Որո՞նք են հայցադիմում գրելու 5 հիմնական կանոնները

Ինչպե՞ս գրել հայցադիմում. երևի թե բազմաթիվ են այն քաղաքացիները, ովքեր բախվում են այսպիսի խնդրի հետ, սույն հոդվածում կներկայացնենք հայցադիմում գրելու այն 5 կանոնները, որոնց պահպանման դեպքում նվազագույնի կհասցվի Ձեր հայցադիմումը վերադարձվելու հավանականությունը, ապահովելով Ձեր գործով հաղթանակի հնարավորության 75 տոկոսը։ Մյուս 25 տոկոսը կախված է դատարանում ներկայացված փաստերից ու գործի հանգամանքներից։

Կանոն 1. Հայցադիմումը գրեք հնարավորինս համառոտ, հակիրճ և լակոնիկ` փորձելով առավելագույնս մատչելի ձևով ներկայացնել Ձեր խնդրի էությունը։

Կանոն 2. Հայցադիմումը բաժանեք կառուցվածքային հետևյալ մասերի` նկարագրական մաս (ներկայացրեք Ձեր խնդրի նախապատմությունը), գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստեր (ներկայացրեք Ձեր խնդրի անկյունաքարային փաստերը), պատճառաբանական մաս (հիմնավորեք Ձեր իրավունքների խախտման փաստը)։
Հայցադիմումում պարտադիր ենթակա են նշման` բռնագանձման ենթակա կամ վիճարկվող գումարի հաշվարկը, ինչպես նաև հայցվորի պահանջները, իսկ մի քանի պատասխանողների դեմ հայց հարուցելիս, հայցվորի` նրանցից յուրաքանչյուրին ուղղված պահանջները.
Կանոն 3։ Հայցադիմումի ներածական մասում (աջ կողմում ներկայացվող կողմերի տվյալները) հավաստիորեն ներկայացրեք կողմերի բոլոր անհրաժեշտ տվյալները, քանզի դրանցից որևէ մեկի բացակայությունը «ավտոմատ» կերպով կհանգեցնի Ձեր հայցադիմումի վերադարձմանը։

Նախ անհրաժեշտ է տառացի կերպով ճիշտ գրել դատարանի անվանումը։

Եթե կողմերից մեկը ֆիզիկական անձ է, ապա նշվում են` անունը, ազգանունը, հայրանունը, բնակության հասցեն, անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը` դրա առկայության դեպքում (նույնականացման քարտի դեպքում` դրա համարը և հանրային ծառայությունների համարանիշը)

Եթե կողմերից մեկը իրավաբանական անձ է, ապա նշվում են` իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրի հասցեն, իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը։

Պարտադիր կերպով նշել հայցագինը, եթե հայցը ենթակա է գնահատման։

Կանոն 4. Հայցադիմումի վերջում պատշաճ կերպով շարադրել կից ներկայացվող փաստաղթղերի ցանկը, որոնք ունեն որևիցե առնչություն հայցադիմումի առարկայի հետ։ Ինչպես նաև չմոռանալ, կից փաստաթղթերի շարքում գրել` հայցադիմումի պատճենը և կից փաստաթղթերը մյուս կողմից ուղարկած լինելու անդորրագիրը, սահմանված չափով և կարգով պետական տուրքը վճարված լինելը հավաստող փաստաթուղթ կամ դրա չափը նվազեցնելու կամ վճարման ժամկետը հետաձգելու կամ տարաժամկետելու վերաբերյալ միջնորդություն։

Հայցադիմումին կարող են կցվել նաև հայցապահանջները հաստատող ապացույցներ: Եթե հայցադիմումն ստորագրված է հայցվորի ներկայացուցչի կողմից, դրան կցվում է նաև վերջինիս` հայց հարուցելու լիազորությունները հավաստող լիազորագիրը: Պայմանագիր կնքելուն հարկադրելու մասին հայցադիմումին կցվում է համապատասխան պայմանագրի նախագիծը:
Հայցադիմումն ստորագրում է հայցվորը կամ նրա կողմից դրա համար լիազորված ներկայացուցիչը (որի լիազորագիրը ենթակա է կցման հայցադիմումին):

Կանոն 5. Հայցադիմումը մինչև հանձնելը կարդացեք մի քանի անգամ` ստուգելու համար մտքի սահունությունը և տառասխալների բացակայությունը, մեջբերված հոդվածների թվերի համապատասխանեցվածությունը։

ՀԵԻԱ իրավախորհրդատու Առնոլդ Վարդանյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել