանների միջնորդությամբ կամ դատարանը, սեփական նախաձեռնությամբ, քայլեր անպայման կձեռնարկի»։
Տարոն Մարգարյանի մոր՝ Սուսաննա Մարգարյանի ներկայացուցիչ Տիրան Աբգարյանը դատարանին հայտնեց, որ միջնորդություն է ուզում ներկայացնել գործի քննությունը հետաձգելու հետ կապված, քանի որ այս տարվա հունվարի 27-ին ծանոթացել է գործով հայցադիմումին, կրիչով կցված ապացույցներին։ Դրանից հետո էլ նրանց կողմից ներկայացվել է հայցադիմումի «ոչ ամբողջական» պատասխան։ Այնուհետև azdarar.am-ից տեղեկացել է, որ այսօր գործով նիստ է նշանակվել։
«Մինչ օրս ո՛չ իմ, ո՛չ Սուսաննա Մարգարյանի կողմից չի ստացվել որևէ ծանուցում այս քաղաքացիական գործով կայանալիք նիստերի վերաբերյալ։ Բացի այդ, իմ վստահորդը տեղյակ չի եղել այս գործի ընթացքի վերաբերյալ»,-ասաց փաստաբանը՝ նշելով՝ պարզել է նաև, որ իր վստահորդի վերաբերյալ azdarar.am կայքում այլ ծանուցումներ տեղադրված չեն։
Տիրան Աբգարյանի պնդմամբ՝ Սուսաննա Մարգարյանը չի կարող համարվել դատական նիստին բավարար և անհրաժեշտ չափով պատրաստված։ Այդ հիմքով փաստաբանը միջնորդեց հետաձգել նիստը՝ գործի նյութերին ծանոթանալու համար։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման գործերով վարչության դատախազ Ռուզաննա Խուդավերդյանը նշեց, որ միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ և՛ դատախազությունը, և՛ դատարանը նյութերը, միջնորդությունները, գրություններն ուղարկել է Սուսաննա Մարգարյանի հաշվառման հասցեով․ «Մենք այդ ծանուցումները հետ ենք ստացել «չպահանջված» նշումով։ Ինչ վերաբերում է azdarar.am-ին, կայքում կոնկրետ ժամկետով է ծանուցումը մնում։ Եթե հունվարից հետո Դուք մեկ անգամ եք տեսել, դա դեռ չի նշանակում, որ կայքում որևէ այլ ծանուցում չի եղել։ Պարբերաբար չեք նայել, դրա համար էլ տեսել եք հոկտեմբերի 4-ինը»։
Դատախազն ընդգծեց, որ Սուսաննա Մարգարյանի և իր ներկայացուցչի պարտականությունն է հետևելու, թե ինչ է կատարվում այդ գործի ընթացքում․ «Եթե ինքը տեղյակ է, որ կա դատական գործ, կես տարի հետո ներկայանալ դատական նիստին ու ասել՝ մենք տեղյակ չենք եղել, ընդունելի չէ»։
Մյուս պատասխանողների ներկայացուցիչները միացան միջնորդությանը։ Դատավորը որոշեց միջնորդությունը մերժել․ «Դատարանն այս գործով բազմիցս հանդիպել է փաստաբանների կողմից իրենց իրավունքներից անբարեխիղճ օգտվելու հանգամանքների և սա էլ բացառություն չէ»։
Կարապետ Բադալյանը նիստերի դահլիճում ներկայացրեց գործի ժամանակագրությունը։ Ծանուցումներն ուղարկվել են Սուսաննա Մարգարյանի նշած հասցեին, որով ավելի վաղ պատասխանողը ծանուցումներ ստացել է։
«Քանի որ նախորդ դատական նիստերում այս հարցը բազմաթիվ անգամ քննարկվել է, չեմ զլանում և մեկ անգամ Ձեզ համար պարզաբանել․Դուք, լինելով փաստաբան, Քաղաքացիական օրենսգիրքը Ձեզ պարտավորեցնում է ինքներդ ջանք գործադրեք և գործի մասին տեղեկանաք։ Եթե պաշտոնական կայքէջում տեղեկություն չկա, Դուք պարտավոր եք գրավոր դիմել դատարանին՝ խնդրել, պահանջել, իմանալ, թե երբ է նշանակվում դատական նիստը»,-նշեց նախագահողը՝ հավելելով, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն՝ դատավարության մասնակիցը պարտավոր է դատարանին հայտնել գործի քննության ընթացքում իր հասցեի, էլեկտրոնային փոստի կամ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին։
Նման հաղորդման բացակայության դեպքում ծանուցագիրն ուղարկվում է այն հասցեով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով, որով դատավարության մասնակիցը վերջին անգամ ծանուցվել է, և համարվում է հանձնված, թեկուզև հասցեատերն այն փաստացի չի ստացել։
Կարապետ Բադալյանը նշեց, որ տեղի ունեցողը փաստաբանի կողմից իր իրավունքներից անբարեխիղճ օգտվելու վկայություն է և ուղղված է գործի քննությունը խափանելուն․ «Նման վարքագիծը շարունակելու դեպքում դատարանը համապատասխան դատական սանկցիաներ կկիրառի»։
Դատավորի այս հայտարարությունից հետո Տիրան Աբգարյանը հայտարարեց, որ ևս մեկ միջնորդություն է ուզում ներկայացնել հայցն առանց քննության թողնելու վերաբերյալ։ Փաստաբանն արդեն սկսել էլ ներկայացնել միջնորդությունը, երբ Կարապետ Բադալյանն ընդհատեց նրան ու խնդրեց ներկայացնել փաստարկները․ «Դուք օրենքներ եք արտագրել, ընթերցում եք օրենքները։ Հաշվի առնելով դատական նիստը ձգձգելուն ուղղված Ձեր վարքագիծը, կարիք չկա օրենքները կարդալ։ Դուք 3 էջ առնվազ օրենքներ եք արտագրել ու կարդում եք, ՍԴ-ի որոշում եք ավելացրել։ Դատարանին այդ ամեն ինչը հայտնի է, Դուք ներկայացրեք Ձեր փաստարկները»։
-Հարգելի դատարան, իմ միջնորդությունը բաղկացած է իրավական և փաստական հիմքերից,-ասաց փաստաբանը։
-Հիմա ասում եմ, որ ներկայացնեք Ձեր փաստարկները, որոնք վերաբերում են հայցն առանց քննության թողնելու հարցին։ Դուք կարող եք բերել օրենսգիրքն ու ամբողջությամբ կարդալ։ Դատարանն է որոշում դատավարական գործողությունների իրականացման կարգը։ Հիմա ես Ձեզ համար սահմանում եմ միջնորդության ներկայացման կարգ,-պատասխանեց դատավորը։
-Հարգելի դատարան, Դուք ինձ ստիպում եք իմ միջնորդությունը մասամբ ներկայացնել։
-Ես սահմանել եմ դատավարական գործողության իրականացման կարգ։ Իրավական հիմքերն ընթերցելու կարիք չկա։ Արտագրել ու գալ․․․ դատարանում այդ ամենը կարդալու կարիք չկա։ Դատարանը գիտի օրենքը։
-Ինձ ստիպում եք կարդամ ընդամենը մի մասը միջնորդությա՞ն։
-Այո, ես դատավարական գործողության իրականացման կարգ եմ սահմանել և այո, Դուք հարկադրված եք ենթարկվել դատարանի կարգադրություններին։
Տիրան Աբգարյանը մի քանի անգամ պնդեց․ պետք է միջնորդությունն ամբողջությամբ հրապարակի։ Դրան արձագանքելով Կարապետ Բադալյանը հայտարարեց, որ դատարանի մոտ տպավորություն է ստեղծվում, որ միջնորդության ներկայացումն ինքնանպատակ է․ «Վերջին անգամ եմ Ձեզ այդ հնարավորությունը տալիս (փաստաբանը փորձում էր հակադարձել)։ Մի՛ խոսեք ինձ զուգահեռ»։
Այնուհետև Սուսաննա Մարգարյանի ներկայացուցիչը խնդրեց նշել, թե որ մասում են իր միջնորդության փաստական հիմքերը, որը նա պետք է ներկայացնի դատարանին։
«Եթե միջնորդությունը ներկայացվում է իրավունքի չարաշահմամբ, նպատակը գործի քննությունը խափանելն ու ձգձգելն է, ապա դատարանը կարող է մերժել այն։ Քանի որ դուք չեք ցանկանում ներկայացնել․․․(փաստաբանը փորձում էր հակադարձել): Ես որոշում եմ արդեն հրապարակում։ Քանի որ Դուք չեք ցանկանում ենթարկվել դատարանի կարգադրություններին․․․ խոսում եք դատարանին զուգահեռ, չեք ներկայացնում Ձեր միջնորդությունը»,-ասաց դատավորը։ Փաստաբանն ընդհատեց նրան՝ նշելով, որ ցանկանում է ենթարկվել, սակայն չգիտի՝ ինչպես․ «Փորձեմ, եթե չեմ սխալվի, չեմ կտրի միջնորդության տրամաբանությունը»։
Այս խոսքերին արձագանքելով՝ դատավորը նշեց, որ դա փաստաբանի մասնագիտական ունակություններից է կախված։
Տիրան Աբգարյանի խոսքով՝ օրենսդրության համաձայն՝ հայցը հարուցողը Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման գործերով վարչությունն է, որի անունից հանդես գալու իրավունք ունի միայն վարչության ղեկավարը և ոչ դատախազը։
«Հայցադիմումը, այնուհետև գործով հայցի հիմքի և առարկայի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը ստորագրվել են ու ներկայացվել են վարչության դատախազ Խուդավերդյանի կողմից, ով չի հանդիսանում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանված պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը, չունի վերջինիս կամ ավելի բարձր պաշտոն զբաղեցնող անձի կողմից տրված լիազորագիր։ Այս գործը հարուցվել է նման լիազորություն չունեցող անձի կողմից»,-պնդեց փաստաբանը։
Դատախազ Ռուզաննա Խուդավերդյանն ի պատասխան նշեց, որ հայցը ներկայացվում է Գլխավոր դատախազության անունից՝ ի դեմս ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման գործերով վարչության, որն էլ հանդիսանում է իրավասու մարմինը․ «Իսկ ես, Գլխավոր դատախազի հրամանով, հանդիսանում եմ այդ վարչության դատախազ, հետևաբար, այստեղ որևէ խնդիր չկա, սահմանված չէ, որ պետք է վարչության պետի անունից ներկայացվի հայցադիմումը»։
Պատասխանողների մեկ այլ ներկայացուցիչ Ժենյա Մինասյանը դատարանին հայտնեց, որ իր միջնորդությունը ևս վերաբերում է հայցն առանց քննության թողնելուն, վերաբերում է դատախազի լիազորություններին, սակայն այլ հիմնավորումներով։ Փաստաբանի խոսքով՝ պետական մարմնի անունից հանդես գալու դեպքում մարմնի ներկայացուցիչը պետք է տրամադրի լիազորագիր, որը գործով դատախազը չի ներկայացրել։
Փաստաբանների այս միջնորդություններին միացան նաև պատասխանողների մյուս ներկայացուցիչները։ Այս 2 միջնորդությունները ևս մերժվեցին դատարանի կողմից։
Այնուհետև փաստաբաններից 2-ը նիստը հետաձգելու միջնորդությունների ներկայացրին։ Մեկն այլ գործով ծանրաբեռնված լինելուն էր վերաբերում, որը դատավորը մերժեց, իսկ մյուսի դեպքում խնդիրը կապված էր ներկայացուցչի մանկահասակ երեխայի առողջական վիճակին։ 2-րդ միջնորդությունը դատարանը բավարարեց։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 7-ին։
Մանրամասները՝ տեսանյութում
Եվգենյա Համբարձումյան