Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ հունիսի 15-ին, շարունակվում էր ամբաստանյալի աթոռին հայտնված դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատաքննությունը։
Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունները: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանին։
Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այսօր բացման խոսքով հանդես եկան Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանը և ամբաստանյալ Էրիկ Ալեքսանյանը։
Սակայն նիստի սկզբում Անդրանիկ Մանուկյանն ասաց, որ կարևոր հայտարարություն ունի անելու։ Նա հայտնեց, որ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա Քրեական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 121-րդ հոդվածի 1-ին մասի և 316-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը։
«Բոլոր չարակամներին ուզում եմ գուժել, իսկ բարին կամեցողներին ավետել, որ երեկ կայացված աշխատակարգային որոշմամբ ՍԴ-ն քննության է ընդունել Արուսյակ Ալեքսանյանի վերաբերյալ ներկայացված անհատական դիմումը։ Ուզում եմ այնուամենայնիվ նշել, որ 316-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ ներկայացված դիմումը, ի թիվս այլնի, վերաբերում է նաև դատական վարույթում որպես խափանման միջոց կալանքը կիրառելու դատավարական կարգի բացակայությանը»,-նշեց Անդրանիկ Մանուկյանը՝ նախագահողին հիշեցնելով, որ նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ նշված հարցով ՍԴ դիմելու միջնորդությունը դատարանը մերժել էր։
Նա հայտնեց, որ Սահմանադրական դատարանը գործով դատաքննությունը կսկսի հուլիսի 28-ին․ «Ճտերը կհաշվենք ոչ թե աշնանը, այլ ամռանը․ 2023 թվականի հուլիսի 28-ից հետո»։
Նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը հաջողություն մաղթեց Անդրանիկ Մանուկյանին։
Մանուկյանի հայտարարությունից հետո դատարանում բացման խոսքով պետք է հանդես գար ամբաստանյալ Էրիկ Ալեքսանյանը, սակայն վերջինս նշեց, որ սկզբում ցանկանում է անդրադառնալ մեղադրանքի որոշակիության հարցին։ Բացման խոսքն ավելի արդյունավետ կառուցելու համար նա խնդրեց 2 հարցի պատասխանել․ «Արդյոք որպես ենթադրյալ հանցանքի կատարման հետևանք դիտարկվել է Արուսյակ Ալեքսանյանի կողմից ենթադրաբար ակնհայտ անարդար դատական ակտի կայացումը, թե ոչ»։
Մեղադրող դատախազ Արմեն Գևորգյանը նշեց, որ չի ցանկանում նման դիսկուրսի մեջ մտնել և դա պայմանավորված է հարցադրումը հնչեցնող անձի պրոֆեսիոնալ և մասնագիտական բարձր հատկանիշներ ունենալու հանգամանքով․ «Պարոն Ալեքսանյանն ավելի քան քաջ ծանոթ է մեղադրանքի դիրքորոշմանը։ Այս դատական պրոցեսում հաստատապես տեղյակ է, թե մեղադրանքի որ ձևակերպումը ինչ է նշանակում»։
Դատախազի դիրքորոշմանն արձագանքելով՝ Էրիկ Ալեքսանյանը դատարանում հայտարարեց, որ ինքը մեղադրյալ է, սակայն մեղադրանքի վերաբերյալ պարզաբանում ստանալու հնարավորություն, ըստ էության, չունի․ «Ուշադրություն եմ ցանկանում հրավիրել այն հանգամանքին, որ տվյալ պարագայում «ակնհայտ անարդար դատական ակտ» կայացնելը դիտարկվել է որպես հանցանքի կատարման միջոց։ Հանցանքի կատարման միջոցը միևնույն ժամանակ չի կարող հանդիսանալ հանցանքի կատարման հետևանք»։
Այնուհետև, անցնելով իր բացման խոսքին, հայտարարեց՝ իրեն առաջադրված մեղադրանքն իրավաչափ, որոշակի չէ․ «Առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում»։
Նա դատարանում ասաց, որ ավելի ուշ մի փաստաթուղթ կներկայացնի, որն այս գործի «փլուզումն է լինելու»․ «Խոսքը մի փաստաթղթի մասին է, որը ես ստացել եմ Գլխավոր դատախազությունից։ Չեմ բարձրաձայնի, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը, չեմ բացահայտի դրա բովանդակությունը։ Չեմ ցանկանում այս պահին իմ զենքերը բացահայտել, որպեսզի այդ զենքերի դեմ մեղադրանքի կողմը որևէ կերպ պայքարելու հնարավորություն չունենա։ Այս փուլում ունի, պայքարելու ձևը մեղադրանքի փոփոխումն է»։
Ամբաստանյալի այս հայտարարությանը արձագանքեց դատարանը․ դատավոր Վահե Դոլմազյանը նշեց․ «Քանի դեռ այդ փաստաթուղթը չկա, այս գործն այս պահին փլուզման ենթակա չէ»։
Էրիկ Ալեքսանյանից հետո բացման խոսքով հանդես եկավ Արուսյակ Ալեքսանյանի պաշտպանը։ Անդրանիկ Մանուկյանը նշեց, որ իր պաշտպանյալը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը։ Անդրադառնալով այն հարցին՝ արդյոք Արուսյակ Ալեքսանյանը քրեական գործի հիմքում դրված միջնորդությունը քննելու հարցում ունեցել է որոշակի շահախնդրություն, թե ոչ, փաստաբանը պատասխանեց․ «Այո, ունեցել է։ Դա է կանխորոշել նրա՝ տվյալ դատական վարույթով ինքնաբացարկ հայտնելու անհրաժեշտությունը»։
Նա նշեց, որ դատավորը ցանկացել է, որպեսզի նշված միջնորդությունը իրեն մակագրվի։ Անդրանիկ Մանուկյանը կարծում է, որ ինքնաբացարկ չհայտնելու և նշված միջնորդությունը քննելու համար Արուսյակ Ալեքսանյանը պետք է կարգապահական պատասխանատվության ենթարկվեր, ոչ թե հայտնվեր ամբաստանյալի աթոռին։ Մինևնույն ժամանակ փաստաբանը ընդգծեց, որ միջնորդությունը քննելու հարցում շահախնդիր դատավորի կողմից կարող էր կայացվել «գերճշմարիտ և գերօբյեկտիվ դատական ակտ»։ Մանուկյանը հիշեցրեց նաև, որ Արուսյակ Ալեքսանյանի կողմից կայացված դատական ակտը վերադաս դատարանը չի փոփոխել։
Ինքն Արուսյակ Ալեքսանյանը հայտնեց, որ հարուցված քրեական գործով փորձում են իրենից վրեժխնդիր լինել, սակայն չբացահայտեց, թե ով կամ ովքեր են այդ անձինք․ «Ինձ հնարավոր չի կոտրել, ազատազրկեք, դատապարտեք, վիրավորեք՝ ինչքան ուզում եք։ Ես համոզված եմ, որ ես հաղթելու եմ։ Ես, պարոն Ալեքսանյանը և տիկին Պետրոսյանը, միևնույն է, հաղթելու ենք։ Միգուցե այս փուլում չհաղթենք, բայց գալու է այդ երանելի օրը և իրական մեղավորները պատասխան են տալու՝ առանց բացառության»։
Դատավոր Վահե Դոլմազյանն արձանագրեց, որ դատավարության մասնակիցները հանդես եկան բացման խոսքով և այժմ դատարանը պետք է անցնի ապացույցների հետազոտմանը։ Դատարանի ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով՝ այս դատական նիստը հետաձգվեց։
Կողմերը պետք է որոշեին հաջորդ դատական նիստի օրը, սակայն ներկաները չէին կարողանում համաձայնության գալ օրվա վերաբերյալ։ Արուսյակ Ալեքսանյանը դժգոհեց հունիսի 28-ին նիստ նշանակելու դատարանի որոշումից․ «Ամսի 28-ը ուշ է։ Հաշվի առեք, որ ես արդեն 8 ամիս է՝ անազատության մեջ եմ և 15 օր հետո դատական նիստ նշանակելուն ես չգիտեմ՝ ինչ որակում տամ»։
Նրա կարծիքով՝ առնվազն շաբաթը մեկ անգամ պետք է դատական նիստ նշանակվի։
Այնուամենայնիվ, դատավորը որոշեց հաջորդ դատական նիստը հունիսի 28-ին նշանակել։
Եվգենյա Համբարձումյան