Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ հունվարի 19-ին, շարունակվեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատաքննությունը։ Նիստը նախագահում է դատավոր Վահե Դոլմազյանը։
Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունները: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանին։
Ըստ մեղադրանքի՝ դատավորն ակնհայտ անարդար դատական ակտ է կայացրել և չարաշահել պաշտոնեական լիազորությունները։ Նա բավարարել է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը, փոխել է վերջինիս խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատել կալանքից։ Սերգեյ Գրիգորյանը Արուսյակ Ալեքսանյանի եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերն է:
Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստի ընթացքում հարցաքննվեց գործով առաջին վկան, տեղի ունեցած դեպքերի ժամանակ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մարիա Պետրոսյանը։
Ըստ մեղադրական կողմի՝ Արուսյակ Ալեքսանյանը հորդորել է Էրիկ Ալեքսանյանին իր հերթապահության օրերին կալանքն այլ խափանման միջոցով փոխարինելու մասին միաժամանակ մի քանի միջնորդություն ներկայացնել դատարան։ Այդ կերպ դատավորների արհեստական ծանրաբեռնվածություն ստեղծելու միջոցով ապահովելով միջնորդություններից մեկն իրեն մակագրելու հավանականության բարձրացումը։ Փաստաբանը դատավորից տեղեկացել է դատավորների հերթապահության գրաֆիկի մասին, սեպտեմբերի 12-ին և սեպտեմբերի 17-ին 2 միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ ակնկալելով, որ դրանցից մեկը կմակագրվի Արուսյակ Ալեքսանյանին։ Դրանցից մեկը քննվել է դատավոր Արմեն Շիրոյանի կողմից և մերժվել։ Փաստաբանը սեպտեմբերի 17-ին նոր միջնորդություն է ներկայացրել դատարան։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնակատար Գագիկ Պողոսյանն այն մակագրել է Արուսյակ Ալեքսայանին, սակայն նույն օրը Պողոսյանն այն վերամակագրել է Արմեն Շիրոյանին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սերգեյ Գրիգորյանի վերաբերյալ մյուս միջնորդությունները հենց Շիրոյանն է քննել։
Մարիա Պետրոսյանը հենց այն անձն է, ում միջոցով տեղի է ունեցել մակագրությունը և վերամակագրությունը։ Նա նշեց, որ միջնորդությունը ստացել է և ուղարկել Գագիկ Պողոսյանին, այնուհետև վերջինս մակագրություն է կատարել, որից հետո վկան այն ուղարկել է «Աջափնյակ 1» նստավայր։ Մոտ 10 րոպե անց Պողոսյանը զանգել է վկային ու ասել, որ ուղարկված 2 մակագրության թերթիկներից մեկում սխալ է տեղի ունեցել, խնդրել է, որ զանգի նստավայր, հետ վերցնի միջնորդությունները։ Վկան զանգել ու տեղեկացրել է այդ մասին հերթապահություն իրականացնող աշխատակցին․ «Դատարանի նախագահը փոփոխություններ է կատարել, ինձ է ուղարկել մակագրությունը, ես էլ այն փոխանցել եմ «Աջափնյակ 1» նստավայր»։
Այդ ժամանակ նշված նստավայրում հերթապահել են Սոնա Դանիելյանը և Նաիրա Պետրոսյանը։ Վկան նշեց, որ իր հիշելով կապվել է Նաիրայի հետ և խնդրել միջնորդությունները հետ վերցնել, եթե հանձնվել են դատավորի աշխատակազմերին․ «Վերամակագրումից հետո ես այլ ոչ մի գործողություն չեմ կատարել տվյալ միջնորդությունների հետ։ 2 միջնորդություններն էլ մակագրվել են Արուսյակ Ալեքսանյանին, 2-ն էլ հետ են ուղարկվել, մեկը փոխվել էր, մյուսը նույնությամբ մնացել էր»։
Գագիկ Պողոսյանը Սերգեյ Գրիգորյանի վերաբերյալ միջնորդությունը վերամակագրել էր Արմեն Շիրոյանին, քանի որ վերջինս էր քննել այդ գործով նախորդ միջնորդությունը։ Մյուս միջնորդությունը, որի մակագրությունը թողնվել էր Արուսյակ Ալեքսանյանին, ևս այլ դատավոր էր քննել։ Սակայն այս դեպքում գործը քննած դատավորը արձակուրդում էր և այն հանձնվել էր դատավոր Ալեքսանյանին։
«Ես «Աջափնյակ 1» նստավայրի հերթապահներին տեղեկացրել էի, որ նոր միջնորդություն եմ ուղարկելու ու դրանից հետո այդ միջնորդության հետ կապված ոչինչ չեմ խոսել իրենց հետ։ 2-րդ մակագրությունը ուղարկել եմ ստանալու պահին։ 3-4 օր հետո Գագիկ Պողոսյանը հարցրել է՝ ուղարկված միջնորդություն նստավայր հասե՞լ է, թե ոչ։ Պարզվել է, որ Սերգեյ Գրիգորյանի վերաբերյալ միջնորդությունը նստավայր չի հասել»,-դատարանին հայտնեց վկան՝ վստահեցնելով, որ ինքն այն ուղարկել է ու չգիտի, թե ինչու չի հասել։ Բացի այդ, Մարիա Պետրոսյանն ասաց, որ եթե տեղ հասած չլիներ, աշխատակիցները պետք է տեղեկացնեին։ Նա պնդեց նաև, որ այդ մասին նստավայրի իր գործընկերների հետ չի խոսել։
Հանրային մեղադրողն այս հայտարարությունից հետո հայտնեց, որ այլևս հարցեր չունի, սակայն միջնորդությամբ է հանդես գալու։
Ամբաստանյալ Էրիկ Ալեքսանյանը շարունակեց հարցեր ուղղել վկային ու առաջին հարցն էր «ավելացնելու ոչինչ չունե՞ք»-ը։ Մարիա Պետրոսյանը բացասական պատասխան տվեց։ Այնուհետև Ալեքսանյանն ընթերցեց ԱԱԾ դեպարտամենտին Գագիկ Պողոսյանի ուղարկված նամակը, որտեղ վերջինս նշել էր, որ մակագրությունը նստավայր չի հասել, քանի որ, հնարավոր է, որ աշխատակիցը, խիստ ծանրաբեռնվածության պատճառով թերացել է։
-Այս աշխատակիցը Դո՞ւք եք, տիկին Պետրոսյան։ Դո՞ւք եք խոսել պարոն Պողոսյանի հետ։
-Չեմ կարող ասել՝ պարոն Պողոսյանն ում է նկատի ունեցել։
-Էլեկտրոնային մակագրության թերթիկը ուղարկելու պարտավորություն ունեցող գրասենյակի աշխատակիցը Դո՞ւք եք։
-Ենթադրվում է, չեմ կարող ասել։
Էրիկ Ալեքսանյանը մի քանի անգամ հնչեցրեց նույն հարցը, նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը դա որպես ճնշում որակեց։ Ամբաստանյալը պնդեց՝ ինքը ուղիղ և խաչաձև հարցեր տալու հնարավորություն ունի․ «Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն է սրա ճնշումը»։
Դատավորը պարզաբանեց՝ երբ մի հարցը 7 անգամ է տրվում։
Վկան ամեն դեպքում դատարանում հայտնեց, որ իր թերանալու վերաբերյալ Գագիկ Պողոսյանից ոչինչ չի լսել․ «Ես շատ վստահ եմ եղել, որ ուղարկել եմ»։
-Դուք նման խոսակցություն ունեցե՞լ եք Գագիկ Պողոսյանի հետ։ Ասե՞լ եք, որ ծանրաբեռնվածության պատճառով հնարավոր է՝ թերացել եք։ Եթե ոչ, ապա պարոն Պողոսյանը ստո՞ւմ է այս գրությամբ, թե ոչ։
-Պարոն Պողոսյանը չի ստում։ Ինքն ինձ հարցրել է՝ ուղարկել ես, թե ոչ, ճշտի ու ասա։ Ես էլ ասել եմ, որ չի գնացել ու դրա մասին հայտնել եմ։ Ես հիմա չեմ հիշում՝ պարոն Պողոսյանն ասե՞լ է, թե ոչ։
-Բայց պնդում եք, որ պարոն Պողոսյանը չի ստում։
-Ես պնդում եմ այն, ինչ ասել եմ։ Իսկ դա չեմ հիշում։
Էրիկ Ալեքսանյանը շարունակեց, սակայն մեղադրողը մի քանի անգամ առարկեց տրվող հարցերի դեմ։
Ամբաստանյալը հետաքրքրվեց՝ վկան մասնագիտությամբ իրավաբան է, թե ոչ և որ թվականից է աշխատում դատարանում։ Մարիա Պետրոսյանը հայտնեց, որ իրավաբան է, դատարանում աշխատում է 2009 թվականից։
-Ձեր աշխատանքի ընթացքում նորմատիվ իրավական ակտերի հետ առնչվե՞լ եք։ Գիտե՞ք՝ նորմատիվ իրավական ակտն ինչ է։
-Ինչի՞ համար եք նման հարցեր տալիս։ Հարցն ինձ համար պարզ չէ։
-Վերաձևակերպեմ, պատվարժան դատարան։ Լավ, նորմատիվ իրավական ակտը չհասկացաք, օրենքը գիտե՞ք՝ ինչ է։
Մեղադրող դատախազն առարկեց։ Նա նշեց, որ համբերատար լսում էր պաշտպանական կողմի հարցադրումները, սակայն իր մոտ տպավորություն է ստեղծվում, որ 3-րդ կուրսի ավարտական քննության հարցերն են հնչում։
«Հարցադրումը որևէ առնչություն չունի ոչ միայն մեղադրանքի, այլ նաև քննության ծավալներին։ Պարոն Ալեքսանյանի հարցադրումը ոչ միայն չի առնչվում մեղադրանքի հետ, դրանք իրենց մեջ վկայի մասնագիտական ունակություններին թերահավատորեն վերաբերելու նշույլներ են պարունակում։ Սա հոգեբանական ներազդեցության յուրահատուկ միջոց է»,-նշեց Արմեն Գևորգյանը։
Վահե Դոլմազյանը հանեց հարցը։ Էրիկ Ալեքսանյանն առարկեց նախագահողի գործողությունների դեմ։
Ըստ էության՝ ամբողջ ընթացքում պաշտպանական կողմը փորձում էր բացահայտել, որ Մարիա Պետրոսյանը թերացել է իր աշխատանքում, վախենում է հետևանքներից և հենց այդ պատճառով էլ մանրամասները չի հայտնում։
Հարցադրումների ընթացքում վկան պնդեց նաև, որ Արուսյակ Ալեքսանյանը պարտավոր էր միջնորդությունը վերադարձնել, եթե տեսել էր, որ Սերգեյ Գրիգորյանի վերաբերյալ նախորդ միջնորդությունը Արմեն Շիրոյանն էր քննել։
Վկային հարցեր ուղղեց նաև կալանավորված դատավորը։ Նա փորձեց պարզել՝ ինչո՞ւ պետք է նույն դատավորը քննի գործով ներկայացված միջնորդությունները։ Մարիա Պետրոսյանը չկարողացավ իրավական ակտ վկայակոչել։ Միայն նշեց, որ այդպես է ընդունված եղել, «կանոնակարգի» համաձայն։
Թե՛ պաշտպանական, թե՛ մեղադրող կողմերը հակասություններ էին տեսել վկայի՝ դատարանում և նախաքննության մարմնին տված ցուցմունքներում։ Նա դատարանում պնդում էր, որ վերամակագրումից հետո «Աջափնյակ 1» նստավայրի աշխատակիցների հետ տեղի ունեցած վերաբերյալ խոսակցություն չի ունեցել, սակայն քննիչին հայտնել էր, որ զանգել է Նաիրա Պետրոսյանին։
Վկան նշեց, որ շատ ժամանակ է անցել, լավ չի հիշում ավելի քան մեկ տարի առաջ տեղի ունեցած դեպքերը։ Նա հաստատեց, որ խոսել է նստավայրի աշխատակցի հետ, հիշեց այդ մասին։
«Տիկին Պետրոսյան, լավ, վստահ հիշում եք, որ ուղարկել եք վերամակագրումը «Աջափնյակ 1» նստավայր, այդ ձևաչափով վստահ ասում էիք, որ Նաիրայի հետ չեք խոսել, սակայն հիմա ասում եք՝ այո, դե, հնարավոր է։ Ձեր ցուցմունքը ընթերցվեց, միանգամից ասեցիք՝ հիշում եմ։ Հնարավո՞ր է, որ սխալ եք հիշում նաև, որ վերամակագրման թերթիկն ուղարկել եք»,-հետաքրքրվեց Էրիկ Ալեքսանյանը։
Վկան պատասխանեց, որ թերթիկն ուղարկելու մասին հիշում է, ինչին Ալեքսանյանն արձագանքեց․ «Իա, բա էդ ոնց ստացվեց»։
Դատավորը նկատողություն արեց, ամբաստանյալը ներողություն խնդրեց ու ասաց, որ «էմոցիայի պոռթկում էր»։
Նիստի ավարտին Արուսյակ Ալեքսանյանի փաստաբան Անդրանիկ Մանուկյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ վկայի հարցաքննությունը ցույց տվեց՝ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու միջնորդությունը անհապաղ քննության ենթակա չի եղել։
«2-րդական, նույնիսկ 3-րդական նշանակություն է ձեռք բերում այն հանգամանքը՝ արդյոք վերամակագրումը դատարանին հասել է, թե ոչ։ Եթե հասներ էլ ու Արուսյակ Ալեքսանյանը վերադարձներ միջնորդությունը, ես այդ ժամանակ նրան կմեղադրեի պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ»,-նշեց Մանուկյանը։
Վկայի շուրջ 4 ժամ տևած հարցաքննությունն ավարտվեց։ Դատարան ներկայացած 2-րդ վկան կհարցաքննվի այլ օր։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 29-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան