ՀՀ և Ղազախստանի ՍԴ նախագահները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

Ղազախստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի հրավերով Աստանա կատարած այցի շրջանակներում 2025 թվականի օգոստոսի 29-ին Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության սահմանադրական դատարանների նախագահներ Արման Դիլանյանը և Էլվիրա Ազիմովան, Ղազախստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի (ք․ Աստանա) միջազգային ընդունելությունների սրահում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության Բարձր դատարանների միջև։

Հուշագրի նպատակն է նպաստել իրավական ոլորտում փոխգործակցության և համագործակցության շրջանակի ստեղծմանը, սահմանադրական արդարադատության ոլորտում փորձի փոխանակմանը, երկու երկրներում սահմանադրական իրավունքի և դրա գործնական կիրառման ուսումնասիրությանը՝ սահմանադրական իրավունքի ոլորտում վեճերի լուծման համատեքստում՝ ձգտելով խթանել սահմանադրական արդարադատությունը և երաշխավորել համընդհանուր ճանաչում ունեցող ժողովրդավարական սկզբունքները, ինչպես նաև մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների պաշտպանության երաշխիքները։

Կարևորելով հուշագրի ստորագրմամբ հարաբերությունների նոր փուլի մեկնարկը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հույս է հայտնել, որ Հուշագրով նախանշված դրույթները գործնականում կիրականացվեն՝ դառնալով սահմանադրական արդարադատության ոլորտում հայ-ղազախական արդյունավետ համագործակցության գրավական։

Ղազախստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Էլվիրա Ազիմովան նշել է, որ իրենց համար շատ հետաքրքիր է սահմանադրական արդարադատության ոլորտում Հայաստանի Հանրապետության իրավակիրառ պրակտիկան՝ համոզմունք հայտնելով, որ Հուշագրի ստորագրումը կարևոր հիմք է երկու երկրների Բարձր դատարանների միջև հարաբերությունների առավել զարգացման համար։

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցությունն ընդյալնել նաև երկու երկրների Սահմանադրական դատարանների աշխատակազմերի միջև։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել