ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի գույքը կալանքից ազատելու մասին։
Նրա խոսքով՝ Հատուկ քննչական ծառության վարույթում 2019 թվականի դեկտեմբերի 4-ին Սերժ Սարգսյանը կասկածյալի իրավունքների պարզաբանմամբ վկայի հարցաքննությունից և առերեսումից հետո ներգավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել։ Վկայի հարցաքննության արձանագրության եզրափակիչ մասում պաշտպաններ Ռուբեն Հակոբյանի և Ամրամ Մակինյանի կողմից ներկայացվել է միջնորդություն՝ տրամադրել բոլոր այն դատավարական փաստաթղթերի պատճեները, որոնք Քրեական դատավարության տվյալ փուլում Սերժ Սարգսյանը ծանոթանալու և ստանալու իրավունք ունի։ Միջնորդության լուծումն առանց որեւէ հիմնավորման հետաձգվել է։
«2019 թվականի դեկտեմբերի 9-ին քննիչին ներկայացվել է պաշտպանության իրավունքի խախտումները վերացնելու, դատավարական փաստաթղթերին ծանոթացնելու և դրանք պատճեները տրամադրելու մասին միջնորդություն, որի պահանջներից մեկը հանդիսացել է՝ տրամադրել բոլոր այն որոշումների պատճեները, որոնք մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձն այդ փուլում ստանալու իրավունք ունի։ 2019-ի Դեկտեմբերի 13-ին և 20-ին ստացվել են քննիչի գրությունն ու միջնորդությունը քննություն առնելու մասին որոշում, որոնցով պաշտպանության կողմին չի տրամադրվել պահանջվող, տրամադրման ենթակա որոշումների պատճեները, որոնց թվին է դասվում գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը։
2019-ի դեկտեմբերի 18-ի երեկոյան էլեկտրոնային մամուլից տեղեկացել ենք, որ քննիչի կողմից Սարգսյանի, Բեգլարյանի գույքի վրա կալանք է դրվել։ Դրանից մեկ օր անց պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդություն է ներկայացրել նախանքննական մարմին՝ տրամադրել Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու մասին որոշման օրինակը և ծանոթացնել հավաքված այն ապացույցներին, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ Սարգսյանը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել բռնագրավման ենթակա գույքը։ Դեկտեմբերի 16-ին ստացվել է քննիչի միջնորդությունը մասնակի մերժելու մասին որոշումը, որով պաշտպանի նույնաբովանդակ երրորդ միջնորդությունը մասնակի մերժվել է, տրամադրվել է մեղադրյալի գույքի վրա կալանք դնելու մասին որոշման օրինակը, որն այդքան ժամանակ գաղտնի էր պահվում պաշտպանության կողմից»,-ասաց Ռուբեն Հակոբյանը։
Պաշտպանի խոսքով՝ քննիչը պատճառաբանել է, որ Սերժ Սարգսյանը ՀՀ պետական տարբեր մարմիններում նախկինում զբաղեցրել է բարձրաստիճան պաշտոններ, ինչպես նաև դրանից բխող կենսափորձը և ունեցած կապերը հիմք են տալիս ենթադրելու, որ իրեն վերագրվող արարքի բնույթից և վտանգավորության աստիճանից ելնելով՝ նա կարող է անձամբ կամ միջնորդավորված եղանակով թաքցնել, օտարել կամ սպառել սեփականության իրավունքով իրն պատկանող գույքը։
Նա նաև հայտնեց, որ իր պաշտպանյալի գույքի վրա կալանք դնելիս խախտվել են տվյալ դատավարական հարկադրանքի միջոցի կիրառումը կանոնակարգող, Քրեական դատավարության օրենսգրքի բազմաթիվ հոդվածներ։ Կալանք դրվել է 489 միլիոն 160 հազար 310 դրամի սահմանաչափով շարժական ու անշարժ գույքի և ֆինանսական միջոցների վրա, բաժնեմասերի, արժեթղթերի վրա։
Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ քննիչի որոշման դեմ իրենք բողոք են ներկայացրել առաջին ատյանի դատարան, որը մերժվել է։ Նույն բողոքը ներկայացրել են ՀՀ վերաքննիչ դատարանը, որը նույնպես մերժվել է։ Հաջորդիվ բողոք են ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան, որի որոշումը դեռ չկա։ «Վարույթն իրականացնող մարմինը մինչև գույքի վրա կալանք դնելը առհասարակ չի պարզել՝ Սերժ Սարգսյանն ընդհանրապես գույք ունի՞, թե՞ ոչ»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում