Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր՝ օգոստոսի 10-ին, ընթանում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի և Գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի գործով դատական քննությունը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այսօր դատարանում հարցաքննվում է Սերժ Սարգսյանը։ Նա` պատասխանելով հանրային մեղադրողի հարցերին, նշեց, որ Բարսեղ Բեգլարյանին ճանաչում է 1971 թվականից և այդ թվականից սկսած նրանք ընկերներ են։ Դատախազի հարցին՝ գործի վերաբերյալ այլ մանրամասներ հիշե՞լ է, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Ես ինչ վերհիշել եմ՝ նախաքննության ընթացքում մանրամասն ներկայացրել եմ»։
3-րդ նախագահը դատարանում հայտարարեց՝ Սերգո Կարապետյանին ասել է միայն, որ ծրագիրը պետք է ժամանակին իրականացվի և որակով․ «Ուրիշ որևէ ցուցում չեմ տվել»։
Հանրային մեղադրողի մի քանի հարցերից հետո ամբաստանյալին սկսեց հարցեր ուղղել նախագահող դատավոր Վահե Միասկյանը։ Նա հետաքրքրվեց՝ Սերժ Սարգսյանը ծրագրի հետ կապված առանձին հանդիպում ունեցե՞լ է Սերգո Կարապետյանի հետ։ Սերժ Սարգսյանը բացասական պատասխան տվեց․ «Կար էդպիսի աշխատելաոճ․ նախարարները պարբերաբար զեկուցում էին Հանրապետության նախագահին իրենց ստանձնած ոլորտում գործերի իրավիճակի մասին։ Այդքան բան»։
Դատավորը մի հատված ընթերցեց Սերգո Կարապետյանի նախաքննական ցուցմունքներից, որոնցում վերջինս հայտնում էր իր և Բարսեղ Բեգլարյանի միջև տեղի ունեցած հանդիպման մասին։ Այս ժամանակ «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատերը հայտնել է, որ կարող է 2 դրամով իջեցնել վառելիքի գինը և հայտնել է, թե ինքը պայմանավորվել է Հանրապետության նախագահի հետ ներկրումը կազմակերպելու վերաբերյալ։ Կարապետյանը 3-րդ նախագահին պատմել է Բարսեղ Բեգլարյանի հետ հանդիպման մասին։
«Սերժ Սարգսյանն ասել է՝ տվեք իրեն, թող ինքը կազմակերպի մատակարարումը»,-նախաքննական ցուցմունքում քննիչին հայտնել է Սերգո Կարապետյանը։
Դատավորը ամբաստանյալից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ Սերգո Կարապետյանը նման բովանդակության ցուցմունք պետք է տար, եթե նման բովանդակության հանդիպում Սերժ Սարգսյանը նրա հետ չի ունեցել։
«Չեմ ուզում ենթադրություններ անել։ Թող դատարանը ինքը ենթադրություն անի, թե ինչու Սերգո Կարապետյանը նման ցուցմունք չի տվել ոչ առաջին, ոչ էլ 2-րդ հարցաքննության ժամանակ»,-դատարանում ասաց Սարգսյանը և ևս մեկ անգամ նշեց՝ նման բան չի եղել։
Սերժ Սարգսյանի հարցաքննությունն ավարտվեց։
Հիշեցնենք, որ դատարանում քննվող գործը վերաբերում է շուրջ 10 տարի առաջ վառելիքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներին: Գործով ի սկզբանե ամբաստանվում էր 5 անձ: Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության նախկին սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին և նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական նախկին օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպելը, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը)։
Գործի քննության ընթացքում Սամվել Գալստյանն ու Սերգո Կարապետյանը մահացել են: