«Պատասխանող կողմը նպատակ է հետապնդում խափանել դատական նիստը»․ Սերժ Սարգսյանի և նրա դստեր ներկայացուցիչները 3 միջնորդություն ներկայացրին դատարանին

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ հուլիսի 12-ին, շարունակվեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա դստեր՝ Սաթենիկ Սարգսյանի և երրորդ անձ «Արարատբանկ» ԲԲ ընկերության՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումի քննությունը։ Նիստը նախագահում է դատավոր Կարապետ Բադալյանը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ սկզբում քննարկվեց նիստը տեսանկարահանելու վերաբերյալ հարցը։ Պատասխանողների ներկայացուցիչ Ամրամ Մակինյանը հայտարարեց, որ այս հարցը քննարկելիս դատարանն իրենց դիրքորոշումը հաշվի չի առնում։

Դատավորը սակայն նշեց, որ երբ փաստաբանները դեմ են արտահայտվում իրենց տեսանկարահանելուն, դատարանը նրանց դիրքորոշումը հաշվի է առնում։

«Խոսքն այդ մասին չէ։ Խոսքն այն մասին է, որ մենք ընդհանրապես առարկել ենք, որ դատական նիստը տեսանկարահանվի, լուսանկարահանվի կամ ուղիղ հեռարձակվի։ Դատարանը դա հաշվի չի առել։ Դրանից հետո մենք փորձել ենք նվազագույնի սկզբունքով առաջնորդվել։ Չնայած, ես այն համոզմանն եմ, որ Ձեր գործողությունները չեն բխում այս հարցի վերաբերյալ ԲԴԽ  արտահայտած դիրքորոշումներից, թե նաև օրենքից։ Ինքնանպատակ վեր կենամ ու կարծիք հայտնեմ՝ ցանկություն չունեմ»,-նշեց Մակինյանը։

Դատարանը գտավ, որ լրագրողների միջնորդությունները ենթակա են բավարարման ամբողջությամբ, քանի որ առարկություն, ըստ էության, չներկայացվեց։

Պատասխանող կողմը հայտարարեց, որ միջնորդություններ պետք է ներկայացնի, սակայն մինչև այդ Ամրամ Մակինյանը անդրադարձավ դատական նիստին իրենց ներկայությանն այն պայմաններում, երբ փաստաբանները եռօրյա գործադուլի մասին էին հայտարարել։ Երեկ նա միջնորդություն էր ներկայացրել գործերից մեկով, որը նույնպես Կարապետ Բադալյանի վարույթում է՝ խնդրելով, որպեսզի նիստը հետաձգվի։ Սակայն դատավորը պատճառը հարգելի չէր համարել․ «Ներկայացրել ենք համապատասխան հիմնավորումները, խնդրել ենք նիստը հետաձգել, սակայն դատարանը մեր խնդրանքը չի հարգել, մեր չներկայանալը համարել է անհարգելի»։

Պատասխանողի ներկայացուցչի խոսքով՝ նրանք հակասական իրավիճակում են հայտնվել և այսօր եկել են դատական նիստի և կրկին խնդրեց նիստը հետաձգել։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ Տիգրան Ենոքյանը նշեց, որ գործադուլ անցկացնելը կողմի իրավունքն է, սակայն դատական նիստը հետաձգելու հիմքեր չկան։ Կարապետ Բադալյանը ներկայացված միջնորդությունը մերժեց։ Նրա խոսքով՝ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականի պահանջը, նրան «Փաստաբանության թշնամի» հավաստագիրը հանձնելու կապակցությամբ փաստաբանական համայնքում հարցումներ անցկացնելը, դատարանը չի կարող գնահատել գործի քննությունը հետաձգելու հարգելի հիմք։

Այնուհետև պատասխանողների ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը 2 միջնորդություն ներկայացրեց, որոնց հիմքում Սահմանադրական դատարանում քննվող «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցն է։ Առաջին միջնորդությամբ փաստաբանը միջնորդեց գործի քննությունը կասեցնել, քանի դեռ ՍԴ-ն չի հրապարակել օրենքի վերաբերյալ իր որոշումը։

Դատախազը սակայն գտավ, որ միջնորդությունն անհիմն է։ Նա նշեց, որ վարույթը կասեցնելու դատարանի պարտականությունը ծագում է 2 վավերապայմանների միաժամանակյա առկայության դեպքում, այն է՝ սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարությունների կարգով այլ գործերի առկայությունով։ Ենոքյանի խոսքով՝ գործի վարույթը կարող է կասեցվել այն դեպքում, երբ անհնար է դատավարական որևէ գործողություն կատարելը։

«Բացի այդ, քանի դեռ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի որևէ դրույթ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից չի կասեցվել, գործում է դրա՝ Սահմանադրությանը համապատասխանելու կանխավարկածը և ներկայացված հայցի քննության կասեցման հիմքեր առկա չեն»,-ասաց դատախազության ներկայացուցիչը՝ հավելելով, որ ներկա փուլում գործի քննության կասեցումը կարող է խոչընդոտել ողջամիտ ժամկետներում հայցադիմումը քննելուն։

Դատավորը որոշեց մերժել այս միջնորդությունը ևս։ Որոշումը մեկնաբանելիս Կարապետ Բադալյանը նշեց, որ ՍԴ որոշում դեռևս առկա չէ։ Բացի այդ, բացակայում է գործի քննության անհնարինությունը։

2-րդ միջնորդությամբ Վահագն Գրիգորյանը դատարանին խնդրեց գործի քննությունը նույն հիմքով, սակայն այլ հիմնավորումներով հետաձգել։

«Այս միջնորդության իմաստը կայանում է նրանում, որ մենք խնդրում ենք որոշ ժամանակով այս գործը չքննել, որոշ ժամանակ սպասել, մինչև ՍԴ-ն որոշում կայացնի։ Այդ ժամանակ դատարանը կարող է պայմանական սահմանել  տևողությունը։ Եթե այդ ընթացքում ՍԴ որոշումը չեղավ, կարող ենք քննարկել գործի քննությունը շարունակելու կամ չշարունակելու հարցը»,-նշեց փաստաբանը։

Դատարանը որոշեց այս որոշումը ևս մերժել՝ նույն հիմնավորմամբ։ Հայտարարված 10 րոպե ընդմիջումից հետո պատասխանող կողմը հայցային վաղեմություն կիրառելու միջնորդություն ներկայացրեց։ Վահագն Գրիգորյանն ընդգծեց, որ այս միջնորդությունը ներկայացնելու փաստը չի կարող մեկնաբանվել որպես պատասխանողների կողմից պահանջների կամ հայցի հիմքում դրված փաստերի ընդունում․ «Պատասխանող կողմն ամբողջությամբ առարկում է ներկայացված հայցի, հայցի հիմքերի և հայցապահանջների դեմ։ Սակայն, հաշվի առնելով, որ պատասխանող կողմի գնահատմամբ, լրացել է հայցային վաղեմության ժամկետը, ներկայացվում է այս միջնորդությունը»։

Միջնորդությունը ներկայացնելուց հետո դատավորը մեջբերեց Քաղաքացիական դատավարության համապատասխան հոդվածն ու նշեց, որ նույն հիմքով միջնորդություն կրկին ներկայացնելն արգելվում է, այն չի քննարկվում։ Կարապետ Բադալյանը հիշատակեց նաև օրենսգրքի մեկ այլ հոդված, որը վերաբերում էր միջնորդություն ներկայացնելու իրավունքի չարաշահմամբ առկա է նպատակ՝ խափանել դատական նիստը, ձգձգել գործի դատական քննությունը․ «Նախկինում ներկայացվել է հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն, որում վկայակոչված են նույն իրավանորմերը,  նույն նախադեպային որոշումները»։

Դատավորը նշեց, որ 3-րդ միջնորդությունը ենթակա չէ քննարկման․

«Հաշվի առնելով այսօրվա դատական նիստում կողմի ներկայացրած՝ գործի քննությունը հետաձգելու բազմաթիվ, տարբեր փաստարկներով գործի քննությունը հետաձգելու միջնորդությունները, դատարանն արձանագրում է, որ այս միջնորդություն  էլ ներկայացված է նույն տրամաբանությամբ։ Նպատակ է հետապնդում խափանել դատական նիստը, ձգձգել դատական քննությունը»։

Դատարանը սակայն բավարարեց Ամրամ Մակինյանի՝ դատական նիստը հետաձգելու մասին միջնորդությունը։ Վերջինս թաղման արարողության պետք է մասնակցեր։ Հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 30-ին։

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել