Գևորգ Կոստանյանի գործով հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացվեց

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ հուլիսի 4-ին, շարունակվեց հետախուզման մեջ գտնվող նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, նրա նախկին կնոջ՝ Լիլիթ Կոստանյանի, Արման Գալստյանի, վերջինիս կնոջ՝ Թերեզա Գևորգյանի և նախկին Գլխավոր գլխավոր դատախազի եղբորորդու՝ Արա Կոստանյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումի քննությունը։ Նիստը նախագահում է դատավոր Լիլի Դրմեյանը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Գևորգ Կոստանյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը միջնորդեց հայցային վաղեմություն կիրառել և մերժել Գլխավոր դատախազության ներկայացված հայցադիմումը։

Փաստաբանը գտնում է, որ խնդրահարույց է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում 2022-ին կատարված փոփոխությունը, որով «հետադարձ ուժ է տրվել» ուսումնասիրության առավելագույն ժամկետը 2-ի փոխարեն 3 տարի սահմանելու վերաբերյալ նորմին։ Ասատրյանը կարծում է, որ այս իրավահարաբերության վրա չէր կարող ազդել գոյություն չունեցող, 2022-ին ընդունված իրավակարգավորումը։ Հետևաբար, կիրառելի է ավելի վաղ ընդունված նորմը։

«Իրավասու մարմինը 2020-ի հոկտեմբերի 8-ին սկսել է ուսումնասիրությունը, գործի շրջանակներում հայց հարուցվել է 2022-ի դեկտեմբերի 21-ին։ Այսինքն, սահմանված 2-ամյա ժամկետից 2 ամիս անց»,-նշեց նա։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նելլի Տեր-Թորոսյանը միջնորդությանը վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելիս նշեց, որ ներկայացված միջնորդությունը առարկայազուրկ է․ «Ամբողջությամբ առարկում եմ միջնորդության դեմ»։

Նա նաև նշեց, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթում հայցային վաղեմությունը կապվում է ուսումնասիրության տևողության հետ։

«Ուստի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով հայցային վաղեմության մասին խոսք կարող է լինել միայն այն դեպքում, երբ բռնագանձման հայցը հարուցվել է ուսումնասիրություն սկսելու մասին կայացված որոշումից ավելի քան 3 տարի հետո»,-հայտնեց դատախազը։

Դատական նիստը հետաձգվեց, միջնորդության վերաբերյալ որոշումը ավելի ուշ կհրապարակվի։

Հարկ ենք համարում հիշեցնել, որ նույնանման հիմքով միջնորդություն է ներկայացվել նաև ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի և նրա ընտանիքի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի և դրամական միջոցների բռնագանձման գործով։ Պատասխանողների ներկայացուցիչներ Ալեքսան Խաչատրյանը և Վարազդատ Բադալյանը միջնորդություն էին ներկայացրել դատարանին՝ Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ։

Փաստաբանը նշում էր, որ պատասխանողները զրկվել են ուսումնասիրության 2 տարին լրանալուց հետո ներկայացված հայցադիմումի կապակցությամբ հայցային վաղեմություն կիրառելու պահանջ ներկայացնելու իրավունքից, դրանով վատթարացել է նրանց իրավական վիճակը։

«Փաստացի երկարաձգվել է իրականացվող ուսումնասիրության ժամկետը, շարունակվել է նրանց իրավունքների նկատմամբ իրականացվող միջամտությունը, իսկ հայցադիմումը ներկայացվել է 2020 թվականին գործող օրենքի 2 տարվա առավելագույն ժամկետից շուրջ 4 ամիս անց, ժամկետի խախտմամբ։ Ելնելով վերոգրյալից, միջնորդում ենք այս գործով կիրառման ենթակա «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում 2022 թվականին կատարված փոփոխությունների սահմանադրականությունը և նորմի համապատասխանությունը Սահմանադրությանը պարզելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան, կասեցնել գործի վարույթը՝ մինչև հարցի վերաբերյալ ՍԴ-ի կողմից վերջնական որոշման կայացումը»,-նշել էր Բադալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջում է բռնագանձել. 

  • Երևանում գտնվող մեկ բնակարան, Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Ջրվեժ համայնքներում գտնվող երկու առանձնատուն, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որը կազմում է 327 մլն 200 հազար դրամ,
  • 173 մլն 947 հազար 38 դրամ՝ որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ,
  • 276 մլն 193 հազար 454 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել