«Դատավորը փաստաբանին հորդորել է խոսել ցածր ձայնով, աշխատասենյակի համակարգչով երաժշտություն է միացրել»․ Արուսյակ Ալեքսանյանի գործով դատախազի բացման խոսքը

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ հունիսի 7-ին, մեկնարկեցին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով հիմնական դատալսումները։

Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունները: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանին։

Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այսօրվա նիստի սկզբում բացման խոսքով հանդես եկավ հանրային մեղադրող Արմեն Գևորգյանը։ Նա ներկայացրեց մեղադրանքի փաստական հիմքը, ինչպես նաև մեղադրյալներին վերագրվող արարքի իրավական գնահատականը:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Արուսյակ Ալեքսանյանը, զբաղեցնելով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, տեղեկացված լինելով եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերոջ և իր մտերիմ, փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանյալի՝ Սերգեյ Գրիգորյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ նույն դատարանի որոշման առկայության մասին, նպատակադրվել է ապօրինի գործողություններ կատարել Գրիգորյանի օգտին և ազատել նրան կալանքից։

Նշվում է, որ վերոնշյալն իրագործելու համար դատավորը նախնական համաձայնության է եկել իր օգնականի, Թամարա Պետրոսյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակի ինքնությունը դեռևս չպարզված պաշտոնատար անձի հետ։ Մեղադրողի խոսքով՝ Արուսյակ Ալեքսանյանը կայացրել է ակնհայտ ապօրինի դատական ակտ, Սերգեյ Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխել է 2,5 միլիոն դրամ գրավով։

Վերջինիս կալանքից ազատելու մտադրության մասին 2022թ․-ի օգոստոսի 26-ին համացանցային հավելվածի միջոցով կայացած հեռախոսազրույցի ընթացքում Արուսյակ Ալեքսանյանը հայտնել է Էրիկ Ալեքսանյանին, որից հետո ստացել է նրա համաձայնությունը․ «․․․Արուսյակ Ալեքսանյանը հորդորել է իր հերթապահության օրերին կալանքն այլ խափանման միջոցով փոխարինելու մասին միաժամանակ մի քանի միջնորդություն ներկայացնել դատարան։ Այդ կերպ դատավորների արհեստական ծանրաբեռնվածություն ստեղծելու միջոցով ապահովելով միջնորդություններից մեկն իրեն մակագրելու հավանականության բարձրացումը»։

Օգոստոսի 29-ին դատավորն այդ մասին հայտնել է նաև իր օգնականին և նրան խնդրել ծրագիրն իրագործելու այլ եղանակներ և մեխանիզմներ մշակել։ Թամարա Պետրոսյանն իր հերթին խորհուրդ է տվել դիմել միջնորդությունը քննելու իրավասու դատավորին, որպեսզի վերջինս զեկուցագիր ներկայացնի միջնորդությունը քննելուց հրաժարվելու մասին։ Նույն օրը դատարան է ներկայացվել Սերգեյ Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու մասին միջնորդություն՝ նոր էական փաստարկ առաջացած լինելու հիմնավորմամբ, որը մակագրվել է դատավոր Արմեն Շիրոյանին։ Շիրոյանն իր հերթին որոշում է կայացրել վարույթ հարուցելը մերժել՝ նոր էական փաստարկներ ներկայացված չլինելու հիմքով։

Այնուհետև, սեպտեմբերի 2-ին Թամարա Պետրոսյանը, Արուսյակ Ալեքսանյանի հանձնարարությամբ, նույն դատարանի մեկ այլ դատավորի կազմից դեռևս ինքնությունը չպարզված անձից տեղեկություններ է ստացել ներկայացված միջնորդության ընթացքի, դրա հավանական արդյունքների, դատական ակտի հրապարակման վերաբերյալ։

«․․․Թամարա Պետրոսյանը քողարկված եղանակով ստացել է նշված անձի վերաբերյալ միջնորդության, այդ կապակցությամբ կայացված դատական ակտերի էլեկտրոնային տարբերակները, որոնք բերել և ներբեռնել է իր համակարգչում, իսկ ողջ տեղեկատվությունը փոխանցել է Արուսյակ Ալեքսանյանին»,-դատարանում հայտնեց դատախազ Արմեն Գևորգյանը։

Այս ամենից հետո, ըստ հանրային մեղադրողի, Էրիկ Ալեքսանյանը Արուսյակ Ալեքսանյանից տեղեկացել է դատավորների հերթապահության գրաֆիկի մասին, սեպտեմբերի 12-ին և սեպտեմբերի 17-ին 2 միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ ակնկալելով, որ դրանցից մեկը կմակագրվի Արուսյակ Ալեքսանյանին։ Դրանցից մեկը քննվել է դատավոր Արմեն Շիրոյանի կողմից և մերժվել։

Մեղադրողը դատարանում հայտնեց, որ ավելի վաղ, օգոստոսի 8-ին Արուսյակ Ալեքսանյանը զանգել է Էրիկ Ալեքսանյանին և տեղեկացրել սեպտեմբերի 12-ին հերթապահության գրաֆիկում ընդգրկված լինելու վերաբերյալ ու հորդորել նշված օրը ներկայացնել խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը։ Փաստաբանն այդպես էլ վարվել է։ Միջնորդությունը, սակայն, մակագրվել է Արմեն Շիրոսյանին, ում կողմից այն մերժվել է։

Այս ամենից հետո, սեպտեմբերի 13-ին, 14։15-ի սահմաններում Արուսյակ Ալեքսանյանն իր աշխատասենյակում հանդիպել է Էրիկ Ալեքսանյանի հետ․ «․․․Հանդիպման ընթացքում հնարավորինս քողարկված եղանակով փոխպայմանավորվածություններ ձեռք բերելու և իրենց հանցավոր նպատակի իրագործումը չբացահայտելու դիտավորությամբ Արուսյակ Ալեքսանյանն Էրիկ Ալեքսանյանին հորդորել է խոսել ցածր ձայնով, աշխատասենյակի համակարգչով միացրել է երաժշտություն, ապա սկսել է փաստաբանի հետ քննարկել Սերգեյ Գրիգորյանին կալանքից ազատելու վերաբերյալ ներկայացված հերթական միջնորդության կապակցությամբ կայացված որոշումը»։

Դրանից հետո, ըստ մեղադրողի, Արուսյակ Ալեքսանյանը քննարկման առարկա է դարձրել Արմեն Շիրոյանի կողմից կայացված որոշումը բողոքարկելու հարցը։ Առանձնազրույցի ժամանակ Էրիկ Ալեքսանյանը պատրաստակամություն է հայտնել նույնաբովանդակ միջնորդություն ներկայացնել։

Կալանավորված դատավորը և փաստաբանը պայմանավորվածություն են ձեռք բերել առերես հարցաքննություն կազմակերպելու մասին քննիչին միջնորդություն ներկայացնելուց հետո վերջինիս կողմից տրված պատասխանը դիտարկել որպես նոր էական փաստարկ և այդ կերպ հիմնավորել ներկայացվելիք միջնորդությունը։

Սեպտեմբերի 16-ին Արուսյակ Ալեքսանյանը նախ ձայնային հաղորդագրությամբ, այնուհետև համացանցային հավելվածի միջոցով կայացած հեռախոսազրույցի ընթացքում Էրիկ Ալեքսանյանին տեղեկացրել է սեպտեմբերի 17-ին և 18-ին հերթապահության գրաֆիկում ընդգրկված լինելու մասին։ Փաստաբանը սեպտեմբերի 17-ին նոր միջնորդություն է ներկայացրել դատարան՝ փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանի միջոցով։ Դատարանի նախագահի պաշտոնակատար Գագիկ Պողոսյանն այն մակագրել է Արուսյակ Ալեքսայանին, սակայն նույն օրը Պողոսյանն այն մակագրել է Արմեն Շիրոյանին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սերգեյ Գրիգորյանի վերաբերյալ մյուս միջնորդությունները հենց Շիրոյանն է քննել։

«․․․Արուսյակ Ալեքսանյանին օժանդակելու դիտավորությամբ Էրիկ Ալեքսանյանը սեպտեմբերի 17-ին ներկայացված միջնորդության մեջ ներառել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն այն մասին, թե իբրև քրեական վարույթով առերեսման անհրաժեշտությունը բացակայում է այն դեպքում, երբ վերջինս նման միջնորդությամբ վարույթն իրականացնող մարմնին դիմել է միայն 2022-ի սեպտեմբերի 20-ին, որի պատասխանը ստացել է օրեր անց, սեպտեմբերի 23-ին»,-նշեց դատախազը՝ հավելելով, որ ինչպես սեպտեմբերի 12-ի, այնպես էլ 17-ի միջնորդությունների հիմքում նոր էական փաստարկ առաջացած լինելու հանգամանքն է դրվել։

Նշվում է նաև, որ Թամարա Պետրոսյանը Էրիկ Ալեքսանյանի սեպտեմբերի 17-ի միջնորդությունը ստացել է առձեռն և մինչև սեպտեմբերի 20-ը չի փոխանցել դատավոր Արմեն Շիրոյանին։ Փոխարենը, Արուսյակ Ալեքսանյանը սեպտեմբերի 20-ին քննության է առել նշված միջնորդությունը և փոխել Սերգեյ Գրիգորյանի խափանման միջոցը՝ նրան ազատելով կալանքից։

«․․․Այդ կերպ, ինչպես նաև Ս․ Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու նախորդ միջնորդությունները վարույթ ընդունելը մերժած դատարանի հասցեին արդարադատության իրականացման կապակցությամբ անպարկեշտ և վիրավորական արտահայտություններ հնչեցնելով, դատական իշխանության հեղինակազրկման ձևով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով Սահմանադրության 162-րդ հոդվածով ամրագրված արդարադատության պատշաճ իրականացման խաթարման ձևով դրսևորված այլ ծանր հետևանք»,-դատարանում հայտարարեց Արմեն Գևորգյանը։

Այս դատական նիստի ընթացքում բացման խոսքով կարող էին հանդես գալ նաև պաշտպանները և ամբաստանյալները, սակայն Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանի՝ մեկ այլ նիստով զբաղվածության պատճառով այս նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 14-ին։

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել