Դատավորը 28 օր առաջ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել․ «Մինչ օրս ինձ չեն հարցաքննել»

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ հունիսի 28-ին, շարունակվում էր դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատաքննությունը։

Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունները: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանին։

Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստի սկզբում նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը հայտնեց, որ դատարանը 2 դիմում է ստացել, 2-ն էլ Արուսյակ Ալեքսանյանի վերաբերյալ։ Առաջին դիմումով փաստաբան Լիանա Բրսոյանը թույլտվություն էր խնդրում ամբաստանյալին այցելելու համար, որը մեկ այլ գործով տուժողի դատավարական կարգավիճակ ունի․ «Լիանա Բրսոյանը հանդիսանում է իմ լիազոր ներկայացուցիչը, պնդում եմ դիմումը։ Խնդրում եմ թույլատրել փաստաբանի մուտքը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, որպեսզի վերջինս ցուցաբերի համապատասխան իրավաբանական օգնություն»։

Դատավորն այս դիմումը բավարարեց։ 2-րդ դիմումը ներկայացրել էր հենց ամբաստանյալը։ Նա հայցում էր դատարանից տեղեկություններ տրամադրել Վահե Դոլմազյանի վարույթում կալանավորական գործերի թվի, ժամանակացույցի վերաբերյալ։ Ամբաստանյալը կարծում է, որ նիստերն ավելի հաճախ պետք է նշանակվեն, և որ դատավորը կալանքի հարցը քննարկելու դեպքում ավելի հաճախ է նիստեր նշանակվում։ Դատավորը նշեց՝ դատարանն իր մոտ գտնվող գործերի ժամանակացույցի հետ կապված որևէ մեկին պարզաբանում տրամադրելու պարտավորությունը չունի․ «Նշված հարցի հետ կապված կարող եք դիմել Դատական դեպարտամենտ։ Բացի այդ, դատական նիստերը հիմնականում նշանակվում են դատական նիստերի դահլիճում դատավարության մասնակիցների հետ աշխատանքային ծանրաբեռնվածությունը քննարկելու արդյունքում»։

Արուսյակ Ալեքսանյանը հայտարարեց, որ դատարանը կալանքի հարցը քննարկելու ժամանակ ամենօրյա ռեժիմով նիստեր է նշանակում, իսկ կալանքը երկարաձգելու որոշումից հետո նիստերը 1 ամիս, 20 օր ինտերվալով են նշանակվում․ «Ասում եք՝ դատարանը պարզաբանելու պարտավորություն չունի։ Դատավորը ունի պարտավորություն, որովհետև պետական պաշտոնատար սուբյեկտ է և հաշվետու է քաղաքացիներին, նամանավանդ՝ մեղադրյալներին։ Կդիմենք դատական դեպարտամենտ»։

Նա նշեց նաև, որ դեռևս չի ստացել դատարանի հունիսի 14-ի որոշումը, որով Արուսյակ Ալեքսանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել էր 3 ամսով․ «Սա առաջին դեպքը չէ»։

Ամբաստանյալի խոսքով՝ դատավորը պարտավոր էր 3 օրվա ընթացքում որոշումը տրամադրել, որպեսզի վերջինս բողոքարկման հնարավորությունից չզրկվի։ Վահե Դոլմազյանը հայտնեց՝ որոշումը հունիսի 23-ին ուղարկվել է քրեակատարողական հիմնարկ։

Արուսյակ Ալեքսանյանը դատարանում հայտարարեց նաև, որ խիստ հրատապ հայտարարություն է ուզում անել։ Այն վերաբերում է նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ իր ներկայացրած հանցագործության մասին հաղորդմանը։ Հունիսի 1-ի դատական նիստի ժամանակ  նա նման տեղեկություն էր հայտնել․ «Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորներից մեկը, Սերգեյ Չիչոյանը, հանդիսանում է իմ ներքին դիտումների դրվագներից մեկով գլխավոր հերոսներից մեկը։ Նա զանգահարել էր ինձ և իր վրդովմունքն ու զայրույթն էր արտահայտում, քանի որ ես հայտնի գործերից մեկով ինչ-որ անձի չեմ կալանավորել։ Իհարկե, ներքին դիտման այդ դրվագը ԱԱԾ-ն չի տրամադրել ինձ։ Եթե Սերգեյ Չիչոյանը փոքր ինչ ազնիվ գտնվեր, ապա մեր կողմից ներկայացած բողոքներն ինտենսիվ ձևով մերժելու փոխարեն գոնե ինքնաբացարկ կհայտներ»։

Այսօր նա նշեց, որ այս 28 օրերի ընթացքում իր ներկայացրած հաղորդման ուղղությամբ ոչինչ չի արվել․ «Մինչ օրս որևէ քննիչ «Աբովյան» ՔԿՀ չի այցելել և դրա վերաբերյալ ինձ չի հարցաքննել»։

Դատավորը նշեց, որ հանրային մեղադրող Արմեն Գևորգյանը դատարանից խնդրել է իրեն տրամադրել այդ օրվա դատական նիստի ձայնագրության օրինակը՝ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու նպատակով։

Դատախազն ավելացրեց՝ այն փոխանցվել է նախաքննական մարմնին, բացի այդ՝ քննիչն ինքնուրույն է որոշում քննչական գործողությունների կատարման հաջորդականությունը։

Դատական նիստը բավականին կարճ տևեց, ամբաստանյալ Էրիկ Ալեքսանյանը մեկ այլ գործով ծանրաբեռնվածություն ուներ։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 7-ին։

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել