«Տեղյա՞կ եք եղել, որ հողատարածքն օգտագործման ենթակա չի եղել»․ Մամիկոն Ասլանյանի գործով 3 վկա հարցաքննվեց

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ մայիսի 22-ին, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, շարունակվեց Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Սուրեն Աբովյանն օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի կողմից պաշտոնական լիազորություններն անցնելուն և պաշտոնական կեղծիք կատարելուն:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս գործով դատական նիստին ներկայացել էին վկաներ Անահիտ Ղազումյանը, Արեն Գրիգորյանը, Արթուր Խեչոյանը։

Դատակոչված վկաներից առաջինը հարցաքննվեց Անահիտ Ղազումյանը։ Նա նշեց, որ ճանաչում է և՛ Մամիկոն Ասլանյանին, և՛ Սուրեն Աբովյանին։ Ասլանյանին ճանաչում է որպես Վանաձորի քաղաքապետ, Աբովյանին՝ որպես քաղաքի ճարտարապետ, նրանց հետ որևէ փոխհարաբերության մեջ չի գտնվել։

Վկան հայտնեց՝ 2018 թվականին իր տղան տեղեկացրել էր, որ Վանաձոր քաղաքի համայնքի Աղայան փողոցի վրա հողատարածք կա, որը տրվել է աճուրդի համայնքապետարանի կողմից, դա հետաքրքրել է իրեն, և որոշել էր մասնակցել աճուրդին։ Նա քաղաքապետարանում կայացած աճուրդի հաղթող էր ճանաչվել։

Հանրային մեղադրողին հարցին, թե տեղյակ է եղել արդյոք, որ տարածքը 2014 թվականի Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն եղել է հասարակական կանաչ տարածք, որը ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով եղել է սահմանափակումների թվում, այսինքն՝ ենթակա չի եղել օգտագործման։

Հարցին պաշտպանության կողմի ներկայացուցիչ Արտակ Ոսկանյանն առարկեց՝ ասելով, որ նման փաստեր գոյություն չունեն, այդ հողատարածքը երբեք նման «հոդվածի տակ» չի եղել։ Դատարանը չընդունեց առարկությունը, իսկ վկան պատասխանեց՝ չի ուսումնասիրել, տեղյակ չի եղել։ Իր տղան չափագրման ընկերություն ունի։

Դատավորը նշեց, որ վկան Էվելինա Գալստյանին ասել էր՝ գա և նրա հետ մասնակցի աճուրդին, հարցրեց, թե Վանաձորի համայնաքապետարանի աշխատակիցները, աճուրդի մասնակիցները կամ ղեկավար կազմից, օրինակ, Մամիկոն Ասլանյանը, Սուրեն Աբովյանն այդ գործընթացից տեղյակ եղել են, որ պայմանավորվածություն է եղել Էվելինա Գալստյանի հետ, վկան ասաց՝ դա իրենց երկուսի միջև է եղել, վերջում էլ միայն որդուն է ասել։

Հետագայում հողատարածքն օտարելու մասին վկան ասաց, որ դա պայմանավորված է եղել նրանով, որ իր տղան ունի առողջական լուրջ խնդիր և բավականին թանկ բուժումներ է ընդունում, այդ պահին անհրաժեշտ էր այդպես անել։

Հարցին, թե ում են օտարել հողատարածքը, վկան ասաց՝ տեղյակ չէ։ Վկայի հարցաքննությունն ավարտվեց։

Հաջորդիվ հարցաքննվեց Արթուր Խեչոյանը։ Նա նշեց, որ աճուրդին մասնակցել է հարևանի խնդրանքով, վերջինս իրեն ասել էր, որ մենակ ներկայանալու դեպքում աճուրդը չի կայանա։ Հայտնեց, որ հարևանի անուն, ազգանունը Անդրեասյան Արամայիս է, իր հիշելով այդ օրը այլ աճուրդներ էլ կային, իսկ կոնկրետ այդ աճուրդին երկուսով են եղել։

Դատավորի հարցին, թե Սուրեն Աբովյանին աճուրդի ժամանակ տեսել է, վկան ասաց՝ չի հիշում։ Վճարման կատարման վերաբերյալ վկան ասաց՝ ինչքանով հիշում է ինչ-որ բանկում են վճարում կատարել, այլ բաներ չի կարողանում մտաբերել։

Հողատարածքի հետ կապված ասաց, որ այն իր ընկերոջն է պատկանում, իրենց գործի համար է պետք եղել հողատարածքը, այնտեղ հիմա որևէ շենք չկա կառուցված։

Հանրային մեղադրողի հարցին, թե իր ընկերն ինչ գործունեություն է ծավալում, վկան ասաց՝ երկաթի գործով է զբաղվում, հողատարածք գնելը կապված է եղել նրանով, որ աշխատանքն իրենց բակում էին կատարում, հարմար չի եղել։

Վկայի հարցաքննությունն ավարտվեց։ Դատակոչված վկաներից հարցաքննվեց վկա Արեն Գրիգորյանը։ Նա ևս մասնակցել էր աճուրդին, հաղթել, որն ըստ վկայի օրինական ձևով է տեղի ունեցել։

Հանրային մեղադրողը վկային հարցրեց՝ Դավիթ Աղաջանյանին ճանաչում է, թե ոչ և ինչ հարաբերությունների մեջ է գտնվում նրա հետ, վկան ասաց՝ այո, ճանաչում է, միմյանց հետ շփվել են միայն ծառայության շրջանակում։ Նա նշեց, որ աճուրդը 2021 կամ 2022 թվականին է տեղի ունեցել, հստակ չի հիշում, Դավիթ Աղաջանյանի հետ է աճուրդին մասնակցել։

Վկային հարց ուղղեց ամբաստանյալ Մամիկոն Ասլանյանը՝ ասելով, թե իրենցից որևէ մեկը երաշխիք տվե՞լ էր, որ երրորդ-չորրորդ մարդ չի կարող մասնակցել այդ աճուրդին ու հնարավոր է հենց ուրիշը շահեր, վկան ասաց՝ այդպիսի բան չի եղել։

Փաստաբան Արտակ Ոսկանյանը հարցրեց՝ աճուրդին մասնակցելու համար գումար վճարե՞լ է արդյոք, վկան ասաց՝ այո, սակայն մանրամասների մասին որևէ բան չի հիշում այս պահին։

Հանրային մեղադրողը միջնորդեց հրապարակել նախաքննական ցուցմունքը՝ պնդելով, թե դատարանում տրված ցուցմունքում որոշակի հակասություններ են առկա։

Պաշտպանության կողմն առարկեց՝ նշելով, որ հակասության հետ կապված մեղադրանքի հետ կապ չունենալու հիմքով որևէ հակասություն տվյալ փուլում արձանագրելը անհիմն է, չպետք է նախաքննական ցուցմունքները հրապարակվեն։

«Հակասությունը կայանում է նրանում, թե նախաձեռնությունը փաստացի ում կողմից է եղել տվյալ աճուրդին մասնակցելու՝ ավելի շատ ցույց տալու համար, որ տվյալ աճուրդը կրել է ձևական բնույթ»,-ընդգծեց հանրային մեղադրողը։

Մամիկոն Ասլանյանն ասաց, որ իրենց մոտ միշտ ոչ թե ձևական աճուրդների, այլ աճուրդը չկայանալու պայմաններից հիմնականը եղել է, որ մի կողմը մասնակցի ու իրենք բազմիցս դիմել են օրենսդրական նախաձեռնությունների․ «Չեմ հիշում որ թվականին արդեն փոխվեց էդ օրենքը, որ այդպիսի կազուսի առաջ մենք չկանգնենք, այսինքն՝ մի հոգով էլ կարող է այդ աճուրդը կայանալ, հետևաբար, մանավանդ փոքր քաղաքներում, եթե որևէ մեկն ուզում է ավտոտնակի տեղ գնի, ուզում է մասնակցի, մեծ առումով մրցակցություն չի էլ կայանում»։

Մեղադրանքի կողմի ներկայացված միջնորդությունը բավարարվեց դատարանի կողմից, քանի որ առկա էին էական հակասություններ։

Հրապարակվեց նախաքննական մարմնում տեղի ունեցած հարցաքննությունը, որը տեղի է ունեցել  2021 թվականին։
Գործում առկա հանգամանքների մասին վկան հայտնել էր, որ 2008-2009 թվականներին ճանաչել է Դավիթ Աղաջանյանին, որի հետ մինչև 2010 թվականը ծառայել է նույն զորամասում, ինչպես նաև բնակվել են նույն թաղամասում։

«Շուրջ երկու տարի առաջ, հստակ ժամանակահատվածը չեմ հիշում, Դավիթն ինձ ասաց, որ ցանկանում է աճուրդով հողատարածք ձեռք բերել ու որպեսզի աճուրդը կայանա, ինձ խնդրեց, որպեսզի ես նրա հետ ձևական մասնակցեմ աճուրդին՝ որպես 2-րդ մասնակից, քանի որ մենք մտերիմ հարաբերությունների մեջ էին գտնվում, ես նրան չմերժեցի»։

Ըստ ցուցմունքի՝ վկային Դավիթը տվել էր 25 հազար դրամ, որն իր անունից վճարել է Վանաձորի քաղաքապետարանի հաշեվհամարին և դիմում է ներկայացրել աճուրդին մասնակցելու իրավունք ձեռք բերելու համար։ Աճուրդի ժամանակ հայտարարվել է հողամասի մեկնարկային գինը, որն ինքը ցանկություն է հայտնել այդ գնով ձեռք բերել հողամասը, իրենից հետո ավելի բարձր գին է առաջարկել Դավիթը և ճանաչվել հաղթող։ Դրանից հետո իրեն է վերադարձվել 25 հազար դրամը։

Վկան նաև նշել էր, որ հայտն ինքն է ամբողջությամբ լրացրել, ստորագրել անձամբ․ «Հողատարածքը գնելու նպատակ չեմ ունեցել, այդ աճուրդին մասնակցել եմ Դավիթի խնդրանքով, դիմումը ներկայացրել եմ անձամբ, որը գրված է իմ ձեռքով»։

«Հակասությունն ավելի հստակ ներկայացնելու համար նշեմ․ սկզբից Դուք Ձեր ցուցմունքում նշեցիք, որ հողամասը ձեռք բերելը եղել է Ձեր և Դավիթի ցանկությունը, այնինչ նախաքննության ընթացքում ցուցմունք եք տվել, որ երբևիցե հողամասը ձեռք բերելու նպատակ չեք ունեցել և աճուրդին մասնակցել եք Դավիթի խնդրանքով, որպեսզի այդ աճուրդը կայանա, քանի որ աճուրդը կայանալու համար անհրաժեշտ է, որ առնվազն լինի 2 մասնակից, ինչպե՞ս կպարզաբանեք այս հակասությունը»։

Վկան պատասխանեց՝ որքանով հիշում է՝ դրանից առաջ է եղել, իրար հետ ուզեցել են ինչ-որ բան անել։

Այս դատական նիստով դատակոչված վկաների հարցաքննությունն ավարտվեց։

Մարիամ Շահնազարյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել