«Հիմա ոնց որ իմ թևերը կապեն բոքսի ռինգում ու ասեն՝ բոքս կպի»․ Վահագն Վերմիշյանը՝ դատարանում

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ հոկտեմբերի 6-ին, տեղի է ունեցել Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ, Ստեփանավան քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետ Վահագն Վերմիշյանի գործով նիստը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նախագահող դատավոր Կարապետ Բադալյանը 11։00-ին նշանակված նիստի սկզբում հայտնեց՝ ոստիկանության ուղեկցող գումարտակից փոխանցել են, որ Վահագն Վերմիշյանին հնարավոր կլինի դատարան բերել 12։30-13։00-ն ընկած ժամանակահատվածում։ Նիստը ընդմիջվեց և շարունակվեց 13։00-ից։

Նիստի սկզբում Վահագն Վեիմիշյանը հարց ուղղեց Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նաիրա Արտաշեսյանին․ «Ինչի՞ց ելնելով է իմ 1993, 1995 թվականներին ձեռք բերված գույքը, որը ոչ այլ ինչ է, քան ներդրում Հայաստանի Հանրապետություն, համարվել ապօրինի ձեռք բերված գույք։ Ինձ մոտ հարց է առաջանում․ եթե կարելի է նմանատիպ հայցեր ներկայացնել բոլոր նրանց վերաբերյալ, ովքեր արտասահմանում աշխատելով ներդրում են արել ՀՀ-ում, ուրեմն Ալեք Մանուկյանին կարելի էր հարցնել, նրա դստերը, Քըրք Քըրքորյանին, Սամվել Կարապետյանին կամ դրսում աշխատած մյուս մարդկանց, որոնք ներդրում են արել ՀՀ-ում։ Կամ Բելգիայի ինչ-որ քաղաքում գիշեր-ցերեկ տաքսու վարորդ աշխատած, գույք ձեռք  բերած անձանց վերաբերյալ էլ կարելի է հայց ներկայացնել։ Հարցնել՝ որտեղի՞ց ձեզ էդ գույքը»։

Նաիրա Արտաշեսյանը նշեց, որ դատախազությունը բռնագանձման պահանջ է ներկայացրել առաջինը 2006-ին ձեռք բերված ենթադրյալ ապօրինի գույքի մասով և այն վերաբերում է Ագարակ գյուղում գտնվող հողամասին։

«Դատախազությունը չի բացառում նաև, որ մարդիկ կարող են աշխատել արտերկրում և ստանալ եկամուտներ, բայց մեր ուսումնասիրությամբ՝ այլ եկամուտներ, քան պետական մարմիններից ստացված տվյալներն են, չենք ունեցել։ Եթե Դուք կունենաք եկամուտների վերաբերյալ տվյալներ, որոնք ստացել եք արտերկրում, կներկայացնեք, մենք դա հաշվի կառնենք»,-նշեց դատախազը՝ հավելելով, որ ուսումնասիրությունը կատարվել է բացառապես ՀՀ-ում, այլ երկրներ հարցումներ չեն արվել։

Վերմիշյանը դատարանում հայտնեց, որ հիշատակված հողամասը ձեռք է բերել 300-350 ԱՄՆ դոլարով։ Նա հայցը աբսուրդային որակեց ու պնդեց՝ գումարը աշխատել է արտերկրում, ներդրել Հայաստանում․ «Ես համարյա 27 տարի, առանց 1 ամիս նույնիսկ արձակուրդ ունենալու աշխատել եմ և ներդրում եմ արել իմ հայրենիքում, իմ պապական տան կողքի հողամասը, որ վաճառվել էր, գնել եմ»։

Նա նշեց, որ Սուդանում քաղաք է նախագծել, Դուբայում 2 հյուրանոցային կոմպլեքս է նախագծել, Սանկ Պետերբուրգում, Սլովենիայում և Չինաստանում տարբեր նախագծեր է իրականացրել։ Ընդհանուր մոտ 5 միլիոն 800 հազար քառակուսի մետր շենք-շինություն է նախագծել․ «Հիմա ոնց որ իմ թևերը կապեն բոքսի ռինգում ու ասեն՝ բոքս կպի»։

Վահագն Վերմիշյանը նշեց, որ եթե 1 տարի վատնի, կարող է ցույց տալ, թե իր նախագծերի համար արտերկրում որքան գումար է ստացել։ Նա նշեց, որ հայցադիմումի ներկայացումը ունի քաղաքական նպատակ, իսկ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը Հայաստանի կործանման սկիզբն է դրել։

Պատասխանողի ներկայացուցիչ Արմեն Մելքումյանը դատարանին միջնորդեց նիստը հետաձգել, քանի որ վերջիններս գործով 10 օր առաջ են ներգրավվել, չեն հանդիպել իրենց վստահորդի հետ, առաջին անգամ նրան այսօր են տեսնում, դատարանում․ «Կան մի շարք տեղեկություններ, փաստեր և փաստաթղթեր, որոնք մեզ անհրաժեշտ են գործով վերջնական դիրքորոշում ներկայացնելու համար»։

Վերմիշյանը միացավ ներկայացված միջնորդությանը, ևս մեկ անգամ պնդեց՝ սա Հայաստանի համար աննախադեպ գործ է, երբ դրսում աշխատած մարդու գույքը որոշել են բռնագանձել․ «Խնդիր չի, ես աշխատող մարդ եմ, քանի ինձ Աստված հնարավորություն է տվել ապրելու, ես էլի կարող եմ աշխատել։ Եթե իհարկե ինձնից բռնագանձված գույքը գնալու է բարի գործերի, բայց ես դրանում համոզված չեմ»։

Նա դատարանում հայտնեց նաև, որ հայցադիմումում ներառված Ագարակի և Ստեփանավանի տները տրամադրվել են Արցախից բռնի տեղահանվածներին։ Վերմիշյանի խոսքով՝ այսօր նման գործ քննելը անբարոյականության նմանվող բան է, ինքը բոլոր գույքերը ձեռք է բերել պաշտոնավարումից առաջ։

Նախագահող դատավոր Կարապետ Բադալյանը նկատողություն արեց պատասխանողին, և հորդորեց նման արտահայտություններ չօգտագործել։ Նաիրա Արտաշեսյանը չառարկեց, որպեսզի նիստը հետաձգվի։ Դատավորը զգուշացրեց փաստաբաններին, որ դատարանը չի կարող փաստաբանների ամեն նոր խմբի ներգրավման դեպքում գործի քննությունը ձգձգել․ «Վերջին անգամ է միջնորդությունը բավարարվում»։

Նիստի վերջին Վերմիշյանը պնդեց ավելի վաղ իր արած հայտարարությունը, նշեց՝ գործը քաղաքական է, «պատասխանատուները համապատասխան պատասխանատվություն են կրելու»։

Դատախազը միջնորդեց Ամերիաբանկին և Արդշինբանկին գործով որպես 3-րդ անձ ներգրավել, քանի որ հայցադիմումում բռնագանձման ենթակա գույքերի ցանկում ներառված անշարժ գույքերը գրավադրված են նշված բանկերում։ Կողմերը դեմ չէին, որպեսզի գործով 3-րդ անձինք ներգրավվեն։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 3-ին։

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել