Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում մայիսի 16-ին տեղի ունեցավ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի և նրա ընտանիքի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի և դրամական միջոցների բռնագանձման գործով նիստը։ Նախագահող դատավորը Կարապետ Բադալյանն է։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել բռնագանձել շուրջ 11 միլիարդ դրամ արժեքով ապօրինի ծագում ունեցող գույք: Մասնավորապես՝
- Երևան քաղաքում՝ 21 անշարժ գույք, մեկ անշարժ գույքի միջին շուկայական արժեք, Կոտայքի մարզում՝ մեկ անշարժ գույք, մեկ տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 2.3 միլիարդ դրամ (որոշ գույքեր դեռևս գնահատված չեն).
- Ութ իրավաբանական անձանցում մասնակցություն և մեկ փոխառության պահանջի իրավունք.
- Բռնագանձման է ենթակա նաև ավելի քան 8.6 միլիարդ դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված՝ օրինական եկամուտներով չհիմնավորվող դրամի հանրագումար:
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ պատասխանողների ներկայացուցիչ Վարազդատ Բադալյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ։ Փաստաբանի համար խնդրահարույց է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում 2022-ին կատարված փոփոխությունը, որով «հետադարձ ուժ է տրվել» ուսումնասիրության առավելագույն ժամկետը 2-ի փոխարեն 3 տարի սահմանելու վերաբերյալ նորմին։ Նշված օրենքն անդրադարձել է նաև Մհեր Սեդրակյանի, Դավիթ Սեդրակյանի և Շուշանիկ Աֆյանի վերաբերյալ դատախազության կողմից իրականացված ուսումնասիրության վրա։
Վարազդատ Բադալյանի խոսքով՝ պատասխանողները զրկվել են ուսումնասիրության 2 տարին լրանալուց հետո ներկայացված հայցադիմումի կապակցությամբ հայցային վաղեմություն կիրառելու պահանջ ներկայացնելու իրավունքից, դրանով վատթարացել է նրանց իրավական վիճակը։
«Փաստացի երկարաձգվել է իրականացվող ուսումնասիրության ժամկետը, շարունակվել է նրանց իրավունքների նկատմամբ իրականացվող միջամտությունը, իսկ հայցադիմումը ներկայացվել է 2020 թվականին գործող օրենքի 2 տարվա առավելագույն ժամկետից շուրջ 4 ամիս անց, ժամկետի խախտմամբ։ Ելնելով վերոգրյալից, միջնորդում ենք այս գործով կիրառման ենթակա «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում 2022 թվականին կատարված փոփոխությունների սահմանադրականությունը և նորմի համապատասխանությունը Սահմանադրությանը պարզելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան, կասեցնել գործի վարույթը՝ մինչև հարցի վերաբերյալ ՍԴ-ի կողմից վերջնական որոշման կայացումը»,-նշեց պատասխանողների ներկայացուցիչը։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Համլետ Հարությունյանը դատարանում հիշեցրեց, որ նախորդ դատական նիստի ընթացքում նույն հիմքով հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն էր ներկայացվել․ «Նախորդ դատական նիստին պատասխանողների ներկայացուցիչները պնդում էին՝ ինչ կապ ունի, որ կա գործող նորմ, Սահմանադրությունը ավելի գերակա ուժ ունի և դրան վերաբերելի կարգավորումներով պետք է ղեկավարվել։ Կարծես թե պնդում էին, որ նշանակություն չունի՝ օրենքի կարգավորումը այս վիճակով գործող է, թե գործող չէ»։
Դատախազը փորձեց իր համար պարզել․ ինչի՞ համար է այս միջնորդությունը ներկայացվել։ Վարազդատ Բադալյանը պարզաբանեց․ «Նախորդ նիստի ժամանակ Դուք էլ կասկած հայտնեցիք, որ քանի դեռ այս նորմը գործում է, դրա սահմանադրականության վերաբերյալ և դրա մասով ՍԴ որոշում չկա։ Հարցը պարզելու միակ տեղը Սահմանադրական դատարանն է»։
Նա նշեց, որ պատասխանող կողմը հայցային վաղեմություն կիրառելու միջնորդություն ներկայացնելու հնարավորություն ևս ունի և ներկայացրել է դատարանին, սակայն դրա հիմքում դրված նորմերի սահմանադրականության հետ կապված խնդիրը, որը նրանք տեսնում են, պետք է լուծվի սահմանադրական արդարադատություն իրականացվող բարձրագույն մարմնում․ «Դատարանի որոշման առկայության պայմաններում հնարավոր կլինի գնահատական տալ հայցային վաղեմությունը անցած լինելու հանգամանքին»։
Համլետ Հարությունյանը պնդեց՝ եթե պատասխանողների ներկայացուցիչները գտնում են, որ կարող են նաև հայցային վաղեմություն կիրառելու միջնորդություն ներկայացնել և ակնկալել, որ այն կբավարարվի, արդյո՞ք ՍԴ դիմելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը անհիմն չի ձգձգելու նիստերը։
Վարազդատ Բադալյանը նշեց, որ դատարանը կարող է քննարկել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը և լուծի այն, պետք է կիրառի նշված օրենքի նորմերը, որի հետ կապված էլ նրանք խնդիր են տեսնում․ «Դրանով է պայմանավորված այսօրվա մեր ներկայացրած միջնորդությունը»։
Դատախազը մի քանի օր ժամանակ խնդրեց միջնորդությունը ավելի լավ ուսումնասիրելու և դիրքորոշում ներկայացնելու համար։
Դատական նիստը հետաձգվեց։
Եվգենյա Համբարձումյան