«Որևէ կերպ չեմ ուզում այս պահին վանաձորյան քաղաքականության պրոցեսի մեջ իմ մասնակցությամբ իմ թիմակիցներին, ընկերներին հարվածի տակ դնել»․ Մամիկոն Ասլանյանը՝ դատարանում

Հակակոռուպցիոն քրեական դատարանում հուլիսի 15-ին, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, շարունակվեց Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Սուրեն Աբովյանն օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի կողմից պաշտոնական լիազորություններն անցնելուն և պաշտոնական կեղծիք կատարելուն:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս դատական նիստին հարցաքննվեցին դատակոչված վկաներից 2-ը։

Առաջին վկան հայտնեց, որ հայտարարված աճուրդի մասնակցել է Անահիտ Ղազումյանի հետ, որի ժամանակ Ղազումյանն է հաղթող ճանաչվել։

Անահիտ Ղազումյանի՝ դատարանում տված ցուցմունքն այստեղ։

Հանրային մեղադրող Նարեկ Մովսիսյանի հարցին, թե ով է Անահիտ Ղազումյանը, վկան ասաց՝ նա Վանաձորի դպրոցի տնօրենն է, իսկ ինքը դպրոցի հաշվապահն է, վերջինիս հետ աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել։

Վկան ասաց՝ չգիտի, թե Անահիտ Ղազումյանն ինչպես է տեղեկացել աճուրդի մասին, իսկ իր մասնակցությունը «ձևական» բնույթ է կրել։

Նա հավելեց, որ եթե միայն Ղազումյանը լիներ, աճուրդը չէր կայանալու, այդ պատճառով էլ օգնել է նրան, իսկ մինչ այդ հայտ են լրացրել, համապատասխան վճարումը կատարել։

Դատավորի հարցին, թե համայնքապետարանի աշխատակիցներից Սուրեն Աբովյանը, Արարատ Հովհաննիսյանը որևէ խորհուրդ տվե՞լ են Անահիտ Ղազումյանին, որ նման կերպ պետք է մասնակցեն աճուրդին։

Վկան ասաց, որ նրանց չի ճանաչում, Անահիտ Ղազումյանն էլ իրեն բան չի ասել։

Հաջորդիվ հարցաքննվեց վկա Ռուդիկ Վարոսյանը, նա հայտնեց, որ Մամիկոն Ասլանյանին վաղուց է ճանաչում, մտերիմ հարաբերությունների մեջ են գտնվում, Սուրեն Աբովյանին ճանաչում է որպես համայնքի ճարտարապետ, Արարատ Հովհաննիսյանի հետ ևս աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել։

Նա հայտնեց, որ գործի մանրամասներից տեղյակ չէ, որպես տուժող ներգրավել է, որպեսզի ծանոթանա ու պահպանի համայնքի շահերը։

Մամիկոն Ասլանյանի պաշտպան Արտակ Ոսկանյանը հարցրեց, թե որպես համայնքի ներկայացուցիչ, կարո՞ղ է վկան ասել, թե առհասարակ հնարավո՞ր է համայնքի պատճառվեր բարոյական վնաս, վկան ասաց՝ քանի որ գործի մանրամասներից տեղյակ չէ, շատ դժվար է չափել կամ ինչ-որ չափման միավոր նշել, դրանով պայմանավորված արդարադատությունը կորոշի պատճառված վնասի թե՛ բարոյական, թե՛ նյութական չափերը։

Պաշտպանի հարցին, թե համայնքը կարո՞ղ էր ֆիզիկական անձի, մասնավոր անձի սեփականությունը հանդիսացող հողամասը ծառայեցնել հանրության շահերին, վկան ենթադրեց՝ կարող է, իսկ նշանակությունը գործառնականի փոփոխելն արդեն իսկ համայնքապետի լիազորությունից դուրս է։

Վկա Ռուդիկ Վարոսյանը չպատասխանեց, թե նախկին քաղաքապետին վերագրվող հանցագործությունից համայնքն ինչ վնասներ է կրել կամ եթե քաղաքացուն պատասխանող հողամասի նպատակային նշանակությունը փոխվել է, ինչ ազդեցություն է թողել համայնքի շահերի վրա։

Մեղադրյալ Մամիկոն Ասլանյանը վկայի հարցաքննությունից հետո հայտարարությամբ հանդես եկավ․

«2 տարի 7 ամիս անազատության մեջ եմ, և կարծում եմ՝ այստեղ նստածներին, այդ թվում նաև դատավարության մասնակիցներին պարզ է դարձել, որ որևէ կերպ էս վերջին տուժողի ներկայացուցչի կամ Փելեշյանի հետ կապված որևէ ազդեցության կարիք չկա, մանավանդ, որ քրեական գործի քննության ընթացքում երբևէ այդ մարդիկ ներկայացված չեն եղել։

Ազդեցության բուն իմասն էլ է նաև կորել։ Որևէ կերպ չեմ ուզում այս պահին վանաձորյան քաղաքականության պրոցեսի մեջ իմ մասնակցությամբ իմ թիմակիցներին, ընկերներին հարվածի տակ դնել, նույնիսկ ես կարող եմ չշփվել, չհանդիպել, ազդեցության մասով որևէ կասկած չհարուցել։ Իմ անազատությունն արդեն ահռելի չափերի է հասել»,-ասաց Ասլանյանը։

Այս դատական նիստի ժամանակ պաշտպան Արտակ Ոսկանյանը միջնորդեց Մամիկոն Ասլանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանքը վերացնել, ընտրել ստորագրություն չհեռանալու մասին։

Դատախազ Նարեկ Մովսիսյանն առարկեց միջնորդության դեմ, քանի որ դեռ կան վկաներ, որոնք պետք է հարցաքննվեն, և ամբաստանյալը կարող է նրանց վրա ազդեցություն ունենալ։

Վկան Վանաձորն այժմ ղեկավարող Արկադի Փելեշյանն է, տուժողը՝ Վանաձորի համայնաքապետարանի ներկայացուցիչը։

Ավելի ուշ հրապարակվեց Մամիկոն Ասլանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ դատավճիռը, ըստ որի՝ Վանաձորի քաղաքապետը 10 միլիոն գրավի դիմաց ազատ կարձակվի։

Այսօր՝ հուլիսի 16-ին, Վարդաշեն ՔԿՀ-ից դուրս գալուց հետո Մամիկոն Ասլանյանն ասաց՝ այս որոշմանը և՛ սպասում էր, և՛ ոչ, նա կրկին պնդեց, թե այս պրոցեսի մեջ քաղաքական ենթատեքստ կա, դրան գուցեև հետագայում անդրադառնա։

Մանրամասները՝ տեսանյութերում։

 

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել