«Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3–ի ՀՀ օրենքի 17–րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ դրանց փամփուշտների ներկրումը եւ արտահանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության թույլտվությամբ, իսկ կառուցվածքով զենքի նմանվող իրերինը` Հայաստանի Հանրապետության ոստիկանության համաձայնությամբ` նշված զենքի եւ դրա փամփուշտների ու կառուցվածքով զենքի նմանվող իրերի սերտիֆիկացումից հետո:
Զենքի եւ դրա փամփուշտների ներկրումը կարող են իրականացնել մատակարար իրավաբանական անձինք, իսկ արտահանումը` զենքի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք:
Այլ անձանց կողմից զենքի ներկրումը եւ արտահանումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Սպորտային, որսորդական, ինքնապաշտպանական, գազային եւ օդաճնշիչ զենքի եզակի օրինակների ներկրումը եւ արտահանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության թույլտվությամբ` սույն օրենքի պահանջներին համապատասխան:
Ռազմական նշանակության արտադրանք համարվող զենքի եւ փամփուշտների ներմուծումը, արտահանումը եւ տարանցիկ փոխադրումը լիցենզավորման ենթակա գործունեություն է, որն իրականացվում է օրենքով սահմանված կարգով: Ռազմական նշանակության արտադրանք համարվող զենքի եւ փամփուշտների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: