Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր սկսվել է ԱԺ նախկին պատգամավոր, 71-ամյա Մհեր Սեդրակյանի և նրա ընտանիքի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի և դրամական միջոցների բռնագանձման գործով դատական քննությունը։ Նախագահող դատավորը Կարապետ Բադալյանն է։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ պատասխանողների ներկայացուցիչներ Վարազդատ Բադալյանը և Ալեքսան Խաչատրյանը դատական նիստը դռնփակ անցկացնելու միջնորդություն ներկայացրին դատարանին։ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան՝ գործը կամ դրա մի մասը դռնփակ քննելու հարցը լուծվում է դռնփակության պայմաններում։ Մոտ 10 րոպե անց հայտարարվեց, որ պատասխանողների ներկայացուցիչների միջնորդությունը մերժվել է։ Փաստաբանները 2 միջնորդություն ունեին ներկայացնելու, սակայն դատարանը որոշեց, որ հայցվորը նախ պետք է հրապարակի հայցի հիմքը և առարկան։
Նշվում է, որ դատախազությունն ուսումնասիրել է Սեդրակյանների շուրջ 30 տարվա գույքի և եկամուտների վերաբերյալ տեղեկությունը՝ սկսած 1992 թվականից։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Համլետ Հարությունյանը իր խոսքում նշեց, որ դատախազությունը պահանջում է Մհեր Սեդրակյանից բռնագանձել 1 մլրդ 434 մլն դրամ, որը չի հիմնավորվում օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ անհնար է նույնականացնել և բռնագանձել․ «Բռնագանձման է ենթակա նաև 7 մլրդ 236 մլն 775 հազար դրամը՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխում՝ օտարման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար»։
Հայցվորի պնդմամբ՝ 2019, 2020 և 2021 թվականներին մեծ թվով ապօրինի ծագում ունեցող գույքեր են օտարվել: Դատախազը նշեց նաև, որ Մհեր Սեդրակյանի կինը՝ Շուշանիկ Աֆյանը, երբեք չի աշխատել, սակայն գույքեր է ձեռք բերել և օտարել, որոնց արժեքը գերազանցում է մի քանի տասնյակ միլիոնը։ Հայցվորը նշված գույքերի իրական շահառու է դիտարկել Մհեր Սեդրակյանը։
Պատասխանողների ներկայացուցիչ Վարազդատ Բադալյանը խնդրեց պարզաբանել, թե 1 մլրդ 434 մլն դրամը ինչպես է գոյացել․ «Ինչպե՞ս որոշեցիք, որ դա ապօրինի է, այս գումարի հանրագումարը ինչպե՞ս եք ստացել և դրանից որքա՞նն է փոխանցված բարեխիղճ ձեռքբերողի, որքա՞նն է անհնարին նույնականացնել և ինչո՞ւ»։
Դատախազի խոսքով՝ սա այն գումարներն են, որոնք ուսումնասիրվող ժամանակահատվածում տարբեր վճարումների, փոխանցումների և դրամական այլ գործողությունների կատարման արդյունքում փոխանցվել են 3-րդ անձանց․ «Թե՛ կանխիկ, թե՛ անկանխիկ»։
«4 «կամ»-երով գործողություններ եք նկարագրել։ 4 «կամ»-երից որն է որ գումարի հետ, որ վաղը մենք իմանանք՝ ապացույց բերենք, ներկայացնենք, փարատենք Ձեր կասկածը»,-նշեց Վարազդատ Բադալյանը՝ հավելելով, որ պատասխանող կողմին արդյունավետ պաշտպանվելու հնարավորություն չի տրվում։ Նրա խոսքով՝ իրենց համար պարզ չէ նաև 7 մլրդ 236 մլն 775 հազար դրամի ձևավորման հիմքերը։
Դատախազը նշեց, որ նշված հարցերին մանրամասն կարող է անդրադառնալ հաջորդ նիստի ընթացքում, քանի որ փաստաբանների հարցերը մանրամասն պատասխաններ են ենթադրում։
Դատարանը որոշեց նիստը հետաձգել և հայցվորին հնարավորություն տալ նշված հարցերի վերաբերյալ պատասխաններ ներկայացնելու համար։
Եվգենյա Համբարձումյան