«Աղվան Հովսեփյանին պետք էր, որ ես ոչ մի բան չունենայի»․ դատարանում շարունակվեց վկա Արշավիր Սարգսյանի հարցաքննությունը

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ սեպտեմբերի 30-ին, շարունակվեց Քննչական կոմիտեի նախկին նախագահ, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը։ Նախագահող դատավորը Տիգրան Դավթյանն է։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այսօր դատարանում հարցաքննվեցին գործարար Սամվել Ալեքսանյանն ու Արշավիր Սարգսյանը։

Ըստ մեղադրանքի՝ Աղվան Հովսեփյանը Վարշամ Ղարիբյանի օգտին ծառայության գծով հովանավորչության համար, նրանից պահանջել և 2011 թվականի փետրվարի 14-ին ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, ապա հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը օրինականացրել է: Բացի այդ, Աղվան Հովսեփյանը, 2017 թվականի ապրիլի 10-ին իր հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվող Վրեժ Մարկոսյանին համոզելու եղանակով դրդել է վատնել նրան վստահված, Վարշամ Ղարիբյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքը:

Սամվել Ալեքսանյանը նիստի սկզբում ասաց, որ 16։00-ին միջոցառման պետք է մասնակցի, խնդրեց առաջինն իրեն հարցաքննել։

Նա առաջարկեց հարցերի միջոցով դատարանին հայտնել այն, ինչ կարող է։ Հանրային մեղադրող կորյուն Սերոբյանը հետաքրքրվեց՝ վերջինս ճանաչո՞ւմ է Վարշամ և Մանվել Ղարիբյաններին։ Ալեքսանյանը նշեց, որ 2 եղբորն էլ ճանաչում է շուրջ 20 տարի։ Վկայից հետաքրքրվեցին նաև՝ երբևէ «Երևան» հեռուստաընկերությունում բաժնեմաս ունեցե՞լ է։ Ալեքսանյանը բացասական պատասխան տվեց․ «Ես ոչ մի բանից խաբար չեմ»։

Դատախազը նշեց, որ Աղվան Հովսեփյանը դատական նիստերից մեկի ժամանակ հայտարարել է՝ հեռուստաընկերության 30 տոկոսը Սամվել Ալեքսանյանինն էր, որը վերջինս նվիրել է իրեն։

«Ցավդ տանեմ, իմ անունով չի էլ եղել, որ ես նվեր տամ։ Ի՞նչ պետք ա նվեր տայի ես»,-նշեց վկան, ինչին ի պատասխան Կորյուն Սերոբյանն էլ ասաց, որ քննիչը ևս նման տվյալներ չի հայտնաբերել։

«Ո՛չ ունեցել եմ, ո՛չ էլ բան եմ արել։ Դե որ տենց ա, հիմա աերոպորտն էլ մեկին նվեր տամ»,-նշեց նա։

Այնուհետև Ալեքսանյանին սկսեց հարցեր տալ Աղվան Հովսեփյանը․ «Դուք Բոգո անունով մարդ ճանաչո՞ւմ եք։ Բոգոն մականունն է, չէ՞»։

Վկան նշեց, որ այդ մականունով մարդու ճանաչում է։ Ասաց՝ ամբողջ կյանքում իր ընկերն է եղել, սակայն իրական անունն ու ազգանունը չգիտի․ «Եթե չեմ սխալվում, անունը Ռոբերտ ա, բայց Բոգո են ասում»։

Հեռուստաընկերությունը միշտ լուսաբանել է «Ապարան» հայրենակցական միության կազմակերպած միջոցառումները, դատարանում այդ մասին խոսեց նաև Սամվել Ալեքսանյանը․ «Բոգոյին կանչեք, իրան հարցաքննեք»։

Հարցին՝ «Բոգոն» հեռուստաընկերության հետ կապ ունեցե՞լ է, թե ոչ, Ալեքսանյանը պատասխանեց՝ չգիտի․ «Գիտեմ, որ տելեստուդիայի հետ ինչ-որ կապ ուներ»։

Պաշտպանական կողմը ընդմիջում խնդրեց, սակայն դրանից հետո հայտարարեց, որ վկային հարցեր չունի։ Ալեքսանյանը հեռացավ նիստերի դահլիճից։

Նշենք, որ նախորդ նիստին Արշավիր Սարգսյանի հարցաքննությունը հետաձգվել էր, ու այս նիստին շարունակեցին նրան հարցեր ուղղել հանրային մեղադրողը,  Աղվան Հովսեփյանն ու վերջինիս պաշտպանները։

Խոսելով հէկերի կառուցման ու դրա գործունություն մասին՝ վկան ասաց՝ դրա վերաբերյալ խորհրդակցել է Միսակ Հովսեփյանի հետ, ասել, որ դրա համար իրեն պետք է տրամադրվեր լիցենզիա, առավոտյան իմացել է, որ մերժել են։

«Չգիտեմ՝ Աղվան Հովսեփյանը ում էր զանգել, ասել էր, որ լիցենզիա չտան ինձ, ես դա իրեն էլ եմ ասել, ասեց՝ լավ եմ արել՝ ասել եմ, այո՛, չպետք ա տայի քեզ էդ գէսը (հէկ խմբ․)։ 1 ամիս հետո լիցենզիան տվեցին իրենց կազմակերպությանը, մնացածը փորձաքննություններով ապացուցված է, որ մեր կազմակերպությունն ա կառուցել՝ իմ աղջկա կազմակերպությունը, վարկով գումար էին վերցրել, ամեն ինչն իր հունով գնում էր»,-ասաց վկան։

Դատախազ Կորյուն Սերոբյանի հարցին, թե Աղվան Հովսեփյանը Բյուրականում հէկ կառուցելու մտադրություն ունեցել է, թե ոչ, վկան պատասխանեց՝ Բյուրականի ձորով ջուր էր գնում, ինքն է առաջարկել Հովսեփյանին, խորհուրդ է տվել հէկ կառուցել, որպեսզի հետագայում Միսակ Հովսեփյանը զբաղվի դրա աշխատանքներով։

Նրա խոսքով՝ այդ ժամանակ բնակիչները բողոքել են, Միսակ Հովսեփյանի հետ գնացել է համայնքապետարան, ինքն է ժողովրդին ներկայացրել իրավիճակը, սակայն դրանից հետո էլ ընդհանուր հայտարարի չեն եկել․ «Միսակը սկսեց, տեխնիկա մտցրեց, ընդեղ շինարարություն սկսեց, ժողովուրդը կանգնեց, բողոքեց, ճանապարհը փակեց, ինչքան գիտեմ՝ մինչև հիմա չի կառուցվել։ Հետո էդ տարածքի հողերի մեծ մասը Աղվան Հովսեփյանի ընտանիքի սեփականությունն էր, բայց ժողովուրդը չթողեց, տենց էլ չկառուցվեց»։

– Ո՞րն էր պատճառը, որ չէին ուզում հէկ կառուցվեր։

– Գյուղի ոռոգման ջրի հետ կապված պրոբլեմ էր առաջանում, և երկրորդն էլ հենց Աղվան Հովսեփյանի անձի ֆակտորն էր․ էն ժամանակ լավ չէր նայում ժողովուրդը, որ պաշտոնավոր մարդկանց ամեն ինչ կարելի ա։

– Այսինքն՝ Բյուրականի բնակիչները գիտեի՞ն, որ դա Աղվան Հովսեփյանի տարածքն է։

– Հա, ոնց չգիտեին, գիտեին, որ Միսակն Աղվան Հովսեփյանի տղան ա։ Ինքը էդ գյուղի համար լիքը բան ա արել, օգնել ա լիքը հարցերում, ջրի հարց են լուծել։ Էդ համայնքի համար շատ-շատ բան ա արել։

– Իսկ էդ տարածքը նախկինում արոտավա՞յր է եղել։

– Չոր էր, էն կողմից սար, էս կողմից սար, մտածում էինք, որ կփակեինք, սիրուն կենդանիներ կբերենք բաց կթողնենք, չոլ ա էլի, ոչ մեկին պետք չի էն ճանապարհը կամ էն ծառերի դաշտը, հենց դու գնում ես ձեռ ես տալիս, կամ ընդեղ Աղվան Հովսեփյանի անունն ես տալիս, միանգամից բոլորին պետք ա գալիս։

Հարցաքննության ընթացքում Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ այն դեպքում, երբ վկաներից որևէ մեկը հայտնում է գործի համար էական նշանակություն չունեցող կամ հարցին չվերաբերող տվյալներ, ապա դատարանը չպետք է թույլ տա դա հայտարարել․ «Ես կխնդրեմ դատարանին հետայսու թույլ չտա, որ վկան ենթադրություններ կամ կարծիքներ արտահայտի այս կամ այն հարցի վերաբերյալ, որպեսզի հետագայում մամուլում լավ վերնագրերով նյութեր չգնան՝ Արշավիր Սարգսյանն էսպես հայտնեց, էնպես հայտնեց, որպեսզի հասարակությանը մոլորության մեջ չգցենք այս առումով»։

Դատախազը ևս վկայի ցուցմունքի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ, նա ասաց՝ դատարանը, մեղադրանքի ու պաշտպանության  կողմերը հնարավորություն ունեն վկայի հայտնած տեղեկությունները գնահատելու, դրանք վերլուծելու․ «Դեռ վկայի հարցաքննությունը չավարտած՝ հայտարարություն կատարել, որ դա ինչ-որ վերնագիր կլինի, կարծում եմ՝ սրանով մենք կաշկանդում ենք վկային՝ հետագայում իր իմացած տեղեկությունները հայտնելու կապակցությամբ»։

Դատախազի մյուս հարցին, թե համայնքի ղեկավարն Աղվան Հովսեփյանից կարո՞ղ էր կաշկանդված լինել, Արշավիր Սարգսյանն ասաց՝ կաշկանդված չէր կարող լինել, քանի որ միմյանց միջև հարաբերությունները ջերմ էին, իրար հետ հարգանքով էին խոսում, ոչ թե վախենալով։

– Կհիշե՞ք՝ Մոսկվայում Աղվան Հովսեփյանի հետ հանդիպումը ո՞ր թվականին է եղել։

– 2016 կամ 2017 թվականներին։

– Հանդիպման ժամանակ երրորդ անձն ո՞վ էր։

– Իմ շատ մտերիմ ընկերն էր, որի հետ ընկերություն եմ արել, Բելառուսից էր, բայց ապրում էր Մոսկվայում, ես եմ ծանոթացրել Աղվան Հովսեփյանի հետ։ Նրա հետ 1998 թվերից ընկերություն եմ արել, հետագայում ինքը եկել ա Հայաստան, իր տանն եմ եղել։

Վկան նշեց, որ իր ընկերը Հայաստան է եկել 2015 թվականին, իրար հետ գնացել են Մեղրի, ցույց է տվել՝ ինչով է զբաղվում, Աղվան Հովսեփյանի հոր մահվանից հետո ինքը չի կարողացել գալ Հայաստան, ընկերոջն է ուղարկել․ «Վերադարձավ Հայաստանից, ուրիշ ձև փոխված, ասեց՝ ամեն ինչ շատ վատ ա, փախել եմ Հայաստանից, խաբել են»։

Վկան նաև հայտնեց, որ իրեն շատերն են առաջարկել համատեղ բիզնեսգործունեությամբ զբաղվել, սակայն ինքը բոլորին պատասխանել է՝ իր  «բիզնես պարտնյորը» Աղվան Հովսեփյանն է և իրավունք չունի նրանից բացի մեկ այլ անձի հետ որևէ ձեռնարկատիրական աշխատանքով զբաղվել։

– Տվյալներ ունե՞ք, որ Աղվան Հովսեփյանի տղաներից որևէ մեկը ճանաչի Ռոբերտ Նազարյանին, Արամ Հարությունյանին, Անդրանիկ Մանուկյանին, Հովիկ Աբրահամյանին կամ նրանց հետ զրուցած լինի, բիզնեսգործունեության հետ կապված ինչ-որ խնդիրներ լուծի։

– Ինձ չի թվում, որ տենց բան կարող էր լինել, որովհետև ում անունները, որ տալիս եք, էդ մարդիկ շատ անհասանելի էին, և էդքան հեշտ չէր էդ մարդկանց հետ հանդիպելը, գործի բնույթով շատ զբաղված էին, երևի թե չէ, չէր կարա լիներ տենց բան։ Իհարկե, զանգելուց հետո կարայինք գնայինք, ինչ-որ հարցեր քննարկեինք։

– Ո՞ւմ զանգեիք։

– Դե Աղվան Հովսեփյանը պետք ա զանգեր, որ գնայինք, ուրիշ ոնց կարելի ա Կառավարության ղեկավարին կամ մեկ այլ պաշտոնյայի զանգել, ասել՝ ուզում եմ գամ, հանդիպեմ Ձեզ հետ, գործ ունեմ, բիզնես ունեմ։

– Ինքը երբևիցե Ձեզ էդպիսի բան ասե՞լ է։

Աղվան Հովսեփյանի պաշտպան Երեմ Սարգսյանն առարկեց հարցի դեմ՝ նշելով, որ վկան արդեն իսկ դրան պատասխանել է։

Վկան նաև հայտնեց, որ համատեղ բիզնեսգործունեության ընթացքում ստացված եկամուտներից հարկեր են վճարել, իսկ հիմա միակ մտահոգությունն իր կողմից կառուցված հէկի «ճակատագիրն է»․ «Էդ բողոքը մինչև վերջ գնալու ա, քանի ես ապրում եմ, մինչև էդ գէսն (հէկ խմբ․) իմը չլինի»։

Հանրային մեղադրողի այն հարցին, թե բացի հէկերից, Աղվան Հովսեփյանի տղաներն այլ գործունեությամբ զբաղվում էին, թե ոչ, Արշավիր Սարգսյանն ասաց՝ Միսակը զբաղվում էր դեղերի գործով, առողջապահության նախարարության տենդերներ էր շահում, գալիս էր իրենից խորհուրդ էր հարցնում, նաև նշեց, որ ատամնաբուժարան ուներ, ինքը ևս գնացել է այնտեղ։

Աղվան Հովսեփյանի մյուս տղաների մասին ասաց․ «Նարեկն ընդհանրապես ոչ մի բանով չէր զբաղվում, իրեն հետաքրքիր չէր, բողոքում էր, ասում էր՝ ինձ դուր չի գալիս էս երկիրը, ես չեմ ուզում, ոչ մի բան ինձ պետք չի, իսկ փոքր տղան շատ հետաքրքիր մտքեր ուներ, աշխատում էր, նորմալ ամեն ինչ էլ անում էր»։

Պաշտպանության կողմից Երեմ Սարգսյանը հարցրեց՝ աճուրդի կազմակերպման հարցերով վերջինս զբաղվել է, թե ոչ, վկան ասաց՝ ինքը դրանով չի զբաղվել, իսկ մյուս հարցին, թե Բյուրական համայնքի բնակիչներից Վարազդատ Գրիգորյանը, Սահակ Թադևոսյանը, Լյուդվիգ Թադևոսյանն ինչ աշխատանք են այդ ընթացքում կատարել, վկան ասաց՝ շատ մարդկանց չի հիշում։

Հարցին, թե հնարավոր համարում է, որ այդ նույն բնակիչներին Աղվան Հովսեփյանը ստիպեր աճուրդին մասնակցել, Արշավիր Սարգսյանն ասաց՝ «Որ մի բան չգիտեմ, ո՞նց ասեմ։ Ընդեղ Հրաչ կար, որը պետք ա կազմակերպեր ոնց որ պետք էր»։

Համատեղ բիզնեսգործունեության մասին Սարգսյանը հայտնեց հետևյալը․ «Բիզնեսը մերն էր, ու երբեք ես դրա համար նկատողություն չեմ ստացել, իրար հետ չենք վիճել, ինչ-որ պրոբլեմ չի եղել, չեմ էլ ասել, որ սխալվել եմ։ Ես 3 ամիսը մեկ թղթերը հաշվապահության կողմից բերում էի, ներկայացնում էի, վարորդը դնում էր բագաժնիկում, ինքն էլ ասում էր Արշավիր, ոչ մի բանի կարիք չկա, ես քեզ 100 տոկոսով հավատում եմ, ոչ մի թեմա չկա»։

Երեմ Սարգսյանը վկային հարցրեց․

– Միսակը Ձեր աշխատո՞ղն էր։

– Իմ աշխատողը չի եղել, իմ ընկերոջ տղան ա եղել, ընտանիքի անդամ ա եղել։

– Միսակը, որ Ձեզ հետ միասին եկել էր, բիզնե՞ս էր անում։

– Ի՞նչ ա նշանակում բիզնես էր անում, շինարարություն էինք անում ընդհանուր ընտանիքների բիզնեսի համար։

– Նախորդ նիստին, երբ Ձեզ դատարանը հարցրեց, թե պարոն Հովսեփյանի հետ թշնամություն կա, թե չէ, եթե չեմ սխալվում, ասեցիք՝ չկա։

– Էլի եմ ասում։

– Քիչ առաջ ասացիք, որ էդ հէկը Ձերը պետք ա լիներ։

– Իմն ա եղել, քանի ես շնչում եմ, օրենքի սահմաններում բողոքելու եմ բոլոր ատյաններով, որ էդ գէսը (հէկ խմբ․) վերադարձնեմ ինձ։

Հաջորդիվ վկային հարցեր ուղղեց պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

– Մեկ անգամ ևս դատարանի կհայտնե՞ք՝ որն է եղել պատճառը, որ Աղվան Հովսեփյանը չի ուզեցել այդ բիզնեսներն իր անունով լինեն։

– Պաշտոնը։

– Միևնույն ժամանակ Դուք հայտնեցիք, որ պարոն Հովսեփյանը չի ուզում, որ հասարակությունն իմանա, որ ինքը բիզնեսով ա զբաղվում։ Քիչ առաջ հայտնեցիք՝ ես բազմաթիվ առաջարկներ էի ստանում բիզնես անելու համար, բոլորին մերժում էի, ասում էի՝ իմ միակ պարտնյորը Աղվան Հովսեփյանն ա, դրա մասին բոլորը գիտեին։ Ո՞նց ա ստացվում, որ Դուք ամբողջ աշխարհին հայտարարել եք, որ Դուք Աղվան Հովսեփյանի հետ պարտնյոր եք և բոլորի առաջարկները մերժում եք։

– Նախ միգուցե տարբերությունը նա է, որ մասնագիտությամբ Դուք իրավաբան եք, ես՝ եկրաբան։ Նորից եմ ասում, իհարկե չպիտի իմանային, որ Հովսեփյանը զբաղվում ա բիզնեսով, բայց կար ընկերների մի նեղ կրուգ, որոնք գիտեին, որ Աղվան Հովսեփյանի ընկերն եմ, դրա համար էին գալիս, առաջարկում, որ բիզնես անեինք, թե չէ, հո, սիրուն աչքերիս համար չէին գալիս։

Վկայի հարցաքննությունից հետո մեղադրյալ Աղվան Հովսեփյանը հայտարարությամբ հանդես եկավ, ասաց, թե իր տղաներն ինչ կրթություն են ստացել, ինչ գործունեություն են ծավալում՝ հակադարձելով վկայի հայտնած այն տեղեկություններին, որ նրանք չէին կարող ինքնուրույն ձեռնարկատիրական գործունեություն ծավալել․ «Ուղղակի էստեղ տպավորություն չստեղծվի, որ իմ էրեխեքը բադի ձագեր են»։

Մեղադրյալի հարցին, թե նրանք արդյոք չէին կարող այդ բիզնեսներով զբաղվել, վկան ասաց․ «Էդ երեխեքը շատ բիզնեսներ են ունեցել, բայց էն, որ իմ բիզնեսերն ա եղել, նրանք կապ չեն ունեցել դրանց հետ, այո, Միսակի հետ փորձեցինք, Դուք Ձեր խնդրանքով ներքաշեցիք Միսակին գէսերի բիզնեսին, ու ես ստացա իմ գլխին մեծ պրոբլեմ»։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ հանրային մեղադրող, դատախազ Կորյուն Սերոբյանը նիստի վերջում հանդես եկավ վկայի նախաքննական ցուցմունքները հրապարակելու միջնորդությամբ, քանի որ դրանց և այս ցուցմունքի մի քանի հատվածների հետ հակասություններ կան։

Դատարանի՝ այլ նիստով ծանրաբեռնված լինելու հանգամանքով պայմանավորված նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստին ցուցմունքի վերաբերելի հատվածները կհրապարակվեն, կշարունակվի վկաների հարցաքննությունը։

Հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին։

Մանրամասները՝ տեսանյութերում։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել