Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը չփոխվեց․ նա կալանավորված կմնա

Հակակոռուպցիոն քրեական դատարանին ապրիլի 25-ին միջնորդություն էր ներկայացվել Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի համար ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։ Նախագահող դատավորը Սարգիս Դադոյանն է։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ փաստաբան Արտակ Ոսկանյանը երեկվա նիստում հայտնել էր՝ այս գործում առկա բոլոր գրավոր ապացույցները հետազոտվել են, հարցաքննվել են բոլոր վկաները, և այդ պայմաններում Մամիկոն Ասլանյանին կալանքի տակ պահելու հիմքը դարձել է առարկայազուրկ։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այլևս առկա չէ գործով անցնող վկաների վրա անօրինական ազդեցություն գործադրելու հանգամանքը, նման վկաների բացակայությամբ պայմանավորված միջնորդում եմ Մամիկոն Ասլանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանքը, վերացնել և նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել «ստորագրություն չհեռանալու մասին»»,-ասաց պաշտպանը։

Ոսկանյանի խոսքով՝ նույնիսկ գրավի կիրառումը դառնում է անիմաստ, բայց  եթե դատարանը նման որոշում կայացնի, քննության առարկա կդարձնեն որպես խափանման միջոց գրավը կիրառելու հնարավորությունը։ Գրավի չափը՝ 2 միլիոն դրամ։

Այսօր՝ ապրիլի 26-ին, նախագահող դատավոր Սարգիս Դադոյանը հրապարակեց միջնորդության վերաբերյալ որոշման եզրափակիչ մասը։ Դատարանը որոշեց Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը մերժել։

Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Սուրեն Աբովյանն օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի կողմից պաշտոնական լիազորություններն անցնելուն և պաշտոնական կեղծիք կատարելուն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել