Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ հունվարի 29-ին, շարունակվեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատաքննությունը։ Նիստը նախագահում է դատավոր Վահե Դոլմազյանը։
Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունները: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանին։
Ըստ մեղադրանքի՝ դատավորն ակնհայտ անարդար դատական ակտ է կայացրել և չարաշահել պաշտոնեական լիազորությունները։ Նա բավարարել է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը, փոխել է վերջինիս խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատել կալանքից։ Սերգեյ Գրիգորյանը Արուսյակ Ալեքսանյանի եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերն է:
Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստի ընթացքում հարցաքննվեց վկա Նաիրա Պետրոսյանը, ով աշխատել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրի գրասենյակում։ Նշենք, որ նա գործով հարցաքննված 2-րդ վկան է։ Առաջինը նույն գրասենյակի աշխատակից Մարիա Պետրոսյանն էր։
Հենց Նաիրա Պետրոսյանն է այդ օրն աշխատել «Աջափնյակ 1» նստավայրում, նա է զբաղվել միջնորդություններով։
Ըստ մեղադրական կողմի՝ Արուսյակ Ալեքսանյանը հորդորել է Էրիկ Ալեքսանյանին իր հերթապահության օրերին կալանքն այլ խափանման միջոցով փոխարինելու մասին միաժամանակ մի քանի միջնորդություն ներկայացնել դատարան։ Այդ կերպ դատավորների արհեստական ծանրաբեռնվածություն ստեղծելու միջոցով ապահովելով միջնորդություններից մեկն իրեն մակագրելու հավանականության բարձրացումը։ Փաստաբանը դատավորից տեղեկացել է դատավորների հերթապահության գրաֆիկի մասին, սեպտեմբերի 12-ին և սեպտեմբերի 17-ին 2 միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ ակնկալելով, որ դրանցից մեկը կմակագրվի Արուսյակ Ալեքսանյանին։ Դրանցից մեկը քննվել է դատավոր Արմեն Շիրոյանի կողմից և մերժվել։ Փաստաբանը սեպտեմբերի 17-ին նոր միջնորդություն է ներկայացրել դատարան։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնակատար Գագիկ Պողոսյանն այն մակագրել է Արուսյակ Ալեքսայանին, սակայն նույն օրը Պողոսյանն այն վերամակագրել է Արմեն Շիրոյանին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սերգեյ Գրիգորյանի վերաբերյալ մյուս միջնորդությունները հենց Շիրոյանն է քննել։
Նաիրա Պետոսրյանը հայտնեց, որ այդ օրը նստավայրում է եղել 17։00-ին, զբաղվել է քննիչների բերած միջնորդություններով, նստավայրի մյուս աշխատակիցը՝ Սոնա Դանիելյանն այդ օրը ծանրաբեռնված է եղել։ Նրանք զանգել են Մարիա Պետրոսյանին, աշխատանքային հարցեր են քննարկել, որի ընթացքում զրուցակիցը նրանց հայտնել է, որ ուղարկված վերջին 2 միջնորդությունները պետք է հետ ուղարկվեն վերամակագրման, քանի որ նրանցից մեկի հետ խնդիր կա։
«Դատարանի նախագահն այդ ժամանակ Գագիկ Պողոսյանն էր և նա հրահանգել էր, որպեսզի սխալ մակագրված միջնորդությունները դատավորի կազմից հետ վերցվեն։ Քանի որ միջնորդությունները ես չեմ ստացել, ընթացքը ես չեմ տվել ու չգիտեի՝ ո՞ր դատավորին է մակագրված, այդ ամենը փոխանցել եմ Սոնային։ Ասել եմ՝ կա դատարանի նախագահի և Մարիա Պետրոսյանի հանձնարարականը։ Չեմ կարող հստակ ասել՝ միջնորդությունները գրասենյակ հետ են բերվել, թե ոչ»,-նշեց վկան։
Նրա խոսքով՝ 18։00-ից հետո 2 վերամակագրված միջնորդություն էր մնացել, որը դեռ չէր հանձնվել կազմերին։ Քանի որ Սոնա Դանիելյանը ծանրաբեռնված օր էր ունեցել, Նաիրա Պետրոսյան առաջարկել է զբաղվել այդ միջնորդություններով։ Նա սպասել է էլեկտրոնային մեյլով մակագրություններին, ստացել է մակագրության թերթիկները, մատյանում գրանցել է ու հանձնել դատավորներին։
Պաշտպանական կողմը շարունակում է պնդել, որ վերամակագրության մասին Արուսյակ Ալեքսանյանը տեղյակ չի եղել, հետևաբար չի իմացել, որ դրանցից մեկը պետք է այլ դատավոր քննի։
Հանրային մեղադրող Արմեն Գևորգյանը և պաշտպանական կողմը հարցեր ուղղեցին վկային, այնուհետև դատախազը միջնորդեց, որպեսզի հրապարակվեն նրա տված 3 նախաքննական ցուցմունքները։
Այսօր հարցաքննվեց նաև «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի գործով քննիչը։
Մանրամասները՝ տեսանյութում։