«Զավիկի Ղարս»-ը գործունեությունը չկասեցնելու դեպքում յուրաքանչյուր օրվա համար կտուգանվի 300-400 հազար դրամով

Հայտնաբերված խախտումների հիմքով «Զավիկի Ղարս» հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցման որոշումն ուղարկվել է փոստով, գործունեությունը չկասեցնելու դեպքում տնտեսավարողը կտուգանվի օրական 300-400 հազար դրամով։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի խոսնակ Անուշ Հարությունյանը։

«Զավիկի Ղարս»-ում ՍԱՏՄ-ն մանրէաբանական շեղումներ էր հայտնաբերել մայոնեզում և բրդուճներում։

Հարությունյանն ասում է, որ տնտեսավարողը հրաժարվել է փակել սննդի օբյեկտը՝ պատճառաբանելով՝ քանի դեռ չի ստացել որոշումը, կշարունակի աշխատել։

«Որոշումը հրաժարվել է առձեռն ստանալուց, ասել է՝ թող փոստով ուղարկեն։ Այսօր փոստով իրեն կհասնի, եթե որոշումը ստանալուց հետո չկասեցնի, ապա աշխատելու ամեն օրվա համար կտուգանվի օրական 300-400 հազար դրամով»,- ասել է նա։

ՍԱՏՄ-ից հոկտեմբերի 8-ին հայտնել էին, որ ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «հացով բրդուճ շաուրմայի խոզ+հավ» արտադրատեսակի նմուշը՝ ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), E.coli, S.aureus, ախտածին ա/թ սալմոնելաներ, «մայոնեզ» արտադրատեսակի նմուշը ՄԱՖԱնՄՔ, ԱՑԽՄ, S.aureus, ախտածին ա/թ սալմոնելաներ ցուցանիշներով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։

ՍԱՏՄ-ն հոկտեմբերի 9-ին տեղեկացրել է, որ տնտեսավարողը ոչ միայն հրաժարվել է առձեռն ստանալու կասեցման որոշումն ու կատարել դրա պահանջը, այլև սոցիալական ցանցերի էջերով հրապարակել է հանրությանը ապակողմնորոշող տեղեկատվություն՝ նշելով, թե ՍԱՏՄ պաշտոնական տեղեկատվությունը «կեղծ» է՝ սպառողներին կրկին զգուշացնելով, որ «Զավիկի Ղարս»-ում վաճառվում է վտանգավոր սննդամթերք։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել