Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում հունվարի 26-ին նախագահությամբ Վահե Միսակյանի, ընթանում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի և գյուղնախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի գործով դատական նիստը։
Հարցաքննվեց գործով վկա Սևան Քոչարյանը։
Նշենք, որ նրա հարցաքննությունը երկարաձգվում էր, քանի որ նա ուներ առողջական խնդիրներ և հայտնում էր, որ պատշած չի ծանուցվել, դրա համար էլ չի ներկայացել մի քանի դատական նիստերի։
«Պաշտպանության նախարարության դիզվառելիքը 5 տարի մատակարարել եմ ես։ Այդ տարիների ընթացքում շուրջ 60-80 հազար տոննա դիվզառելիք եմ ներկրել։ Դրանից հետո Գյուղատնտեսության նախարարության հայտարարած մրցույթին նախորդող 2-3 տարիների ընթացքում Իրաքից և Պարսկաստանից մոտ 20․000 տոննա դիզվառելիք եմ ներկրել»,-նշեց նա։
Մեղադրող կողմը վկային հարցրեց, թե արդյո՞ք եղել է մրցույթ և ինչպես է նա իմացել այդ մասին։
«Մրցույթ եղել է, թե ոչ, թե գնային առաջարկ է եղել ես չեմ կարող ասել։ Բայց զանգել են ինձ, ներկայացել են Գյուղատնտեսության նախարարության վարչության պետ, հետո եմ իմացել, որ Գևորգ Հարությունյանն է։ Ինձ առաջարկվել է մասնակցել գյուղացիներին դիզվառելիք մատակարարելու այդ ծրագրին։ Ես համաձայնություն եմ տվել։ Նորից եմ կրկնում՝ ես չգիտեմ, դա մրցույթ է եղել, թե գնային առաջարկ։ Երկու օր հետո ինձ զանգել է նույն անձը և հրավիրել է հանդիպել Գյուղատնտեսության նախարարի հետ։ Մենք հանդիպել ենք՝ նախարարը ես և «Սոբրանիյե» ընկերության տնօրեն Եղիշե Վարդանյանը։
Դատավորը միջամտեց։ Նա նշեց, որ վկայի նախնական ցուցմունքում և արդեն դատարանում արված պնդումներն իրար հակասում են։
Մասնավորապես՝ խնդիրը վերաբերում է նրան, որ վկա Քոչարյանը իր ցուցմունքում հստակ պնդել է, որ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հաստատ իմացել է, որ ինքն այն անձն է, ով տարիներ շարունակ վառելիք է մատակարարել ՊՆ-ին։
Դատավորն ասաց, որ նշի, թե ինչու է նման պնդում արել։
«Տրամաբաներոն, բայց թե որտեղից գիտեր, որ ես խոշոր ներկրող եմ ես չեմ կարող պատասխանել, հիմա արդեն ինքն էլ չի կարող պատասխանել»,-ասաց Քոչարյանը։
Ի պատասխան դատավորի այն հարցին, թե որտեղից է բխում այն պնդումը, որ Սերգո Կարապետյանն իրեն ճանաչել է, նա ասաց, որ առաջինն այն է, որ իր հետ կապվել էր Գևորգ Հարությունյանը։
«Տրամաբանորեն ես մտածում են, որ իրենք գիտեն, որ ես կարող եմ մատակարարել այդ դիզվառելիքը, հետևաբար նաև Սերգո Կարապետյանը գիտեր, թե ես ով եմ»,-ասաց Սևան Քոչարյանը։
Նրա խոսքով իր գործունեությանը խոչընդոտել են «Մաքս» ընկերությունը և «Ֆլեշ» ՍՊԸ-ն։ Վերջնարդյունքում մրցույթում հաղթել է «Ֆլեշ» ՍՊԸ-ն։
Պաշտպան Ամրամ Մակինյանը դատարանին ներկայացրեց փաստաթղթեր՝ վկայի կողմից դիզվառելիքի ձեռքբերման և նրա գործունեության վերաբերյալ, ինչպես նաև, տվյալներ այն մասին, որ Սևան Քոչարյանը պարտքեր է ունեցել՝ 500.000 ԱՄՆ դոլարի չափով, որոնք, ըստ պաշտպանի, մարել է պետությունը։
Պատասխանելով մեղադրող դատախազի հարցադրմանը, թե ինչու է հանցագործության մասին հաղորդում ներկայացրել միայն 2019թ, եթե տարիներ առաջ՝ մրցույթի արդյունքները հրապարակելու ժամանակ, ինքն արդեն գիտեր կեղծիքի մասին, վկան ասաց, որ 2019 թվականին է նպատակահարմար գտել։
Հիշեցնենք, որ ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:
Հավելենք նաև, որ գործով ամբաստանյալներ Սերգո Կարապետյանը (2021 թվականի փետրվարի 18-ին) և Սամվել Գալստյանը (2021 թվականի հունվարի 10-ին) մահացել են կորոնավիրուսի հետևանքով։