Հակակոռուպցիոն քրեական դատարանում հունիսի 6-ին շարունակվեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատաքննությունը։ Նիստը նախագահում է դատավոր Վահե Դոլմազյանը։
Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունները: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանին։
Ըստ մեղադրանքի՝ դատավորն ակնհայտ անարդար դատական ակտ է կայացրել և չարաշահել պաշտոնեական լիազորությունները։ Նա բավարարել է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը, փոխել է վերջինիս խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատել կալանքից։ Սերգեյ Գրիգորյանը Արուսյակ Ալեքսանյանի եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերն է:
Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատարանում հարցաքննվեց Գագիկ Պողոսյանը, նա հայտնեց, որ դատավարության մասնակիցներից մի մասին է ճանաչում, որևէ մեկի հետ բարեկամական կապերի մեջ չի գտնվում։
2022 թվականի ընթացքում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնակատարն է եղել, սեպտեմբերի 17-ին հերթապահությունը բավականին ծանր է անցել՝ մեծ ծավալներով միջնորդությունների ստացման պատճառով։
«Մակագրությունը կատարվել է իմ կողմից՝ էլեկտրոնային եղանակով, միջնորդություններից մեկը 17։51 րոպեին մակագրվել է դատավոր Ալեքսանյանին, այնուհետև, երբ էլի միջնորդություններ էին մակագրվում, տեսնելով, որ այն դատավորը, որն այն հարցերով մշտապես զբաղվել է, Շիրոյանը, տեղում է, աշխատում է, զգացել եմ, որ սխալ եմ թույլ տվել, այդ սխալը պայմանավորված էր ավելի շատ ստեղծված պրակտիկայով։ Անմիջապես հանձնարարել եմ, որպեսզի հեռախոսով տեղեկացնեն, որպեսզի այդ միջնորդությունը չհանձնվի տվյալ դատավորին, իսկ եթե հանձնվել է, վերադարձվի»,-ասաց Պողոսյանը։
Դրանից 15 րոպե հետո վերամակագրվել է տվյալ միջնորդությունը, վերոնշյալ պրակտիկան կապված էր այն հանգամանքի հետ, որ շատ հաճախ դատավորները սրտնեղում էին, զանգահարում էին, ասում՝ սա իմը չէ, ինչու է իրենց մակագրել, ուրիշին պետք է մակագրվեր։ Նման խոսակցություններից խուսափելու համար էլ վերամակագրում է կատարվել։
«Պրակտիկան ձևավորված էր, սակայն, կարծես թե այդքան էլ ոչ ճիշտ, ինչու, որովհետև մինչ ինձ, միջնորդությունները բավարարվում էին անհավասար։ Ցուցակներ ունենք, որտեղ ըստ միջնորդության տեսակի, նշված էր՝ որ դատավորը, որ միջնորդությունից քանիսն ունի։ Ես փորձել եմ կամաց-կամաց շտկել այդ վիճակը, որպեսզի հավասար ծանրաբեռնվածություն լինի»,-նշեց վկան։
Հանրային մեղադրողի հարցին, թե բացի այն, որ բոլոր դատավորները ներգրավված են եղել հերթապահությունում, դրանից զատ այլ աշխատանքային կարգ գործե՞լ է հերթապահության համար (խոսքը «Աջափնյակ 1» նստավայրի մասին է), վկան ասաց՝ չի հիշի որևէ հարց, որը դատավորների հետ չքննարկվեր մինչև լուծելը, հաշվի է առել տվյալ նստավայրի դատավորների կարծիքները, ցանկությունները։ Ձևավորվել են խմբեր, անհրաժեշտության դեպքում բոլորն են հերթապահել, արտառոց որևէ դեպք չի եղել։
«Եթե չեմ սխալվում, երկու խումբ էր ընդամենը, եթե ինչ-որ դատավոր մի խմբից բացակայում էր, մյուս խմբի դատավորն էր ներգրավվում, հետո դա կոմպեսացվում էր՝ շաբաթ կամ կիրակի օրերին չաշխատելու, չհերթապահելու հետ կապված»,-հայտնեց նա։
Արուսյակ Ալեքսանյանին միջնորդություններ մակագրվել են, և այդ ընթացակարգի հետ կապված վերջինիս կողմից որևէ դժգոհություն չի եղել։
– Աշխատանքային և ոչ աշխատանքային օրերին տարբերություններ կայի՞ն մակագրման եղանակների հետ կապված։
– Այո՛, աշխատանքային օրերին ներկայացվում էր ինձ, ես մակագրում էի, համապատասխան բլանկ էր պատրաստվում, և դա ուղարկվում էր նստավայր դատավորներին։ Ոչ աշխատանքային օրերին և ժամերին դա կատարվում էր էլեկտրոնային եղանակով։
– Էլեկտրոնային եղանակով մակագրության ընթացակարգն ավելի կմանրամասնե՞ք։
– Գրասենյակի պետն ուղարկում էր իմ էլեկտրոնային փոստին, իմ կողմից կատարվում էր մակագրություն, ըստ այդ մակագրության իրենք ուղարկում էին համապատասխան միջնորդությունը։
Կալանքի խափանման միջոցի հետ կապված հարցերի վերաբերյալ իրեն տեղեկացնում էր համապատասխան աշխատակիցը, եղել են դեպքեր նաև, երբ թյուրիմացություններ են եղել։
Հանրային մեղադրողը հաջորդիվ հարցրեց, թե լինելով դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ եղե՞լ են արդյոք չափանիշներ, թե որ միջնորդությունն ինչ կարգով պետք է մակագրվի, ձեռքով, թե ծրագրի միջոցով, եթե ձեռքով, ապա ինչպիսիք են եղել դրանց տարանջատման չափանիշները։
Վկան ասաց՝ դրա մասին արդեն ցուցմունք տվել է։
«Ճիշտն ասած, իմ ուղիղ հարցին մեղադրանքի կողմը պատասխան չստացավ, ներողություն եմ խնդրում նման ձևակերման համար, բայց Ձեր պատասխանն առավելապես խուսափողական բնույթ էր կրում։ Ձեզ մեկ անգամ ևս խնդրում եմ դատարանին և դատավարության մասնակիցների համար հասու դարձնել, թե կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը և կալանքը այլընտրանքային խափանման միջոցով փոփոխելու վերաբերյալ միջնորդությունն ի՞նչ չափանիշներից ելնելով եք հավասարեցրել, և ինչո՞ւ են երկուսն էլ նույն ռեժիմով մակագրության ենթարկվել»։
Հարցի դեմ առարկեց մեղադրյալ Էրիկ Ալեքսանյանը՝ ասելով, որ հարցն արդեն 3-րդ անգամն է հնչում և հարցի վերաբերյալ վկայի կողմից տրվել է պատասխան․ «Հիմա այդ պատասխանը ցանկալի է մեղադրողի համար, ցանկալի չէ, նախընտրելի է, նախընտրելի չէ, այնուամենայնիվ, պատասխանն արդեն իսկ հնչեց։ Պարոն Պողոսյանը նշեց՝ այդ հարցի տեսանկյունից գնահատողն ինքը չէ, դատարանն է, պատասխանն արդեն իսկ հնչել է։ Կխնդրեմ նշված 3-րդ հարցը հանել և հաջորդ հարցը տալ»։
Հանրային մեղադրողը շեշտեց, որ այստեղ Պողոսյանի մեկնաբանությունների և պարզաբանումների խնդիրն է, այլ ոչ թե իրավական նորմի մեկնաբանումը, ասաց՝ տրված հարցի պատասխանը բոլորովին համահունչ չեն իր կողմից ներկայացված հարցադրմանը, և դրան, ըստ էության, վկան չպատասխանեց, դրա համար էլ երրորդ անգամ, այլ ձևակերպմամբ հարցը հնչեց։
Հանրային մեղադրողը հրապարակեց գրություն, որը Պողոսյանի կողմից հասցեագրվել էր Կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ, գնդապետ Պետրոսյանին 2022 թվականին։
Ըստ այդ գրության՝ Սերգեյ Գրիգորյանի նկատմամբ գրավի կիրառման վերաբերյալ միջնորդությունը դատարանում ստացվելուց հետո էլեկտրոնային փոստի միջոցով մակագրվել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, այնուհետև դատարանի աշխատակիցը տեղեկացրել է, որ Գրիգորյանի նկատմամբ կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառման վերաբերյալ միջնորդությունը քննության է առնվել դատավոր Արմեն Շիրոյանի կողմից, և ցանկացել է պարզել՝ արդյոք սխալմունք տեղի չի ունեցել։ Նշված տեղեկությունը ստանալուն պես խնդրել է պարզել՝ գրավի կիրառման վերաբերյալ միջնորդությունը հանձնվե՞լ է Ալեքսանյանին, թե՞ ոչ, և հանձնված լինելու դեպքում այն ետ պահանջել վերամակագրման համար։
Նշված միջնորդությունը մակագրվել է դատավոր Շիրոյանին, իր խնդրանքն անմիջապես հեռախոսով փոխանցվել է դատարանի «Աջափնյակ 1» նստավայրի գրասենյակի համապատասխան աշխատակցին, որն իր տեղեկությամբ կատարել է այն, սակայն 2-րդ մակագրությունը չի ուղարկվել նշված նստավայր և չի հանձնվել դատավոր Շիրոյանին։
Հանրային մեղադրողը վկային հարցրեց․
– Պարո՛ն Պողոսյան, այս գրության բովանդակության հեղինակը Դո՞ւք եք, թե՞ ոչ։
– Եթե ես եմ ստորագրել, իհա՛րկե ես եմ։
– Կխնդրեմ պարզաբանեք, թե էլեկտրոնային մակագրության թերթիկն ուղարկելու պարտավորություն ունեցող գրասենյակի աշխատակիցն ո՞վ է հանդիսացել։
– Ես արդեն ասացի՝ դժվարանում եմ հիշել։ Ոչ աշխատանքային օրերին և ժամերին գրասենյակի աշխատակիցները հերթականությամբ հերթապահում էին, այսօր մեկը, վաղը՝ մյուսը, այդ օրը հերթապահողի անունը, ցավոք, չեմ հիշում, բայց կարող եմ նկարագրել. այստեղ եկել, ցուցմունք է տվել նաև։
Հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը, որը վերցվել է 2022 թվականի նոյեմբերին։
Նախաքննական ցուցմունքում վկան ասել էր, որ միջնորդությունները մակագրել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և նույն կարգով՝ էլեկտրոնային եղանակով, Մարիայի միջոցով հետ է ուղարկել «Աջափնյակ 1» նստավայր։ Այդ ամենից հետո նա նկատել էր, որ սկզբնական կալանքը քննել է դատավոր Արմեն Շիրոյանը, մտածել է՝ երկու միջնորդությունները սխալմամբ է մակագրել Ալեքսանյանին։ Զանգահարելով Մարիային՝ ասել է, որ «Աջափնյակ 1» նստավայրից հետ պահանջի Արուսյակ Ալեքսանյանին մակագրված երկու միջնորդությունները, դրանք կրկին ուղարկի վերամակագրման, քանի որ սխալ է եղել։
Նախաքննական ցուցմունքի վերաբերյալ վկան ասաց, որ երկրորդ միջնորդության մասին իրեն հարց չի ուղղվել, հանրային մեղադրողը նշեց, որ հարցադրում է ուղղվել Սերգեյ Գրիգորյանի վերաբերյալ միջնորդության կապակցությամբ և այն գրասենյակ վերադարձնելու վերաբերյալ, ցուցմունքի համաձայն՝ Մարիան զեկուցել է, որ գրասենյակ է վերադարձվել միայն մեկ միջնորդություն, որը չի եղել Գրիգորյանի միջնորդությունը։
Վկան այս ամենի վերաբերյալ հայտնեց իր դիրքորոշումը․ «Ես չեմ ցանկանում վիճել, ասել եմ և կրկնում եմ՝ երբ ես տեղեկացա, պահանջեցի պարզել և ասել պատճառը, ինձ ասացին՝ դա շատ ծանրաբեռնված օր էր, հնարավոր է՝ մակագարությունը չի ուղարկվել։ Պնդում եմ նախաքննական ցուցմունքս»։
Էրիկ Ալեքսանյանն ընթերցեց առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանի նախագահի լիազորությունների վերաբերյալ կարգավորումները, որտեղ հստակ սահմանված չէ, որ վկան՝ որպես դատարանի նախագահի պաշտոնակատար, իրավունք և լիազորություն ուներ որևէ դատավորի տալ բանավոր հանձնարարություն։
Պողոսյանը պատասխանեց․ «Այդտեղ Դուք կարդացիք՝ բնականոն աշխատանքն ապահովելու համար, դա է եղել իմ լիազորությունը»։
Էրիկ Ալեքսանյանն ի պատասխան վկայի՝ նշեց, որ «բնականոն աշխատանքը» պետք է բխի օրենքից, տվյալ պարագայում չկա օրենսդրական կարգ, ըստ որի, եթե նույն դատավորը քննել է սկզբնական կալանքը, հետևաբար առկա է նաև պարտավորություն՝ քննարկելու նաև այդ նույն դատավորի կողմից այլընտրանքային խափանման միջոցների վերաբերյալ համապատասխան միջնորդություններ․ «Հիմա, եթե նման օրենսդրական կարգ չկա, իսկ բնականոն աշխատանքը բխում է հենց օրենքից, տվյալ պարագայում ինչպե՞ս եք Դուք Ձեր բանավոր հանձնարարությունը, ներողություն արտահայտությանս համար, տեղավորցնում բնականոն աշխատանքի ապահովման շրջանակում»։
Հարցի պատասխանն արդեն հնչել էր, այն հանվեց։ Մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանը մակագրման գործընթացի հետ կապված ևս հարցեր ուղղեց վկային․
– Մի քանի անգամ նշեցիք՝ մակագրման հետ կապված հարցերը համաձայնեցված են եղել դատավորների հետ, նաև Ձեր խոսքում նշեցիք, որ ժողովին, որը տեղի է ունեցել «Աջափնյակ 1» նստավայրում, ես ներկա չեմ գտնվել, այդ թվում Ձեր խոսքում նշեցիք, որ ընդամենը 2 անգամ եք ինձ հետ զրուցել։ Խնդրում եմ պարզաբանեք՝ ե՞րբ, կոնկրետ ի՞նչ ֆորմատով եք մակագրման հետ կապված հարցերը կոնկրետ ինձ հետ քննարկել։
– Դատավորների միությունը տարին մի քանի անգամ ժողով է գումարում, և այդ ժողովներին որպես կանոն դատավորների մի մասը բացակայում է, բայց միության կայացրած ցանկացած որոշում պարտադիր է բոլորի համար, Դուք այդ օրը, երբ հարցը քննարկվել է, դատավորների մեծամասնությունը՝ բացառությամբ միայն երևի Ձեզ, ներկա չի եղել։ Ի՞նչ է, կարծում էիք, որ ես պետք է մեկ անգամ էլ Ձեզ հետ այդ հարցը քննարկե՞մ։ Քննարկել եմ ընդհանուր բոլորի կարծիքները, ինձ ասել են՝ իրենք նաև Ձեր կարծիքն են այստեղ հայտնում։
– Այսինքն՝ Շիրոյան Արմենը, որ ներկա է գտնվել, ասել է՝ Արուսյակ Ալեքսանյանն էլ է տենց կարծո՞ւմ։
– Ասել են՝ պարո՛ն Պողոսյան, մինչ Ձեր գալը մենք քննարկել ենք և ունենք առաջարկներ, կոնկրետ ում հետ են քննարկել, գտնում եք, որ ես պետք է հարցնեի՝ այ, Արուսյակի հետ քննարկե՞լ եք։
Նիստը նախագահող դատավորը մեղադրյալ Էրիկ Ալեքսանյանին ասաց՝ անկախ նրանից, թե ինչ տպավորություն ունի այս դատական նիստի հետ կապված, զգացողություններն ու էմոցիաները բացահայտ չարտահայտի։
Ալեքսանյանն ի պատասխան դատավորի՝ ընդգծեց, թե անընդհատ ինչ-որ առիթ է փնտրվում իրեն նկատողություն անելու, խոսքն ընդհատելու, հարցը հանելու համար։ Հավելեց, որ կարող է քննարկել ցանկացած հարց դատավարության մասնակիցների հետ իրենց հետագա գործողությունների կանոնակարգման տեսանկյունից, դրա հետ կապված որևէ խնդիր չի կարող լինել։
Դատավորը ընդգծեց, որ Էրիկ Ալեքսանյանի անձի և այդ հանգամանքների վերաբերյալ դատարանը պարտավոր է ապահովել դատական նիստի կարգը, իսկ վերջինս՝ որպես մեղադրյալ, ևս պարտավոր է պահպանել այդ կարգը։ Նիստը հետաձգվեց։
Մանրամասները՝ տեսանյութերում։
Մարիամ Շահնազարյան