Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում, դատավոր Կարապետ Բադալյանի նախահագությամբ, շարունակվեց ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի և նրա ընտանիքի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի և դրամական միջոցների բռնագանձման գործով դատական նիստը։
Նշենք, որ այս գործով պատասխանողների բոլոր ներկայացուցիչները առարկել են նիստի տեսանկարահանման և լուսանկարահանման դեմ, սակայն դատարանը մասնակի բավարարել է ներկայացված միջնորդությունը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստի սկզբում փաստաբան Ալեքսան Խաչատրյանը հանդես եկավ պատասխանող Շուշանիկ Աֆյանին պատկանող գույքերից մեկի մասով հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությամբ։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Համլետ Հարությունյանը հարցրեց՝ արդյոք այդ գույքը որպես համատեղ սեփականություն էր արգելվել տնօրինել, փաստաբանն ասաց՝ դատարանի որոշման մեջ նշվել է Շուշանիկ Աֆյանի անունը։ Նա ներկայացրեց նաև համապատասխան փաստաթուղթը։
Նախագահող դատավորը հայտնեց՝ միջնորդության վերաբերյալ առանձին դատական ակտով որոշում կկայացվի։ Գործով երրորդ անձանց ներկայացուցիչը ևս հանես եկավ հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու միջնորդությամբ, որը վերաբերում էր «Բիդեք» ՍՊԸ-ին պատկանող գույքին։
Նրա երկրորդ միջնորդությունը կրկին վերաբերում էր ընկերության մեկ այլ գույքի տնօրինմանը, նշեց՝ 2023 թվականի օգոստոսի 22-ի որոշմամբ արգելվել է «Բիդեք» ՍՊԸ-ին օտարել սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքեր։
Այս երկու միջնորդությունների վերաբերյալ դատարանը որոշում կկայացնի առանձին դատական ակտի տեսքով։
Պատասխանողեր Մհեր Սեդրակյանի, Շուշանիկ Աֆյանի, Դավիթ Սեդրակյանի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսան Խաչատրյանն ասաց՝ ՍԴ որոշմամբ արձանագրվել է, որ բռնագանձման է ենթակա այն գույքը, որը կապ ունի հանցանքի հետ, հայցվորի ներկայացուցչին հարցրեց՝ պահանջվող գույքերից ու դրամական միջոցներից որոնք են կապված հանցանքի հետ, և եթե կապ ունեն, կոնկրետ ինչ հանցանքի մասին է խոսքը, և արդյոք կա որևէ մեղադրական դատավճիռ։
Համլետ Հարությունյանը պատասխանեց՝ ՍԴ-ն իր որոշմամբ չի նշել, որ պետք է լինի հաստատված մեղադրական դատավճիռ, այլ նշել է, որ հանցավորության դեմ պայքարի նպատակի իրականացման շրջանակներում իրավասու մարմինը որոշակի հավաստիությամբ պետք է հավանական կապ ցույց տա վերագրվող հանցանքի ու գույքերի միջև։
«Ինչ վերաբերում է հանցանքի հետ կապին, պետք է նշեմ, որ մեր կողմից արձանագրվել է հետևյալը․ 2020 թվականի սեպտեմբերի 8-ին Մհեր Սեդրակյանը նախկին Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ այն բանի համար, որ նա․ 1999-2008 թվականների ընթացքում հանդիսանալով պաշտոնատար անձ, Էրեբունի համայնքի ղեկավար, 2004 թվականի ընթացքում համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչի հետևանքով համայնքին պատճառել է էական վնաս»,-նշեց Հարությունյանը։
Դատախազի խոսքով՝ այդ ընթացքում Մհեր Սեդրակյանը հանցավոր համաձայնություն է ձեռք բերել համայնքի ավագանու անդամների հետ, ապա նրանց օժանդակությամբ համապատասխան որոշումների հիման վրա Էրեբունի համայնքի սեփականությունը հանդիսացող Սասունցի Դավիթ հասցեում գտնվող տարածքները օտարել է եղբորը՝ Վարդան Սեդրակյանին։
«Նա նույն (Վարդավառ) զբոսայգու տարածքում գտնվող 544,45 հա մակերեսով տրանսպորտային միջոցների համալիր սպասարկման և 248 քառ․ մետր մակերեսով մետաղական ծածկոցները, ինչպես նաև 5600 քառ․ մետր մակերեսով հողատարածքը 1 միլիոն 550 հազար դրամով օտարել է «Դավիթ-Արտակ ընկերներ» ՍՊԸ-ին»,-ասաց նա։
Բացի այդ, ինչպես ներկայացված է փաստաթղթերում, Սեդրակյանը 18 քառ․ մետր շինությունը 5 հազար 890 քառ․ մետր մակերեսով սպասարկման հողով 108 հազար դրամով օտարել է որդուն՝ Դավիթ Սեդրակյանին։
Դատախազի խոսքով՝ ընդհանուր շուրջ 12 հազար 35, 5 քառ․ մետր հողատարածքը դուրս է եկել համայնքի սեփական ֆոնդից և օտարվել։
«Մհեր Սեդրակյանին վերագրվող արարքները ենթադրել են տնտեսական օգուտ, քանի որ այն տարածքները, որոնք դուրս են եկել համայնքի սեփականության զանգվածից, մտել են Մհեր Սեդրակյանի ընտանիքի սեփականության զանգված․ մի դեպքում գույքը եղբորն է օտարվել, մի դեպքում որդուն, մյուս դեպքում՝ ընկերությանը, որի մասով մանրամասն փաստեր են ներկայացվել»,-ասաց Հարությունյանը՝ նշելով, որ բացի դրանից, այդ արարքի արդյունքում տնտեսական օգուտը ստացվել է նաև այլ եղանակով, օրինակ՝ տարբեր ընկերություններից իր և ընտանիքի անդամների համար ենթադրյալ ապօրինի շահաբաժիններ ձեռք բերելով։
Պատասխանողի ներկայացուցիչը հետաքրքրվեց՝ որ թվականից սկսած են համարում, որ հնարավոր է ներկայացնել գույքի բռնագանձման պահանջ, դատախազը պատասխանեց՝ այն ժամանակահատվածը, երբ Մհեր Սեդրակյանն առաջին անգամ զբաղեցրել է պաշտոն, որը ենթադրում է հայտարարագիր ներկայացնելը, և դրանից հետո՝ 1995 թվականը։
Փաստաբանը նաև հարցրեց՝ եթե հանցանքի մեջ անձը արդարացվում է, ապա հետագա քայլը որը պետք է լինի, Հարությունյանն ասաց՝ եթե ՍԴ-ն համարեր, որ հանցավորության դեմ պայքարի նպատակի իրացման դեպքում առկա է լինելու միայն հանցավորության դեմ պայքարի նպատակը, և չի կարող դրա հետ միասին լինել նաև կոռուպցիայի դեմ պայքարի նպատակը, այդ դեպքում արդարացման հիմքով գործի ավարտվելը պետք է հիմք հանդիսանար ուսումնասիրության դադարման համար․ «Քանի որ ՍԴ-ն ասում է, որ այդ 2 նպատակները կարող են միմյանց փոխլրացնել, համընկնել, կարծում եմ՝ նաև դրանով է պայմանավորված, որ ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող չի ճանաչել օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումը»։
Կողմերը հայցվորի ներկայացուցչի այս դիրքորոշման վերաբերյալ երկարատև քննարկում ունեցան, պատասխանողների ներկայացուցիչները չընդունեցին հայցվորի ներկայացուցչի այն պնդումները, որոնք վերաբերում էին գույքի բռնագանձման հայց ներկայացնելուն՝ միևնույն ժամանակ 2 նպատակներ հետապնդելով։
Պատասխանող Դավիթ Սեդրակյանի ներկայացուցիչ, փաստաբան Ռաֆայել Ջհանգիրյանը դատախազին հարցրեց՝ կարո՞ղ են ընդունել, որ գույքերի մի մասը կապված է կոռուպցիայի, մյուս մասը՝ հանցավորության դեմ պայքարի հետ, վերջինս ասաց՝ կարող են նաև այդպես ընդունել։
Դատախազի այս պնդման վերաբերյալ փաստաբանը հարցրեց՝ կարող են առանձնացնել այդ գույքերը, վերջինս ասաց՝ դրանք այն բոլոր գույքերն են, որոնք ձեռք են բերվել 2004 թվականին, և չեն հիմնավորվել օրինական եկամուտներով։
Հաջորդիվ պատասխանող կողմը ներկայացրեց արագացված դատաքննություն կիրառելու և հայցը մերժելու միջնորդություն, ինչի առնչությամբ դատարանը նշեց, որ այս գործով դեռևս դատաքննության փուլ չեն հասել, ապացուցման բեռ չի բաշխվել, դատարանը չի կարող որևէ եզրակացություն անել՝ արդյոք անհրաժեշտ է լսել գործին մասնակցող անձանց, վկաներին, ու քանի որ այդ փուլ չեն հասել, արագացված դատաքննություն չի կարող կիրառվել։
Միջնորդությունը մերժվեց, նիստը հետաձգվեց։
Մանրամասները՝ տեսանյութերում։