Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, այսօր՝ հունիսի 15-ին, շարունակվեց Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի, քաղաքի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանի և իրավաբանական բաժնի նախկին պետ Արևհատ Հովհաննիսյանի գործով դատական նիստը։
Մամիկոն Ալսանյանը մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Սուրեն Աբովյանն օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի կողմից պաշտոնական լիազորություններն անցնելուն և պաշտոնական կեղծիք կատարելուն:
Ըստ դատախազության՝ Արևհատ Հովհաննիսյանը ևս կատարել է նույնաբովանդակ արարք, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Ասլանյանը կալանքի տակ է շուրջ մեկուկես տարի։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստին հրավիրվել էր նաև Քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահ Նունե Պետրոսյանը՝ Վանաձոր համայնքի հատակագծի վերաբերյալ պարզաբանումներ տալու համար։ Մամիկոն Ասլանյանի պաշտպան Արտակ Ոսկանյանը, դիմելով հրավիրված փորձագետին՝ նշեց, որ վերջինիս դատական նիստերին հրավիրելու անհրաժեշտությունը առաջացել է կոնկրետ տարածքների նպատակային նշանակության վերաբերյալ տարակարծության պատճառով․ «Մամիկոն Ասլանյանին առաջադրված մեղադրանքում կոնկրետ նշված է, որ կոնկրետ այս հողամասը ունի այսինչ գործառնական նշանակությունը, պաշտպանական կողմն ասում է՝ չկա նման բան։ Դատարանը Ձեզ հրավիրել է, որպեսզի պարզի՝ դատախազն է ճիշտ ասում, թե պաշտպանական կողմը»։
Փաստաբանը նշեց, որ գործում կոնկրետ հասցեներ կան, որոնք վերջինս հրապարակեց դատարանում։ Դրանք թվով ինն էին։ Նա խնդրեց Նունե Պետրոսյանին հայտնել, թե նշված հասցեներից որն ինչ նպատակային և գործառնական նշանակություն ունի։ Քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահը նշեց, որ հանպատրաստից նման հարցերի պատասխան չի կարող տալ։ Դրա համար անհրաժեշտ է սխեմա, որի վրա նշված են տվյալ հասցեները։ Քարտեզի և սխեմայի վերլուծության արդյունքում էլ փորձագետը կարող է տալ հարցի պատասխանը։ Փաստաբանը պնդեց, որպեսզի Պետրոսյանը դատարանում պատասխանի հարցին։
«Այս պահին ինչու պետք է պատասխանեմ, երբ գլխավոր հատակագիծը․․․քաղաքաշինությունը հասցեավորում չի։ Դուք պրիմիտիվացրեցիք իմ մասնագիտությունը, դարձրեցիք պլինտուսից ներքև։ Քաղաքաշինարարը իր սենյակում չի աշխատում։ Շաբաթներով, ամիսները գնում է իր տնից հեռու և աշխատում է համայնքի հետ հենց նրա համար, որ օգտագործողը, եթե հարցեր ունի, տա դրանք»,-նշեց Քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահը՝ հավելելով, որ քաղաքաշինարարը հասցեի հետ, հասցեով չի աշխատում։
Հանրային մեղադրող Նարեկ Մովսիսյանը հետաքրքրվեց Նունե Պետրոսյանից, թե ինչպես է որոշվում այս կամ այն հասցեի նպատակային և գործառնական նշանակությունը։ Վերջինս նշեց, որ ինքը չգիտի․ «Գլխավոր հատակագիծը կազմելիս հասցեների պահանջ ներկայացված չէ։ Այն նախատեսված է համայնքի համապատասխան ստորաբաժանման կողմից անարգելք օգտագործելու համար։ Փաստաթղթի մշակման առաջին օրվանից մինչև վերջին օրը մանրամասն բացատրվում է։ Բոլորը դա տեսել են, հասկացել են։ 4 լսումների ընթացքում որևէ մեկը չի ասել, որ քարտեզից չի կարողանում օգտվել, որովհետև այնտեղ հասցեներ չկան։ Եթե չի կարողանում օգտվել, ինքը դրա մասին պետք է հայտնի լիազոր մարմնին։ 10 տարի չի հայտնում, կատարում է գործառույթներ և բազմաթիվ այլ փոփոխություններ։ Հիմա պարզվում է՝ գլխավոր հատակագծում հասցեներ չկան»։
Նունե Պետրոսյանին հարցեր ուղղեց Վանաձորի գլխավոր ճարտարապետ, ամբաստանյալ Սուրեն Աբովյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։