Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր՝ օգոստոսի 25-ին, նախագահությամբ Վահե Միսակյանի կայացավ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը, որը հետաձգվեց:
Դատավորն ասաց, որ գործով վկա Սևան Քոչարյանը առողջական խնդիրների պատճառով չի ներկայացել դատական նիստին:
«Դատարանի դիրքորոշումը հետևյալն է, որ քանի դեռ չեն ավարտել վկայի հարցաքննությունը, այսինքն հարցեր տալու պրոցեսը փաստացի դեռ չենք սկսել, թեև հարցաքննության ընթացքը սկսվել է, նպատակահարմար չէ սկսել մյուս վկայի հարցաքննությունը»,-ասաց Վահե Միսակյանը:
Նշենք, որ այսօրվա դատական նիստին ներկայացել էր գործով վկա Եղիշե Վարդանյանը:
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ դիտավորություն է տեսնում գործով վկա Սևան Քոչարյանի դատարան չներկայանալու մեջ:
«Այն վկան, ով առիթ է հանդիսացել այս քրեական գործի հարուցման համար, եկավ, պատճառաբանություն բերեց, թե ինչ-որ լսողական խնդիրներ ունի ու արդեն 3-րդ դատական նիստն է պատշաճ ծանուցվում է, բայց չի ներկայանում: Ես համոզված եմ, որ անձը հասկանում է, որ խաբվել է և պետք է գա ու պատասխանի մեր հարցերին: Հարցերի պատասխաններն իհարկե չկան: Սա ուղիղ ցուցիչ է այն մասին, որ այս քրեական գործը կեղծ և շինծու է, քանի որ դատարան չի ներկայանում այն վկան, ով և ում հաղորդումն առիթ է հանդիսացել այս քրեական գործի հարուցման համար»,-նշեց նա:
Մակինյանի խոսքով՝ իրենք հետևողական են լինելու և համոզված են, որ դատարանն էլ միջոցներ կձեռնարկի, որ անձը գա դատարան և պատասխանի հարցերին:
«Պարզ է, թե ինչու ոստիկանությունը միջոցներ չի ձեռք առնում այս անձին բերման ենթարկելու համար: Այստեղ երկու վարկած կա՝ կամ ոստիկանությունը, չի կարողանում այդ անձին գտնի կամ ոստիկանությունը չի ուզում»,-ասաց 3-րդ նախագահի պաշտպանը:
Հիշեցնենք, որ Սևան Քոչարյանը դատարան էր ներկայացել ապրիլի 28-ին և ցուցմունք տվել:
Հիշեցնենք, որ ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:
Հավելենք նաև, որ գործով ամբաստանյալներ Սերգո Կարապետյանը (2021 թվականի փետրվարի 18-ին) և Սամվել Գալստյանը (2021 թվականի հունվարի 10-ին) մահացել են կորոնավիրուսի հետևանքով։
Սերժ Սարգսյանի գործով հոջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 8-ին, ժամը 14:30-ին: