Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ հետաձգվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։
Նիստին որպես վկա պետք է հարցաքննվեր Սևան Քոչարյանը, սակայն ինչպես նախորդ նիստին, այսօր էլ նա չէր ներկայացել։
Դատավորը նշեց, որ նա ոստիկանության միջոցով պետք է բերման ենթարկվեր։
«Դատարանի որոշումը փաստացի չի կատարվել, պատճառների մասին տեղեկություն չունենք», – ասաց Վահե Միսակյանը։
Վկաներից մյուսը՝ Եղիշե Վարդանյանը, Հայաստանում չէ։
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 25-ին։
Նշենք նաև, որ դատարանի բակում հավաքվել էին Սերժ Սարգսյանի համակիրները։ Նախագահը շնորհակալություն հայտնեց նրան՝ աջակցության համար։ Ներկաներից մեկն էլ ասաց, որ միշտ կգան։
«Միշտ… հո ամբողջ կյանքում չե՞ք գալու»,- արձագանքեց Սերժ Սարգյանը։
Հիշեցնենք, որ ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:
Հավելենք նաև, որ գործով ամբաստանյալներ Սերգո Կարապետյանը (2021 թվականի փետրվարի 18-ին) և Սամվել Գալստյանը (2021 թվականի հունվարի 10-ին) մահացել են կորոնավիրուսի հետևանքով։