Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ փետրվարի 5-ին, շարունակվեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատաքննությունը։ Նիստը նախագահում է դատավոր Վահե Դոլմազյանը։
Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունները: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանին։
Ըստ մեղադրանքի՝ դատավորն ակնհայտ անարդար դատական ակտ է կայացրել և չարաշահել պաշտոնեական լիազորությունները։ Նա բավարարել է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը, փոխել է վերջինիս խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատել կալանքից։ Սերգեյ Գրիգորյանն Արուսյակ Ալեքսանյանի եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերն է։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս նիստով գործին ներգրավվեցին Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազներ Ռոբերտ Մհերյանը և Արման Բաղդասարյանը։
Երզրափակիչ ելույթով հանդես եկավ մեղադրյալ Էրիկ Ալեքսանյանը։
Նա ասաց՝ քրեական վարույթի գերակշիռ մաս հանդիսացող ապացուցողական բազան իրավական հիմք չունի, որի թվում են գաղտնալսումների արդյունքները, ու դրա շրջանակներում ձեռք բերված ապացույցները պետք է ևս անթույլատրելի ճանաչել։
Նշեց, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է՝ Արուսյակ Ալեքսանյանը տարբեր գործերով տարբեր դատական ակտեր կայացնելու համար պահանջել և ստացել է 2-2,5 միլիոն դրամ կաշառք, նաև այդ միջոցառումներն իրականացնողը խնդրել է համապատասխան թույլտվություն՝ այդ տեղեկատվությունների հաստատման կամ հերքման ուղղությամբ աշխատանքներ տանելու համար․ «Ես կարծում եմ՝ ակնհայտ է, որ օպերատիվ աշխատակիցը վերադասից չի կարող թույլտվություն հայցել այնպիսի օպերատիվ միջոցառումներ կատարելու համար, որոնք չեն վերաբերում ագրեսիվ բնույթին։ «Օպերատիվ-հետախուզական գործողությունների» մասին օրենքը հստակ վկայում է՝ այդ աշխատակիցը օպերատիվ հարցում, տեղեկությունների ձեռքբերում, առանց տեխնիկական միջոցների օգտագործման արտաքին դիտում հետախուզական միջոցառումների անցկացնելու վերաբերյալ վերադասից թույլտվություն հայցելու որևէ պարտականություն չունի։ Սա որևէ կերպ կապված չէ վերադասի թույլտվությամբ»։
Զեկուցագիրը, որը տրվել է համապատասխան միջոցառումներն իրականացնելու համար, ըստ մեղադրյալի արժանահավատության խնդիր ունի, ու չնայած նրան, որ դատարանը թույլ է տվել «ագրեսիվ» միջամտություն իրականացնել Արուսյակ Ալեքսանյանի իրավունքների նկատմամբ, սակայն դրանց արդյունքում ձեռք չի բերվել որևէ տվյալ Ալեքսանյանի կողմից կաշառք ստանալու առաջարկների մասին։
Էրիկ Ալեքսանյանի գնահատմամբ գաղտնալսման ժամկետների երկարաձգման վերաբերյալ միջնորդության ներկայացման պահին գերակշռող փաստական տվյալը պետք է համարվեր ոչ թե նույն զեկուցագիրը, այլ առաջին գաղտնալսման արդյունքում կազմված արձանագրությունը։
Նշելով, որ իր և Արուսյակ Ալեքսանյանի մեղադրանքները փոխկապակցված են, Էրիկ Ալեքսանյանն ասաց՝ քրեական վարույթի շրջանակներում չկա որևէ տվյալ այն մասին, որ Արուսյակ Ալեքսանյանի առաջին մակագրությունը եղել է սխալ, ըստ նրա՝ այդպիսի տվյալ չէր էլ կարող ձեռք բերվել․ «Մեղադրանքի կողը չի հիմնավորում, չի էլ կարող հիմնավորել, թե ինչու է առաջին մակագրությունը սխալ եղել, մենք շատ լավ գիտենք, որ օրենքով դրա վերաբերյալ որևէ կարգավորում չկա»։
Նա մեջբերումներ կատարեց դատավոր Գագիկ Պողոսյանի՝ դատարանում տված ցուցմունքից։
Ասաց՝ միջնորդությունն Արուսյակ Ալեքսանյանին վերադարձնելու և վերամակագրման պրոցեսի վերաբերելի հարցերի պատասխանները կարելի է ստանալ վկաներ Նաիրա Պետրոսյանի, Մարիա Պետրոսյանի, Սոնա Դանիելյանի ցուցմունքներում։
Մեղադրյալն ասաց՝ գաղտնիք չպետք է լինի այն, որ ինքն անարդար դատական ակտ կայացնելու համար օժանդակող սուբյեկտ չի կարող հանդիսանալ, քանի որ դա իր իրավասությունների շրջանակից դուրս է․ «Դրանով պայմանավորված՝ 2-րդ մեղադրանքն են առաջադրել, որպեսզի փաստաբան Էրիկ Ալեքսանյանին հնարավոր լինի կպնել։ Այնուամենայնիվ, այս մեղադրանքը ծնունդ է առել, որովհետև Էրիկ Ալեքսանյանին կպնելու այլ տարբերակ չկա՝ կա՛մ պետք է էս մեղադրանքն ավելացվի, կա՛մ բացառապես վկայի կարգավիճակից զատ այլ կարգավիճակ չի կարող ունենալ»։
Նրա խոսքով՝ մեղադրանքի կողմը չէր կարող չհասկանալ՝ վերամակագրման թերթիկի, բանավոր պահանջի հանգամանքը Արուսյակ Ալեքսանյանին հայտնի չլինելու պայմաններում լիազորությունների անցման մասին խոսելն անիմաստ է։
«Ես կարծում եմ՝ առավել քան ակնհայտ է, որ մեզ մեղսագրվող արարքը 441-րդ հոդված համատեքստում չունի որևէ իրավաչափ հիմք։ Մենք այս 2,5 տարիները շատ պատվով ենք անցել, էդ մենակ ես ու Արուսյակ Ալեքսանյանը գիտենք, թե ինչի միջով ենք անցել, ինչ ենք ստիպված եղել տեսնել, որքան թանկ է դա մեզ վրա նստել, ոչ ոք չի պատկերացնում և չգիտի՝ այս տարիների ընթացքում ունենալով իրավաբանության մեջ մեր դիրքը, կարգավիճակը, ինչեր ենք մենք նաև զոհաբերել՝ այս ամեն ինչով պայմանավորված։ Մենք չենք կոտրվել, և ես դժվար եմ պատկերացնում մի իրավիճակ, որ ես կարողանամ կոտրվել։
Ես Ձեզ խնդրում եմ կայացնել արդար դատական ակտ, իսկ դա այն է, որ լիազորությունների անցման հանցակազմ, իրականում, չկա»,-այսպես ամփոփեց իր խոսքը մեղադրյալ Էրիկ Ալեքսանյանը։
Վերջինիս պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևն անդրադարձավ 2 խնդրի՝ քննչական ենթակայությանն ու ՕՀՄ անցկացնելու թույլտվություն ստանալուն։
Նշեց, որ ապացույցներ ձեռքբերումն իրականացվել է ոչ պատշաճ սուբյեկտների կողմից, և օրենքի էական խախտմամբ ստացված տվյալների օգտագործման համատեքստում ԱԱԾ մարմնում ձեռք բերված բոլոր ապացույցներն անթույլատրելի են։
«Գտել են մի բան, որը հանցակազմով է»,-այսպես է պաշտպանը բնորոշում մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանի կողմից ենթադրյալ կաշառք ստանալու պրոցեսը, նաև նշում՝ այս քրեական վարույթով ամբողջովին խախտվել է ՕՀՄ անցկացնելու թույլտվություն ստանալու ամբողջ հայեցակարգը։
Այսքանով նիստը հետաձգվեց, հաջորդը տեղի կունենա փետրվարի 19-ին։
Մարիամ Շահնազարյան