Ավան թաղամասում ավազակային հարձակումից հետո տանտիրոջ մեքենայով փախել են

Նախկինում դատված և դատավածությունը դեռևս չմարած 24-ամյա Սերյոժան նորից ամբաստանյալի աթոռին է` զինված հարձակման և խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով: Նրա հանցակիցը 20-ամյա Արմենն է:

Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, գործը քննվում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ: Երկու ամբաստնյալների հանդեպ էլ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:

Համաձայն մեղադրական եզրակացության, նրանք նախնական համաձայնությամբ և դեռևս գործով ինքնությունը չպարզված ևս մեկ անձի հետ ձեռնոցներով, դիմակավորված, ատրճանակներով ու դանակներով զինված  2014 թվականի ապրիլի 24-ին, ժամը 00.30-ի սահմաններում  նկուղային հարկի եվրոպատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել և  ապօրինի մուտք են գործել Ծարավ Աղբյուր փողոցում գտնվող առանձնատուն:

Տանտիրոջ դուստրերից հանդեպ  կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության գործադրման սպառնալիքով պահանջել են գումար և ոսկյա զարդեր և ավազակային հարձակմամբ հափշտակել տարբեր իրեր և գումարներ` պատճառելով ընդհանուր խոշոր չափի՝ 2.574.670 ՀՀ դրամի գույքային վնաս:

Այնուհետև, առանց հափշտակելու նպատակի, ապօրինաբար տիրացել են Toyota Raf 4 մակնիշի ավտոմեքենային, դրանով դեպքի վայրից դիմել են փախուստի, որը նույն օրը անվնաս կայանել են Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի 5 փողոցի թիվ 4 տան դիմաց:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել