36-ամյա Գարիկ Մելքոնյանը դատապարտվել է ազատազրկման` արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքով տուժող Մարինեին (անունը փոխված է) ինքնասպանության փորձի: Նա արդեն 6-րդ անգամ է դատապարտվել, և այս հանցագործությունն էլ կատարել է` գտնվելով «Սևան» քրեակատարողական հիմնարկում:
Համաձայն գործի նյութերի` ամուսնանալու նպատակով նա «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է Մարինեի հետ, որից հետո ինչպես նույն կայքի, այնպես էլ հեռախոսակապի և «Սկայպ» ծրագրի միջոցով շարունակել է շփվել նրա հետ: Այս ընթացքում ձեռք է բերել կնոջ վստահությունը և որպես «սիրո ապացույց» պահանջել եւ ստացել է նաեւ Մարինեի մերկ լուսանկարները:
2013 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում Գարիկը Մարինեից գումար է խնդրել` ՔԿՀ-ում ունեցած պարտքերը մարելու նպատակով, սակայն կինը մերժել է նրա խնդրանքը` գումար չունենալու պատճառով: Գարիկը վրդովվել է եւ 2013 թվականի նոյեմբերի 16-ին, 17-ին կարճ հաղորդագրություններ է ուղարկել նրա հեռախոսին` սպառնալով իր մոտ գտնվող մերկ լուսանկարներն ուղարկել Մարինեի քրոջ ամուսնուն, այլ մարդկանց: Դրանից հետո Մարինեն դադարեցրել է շփումը Գարիկի հետ` այդ կերպ ցանկանալով զերծ մնալ վերջինիս սպառնալիքների իրագործումից:
Սակայն Գարիկը 2013 թվականի դեկտեմբերի 11-ին նույնաբովանդակ սպառնալիքներ պարունակող հաղորդագրություն է ուղարկելՄարինեի քրոջը` կցելով նաև մերկ լուսանկարները: Այնուհետեւ 2014 թվականի փետրվարի 8-ին «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքում Մարինեի մերկ լուսանկարներով անհատական էջ է բացել և ընկերության առաջարկ ուղարկել Մարինեի անչափահաս որդուն:
2014 թվականի փետրվարի 9-ին Մարինեն հոգեկան խիստ լարված վիճակում և մտավախություն ունենալով, որ Գարիկը մինչեւ վերջ կարող է իրականացնել սպառնալիքները, ստեղծված իրավիճակից այլ ելք չտեսնելով, կյանքին վերջ տալու նպատակով խմել է 40 հաբ «Իբուպրոֆեն» տեսակի դեղահաբ եւ 1 ամբողջ սրվակ «Վալերիանա» հեղուկ: Հարազատների օգնությամբ դեղորայքային թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ստացել է համապատասխան բուժօգնություն:
Գործի մինչդատական վարույթի ընթացքում եւ դատաքննության ընթացքում ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել: Ասել է, որ ինքը որեւէ հանցանք չի կատարել Մարինեի նկատմամբ, քանի որ իրենք պարզապես ծանոթացել եւ շփվել են բջջային հեռախոսի միջոցով: Ինքը նրանից գումար չի պահանջել: Կինը հագուստ եւ սնունդ իր կամքով է ուղարկել: Նաեւ հայտնել է, որ ինքը չի ցանկացել, որ նա ինքնասպանություն կատարի, իր մտքով չի էլ անցել, որ կարող է ինքնասպան լինի: Ասել է նաև, որ սկզբնական շրջանում Մարինեի հետ շփվել է ամուսնության նպատակով,սակայն հետագայում իմանալով,որ նա որդի ունի, հրաժարվել է այդ մտքից: Ներկայացրել է,որ Հայաստանում հարազատներ չունի եւ բնակվում է ԱՄՆ-ում:
Սակայն Մարինեն տարբեր հեռախոսահամարներով փորձել է կապ հաստատել իր հետ` ուղարկելով նաեւ մերկ լուսանկարներ: Ինքը նաեւ Մարինեի քրոջն է զանգել եւ զգուշացրել, որ Մարինեն այլեւս իրեն չզանգահարի եւ չանհանգստացնի: Դրանից հետո Մարինեի մայրն է զանգահարել, եւ ինքը ասել է, որ եթե նրանցից որեւէ մեկը իրեն զանգահարեն, ապա այդ մերկ լուսանկարները կհրապարակի: Ինքը Մարինեից մերկ լուսանկարներ չի ուզել, նա ինքն է իր կամքով ուղարկել: Իր կողմից այդ մերկ լուսանկարները հրապարակելու սպառնալիք տալու նպատակը եղել է այն,որ իրեն այլեւս Մարինեն եւ նրա հարազատները չզանգահարեն:
Տուժողն իր ցուցմունքներում նշել է, որ Գարիկն իրենց ասել է, թե 13 տարի բնակվել է ԱՄՆ-ում, կինը մահացել է եւ ունի 6 տարեկան երեխա, եկել է Հայաստան` կրկին ամուսնանալու համար եւ վերադառնալու է ԱՄՆ: Հետագայում Գարիկը ներկայացրել է, որ աշխատում է Ղարաբաղում` որպես բնապահպանության անվտանգության պետ, մասնագիտությամբ ատամնաբույժ է, 20 օրից գալու է Գյումրի եւ ամուսնության նպատակով իրեն ու իր հարազատներին տեսնելու: Այս ամենի մասին տեղյակ են եղել նաեւ իր հարազատները` մայրը, ում հետ նույն հասցեում են բնակվում որդին, քույրը եւ փեսան: Ինքը երբեք չի կասկածել, որ Գարիկը ստում է եւ հավատացել է նրա խոսքերին: Տուժող կինը ցուցմունքը պնդել է նաև առերեսման ժամանակ:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աշոտ Մանուկյանի նախագահությամբ, հաստատված է համարել Գարիկի մեղավորությունը` դատապարտվելով 2.5 տարվա ազատազրկման: Այս պատժին գումարվել է 2012 թվականի հոկտեմբերի 31-ի դատավճռով նշանակված պատժի չկրած մասից՝ 1.5 տարվա ազատազրկումը, վերջնական պատիժ է սահմանվել 4 տարի ազատազրկումը:
Դատավճիռը հրապարակվել է մայիսի 26-ին: Մեկամսյա ժամկետում այն կարող է բողոքարկվել վերադաս ատյանում: