Հակակոռուպցիոն քրեական դատարանում երեկ՝ սեպտեմբերի 3-ին, շարունակվեց Քննչական կոմիտեի նախկին նախագահ, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը։ Նախագահող դատավորը Տիգրան Դավթյանն է։
Ըստ մեղադրանքի՝ Աղվան Հովսեփյանը 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված բարձրաստիճան պաշտոնատար անձ՝ պաշտոններ զբաղեցնող անձանց համար, սահմանված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքին հակառակ, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Երևան քաղաքի բնակիչ Արշավիր Սարգսյանի հետ 2007-2015 թթ. ընթացքում մեկ միասնական դիտավորությամբ, հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, ինչպես նաև անձամբ և վստահված անձանց՝ որդիների միջոցով մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ և առավելություններ տրամադրելու և այլ ձևով հովանավորելու հետ, իսկ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է:
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս դատական նիստին հարցաքննվեց վկա Արշավիր Սարգսյանը։
Նա հայտնեց, որ մեղադրյալ Աղվան Հովսեփյանի հետ ունեցել է ընկերական հարաբերություններ: Այս գործի վերաբերյալ նշեց, որ բողոքել է պետական մարմինների անարդարության դեմ․ Մեղրի քաղաքում կառուցել է հէկ, ինչը անօրինական ձևով տրվել է այլ կազմակերպության։
«Գեսը (հէկ խմբ․), որը 60 %-ով պատրաստ էր, անօրինական ձևով վերափոխել են իրենց ֆիրմայի վրա, որի հետ կապված փորձաքննություն է կատարվել, ամեն ինչ պարզվել ա, ես էդ դրվագով եմ բողոքել, ու էդ դրվագի հետ կապված ամեն ինչ սառած ա, կանգնած ա, ոչ մի նորություն չկա, ոչ մի հարցուպատասխան չկա»,-ասաց վկան։
Հանրային մեղադրող, դատախազ Կորյուն Սերոբյանը հարցրեց, թե Աղվան Հովսեփյանի հետ ե՞րբ է ծանոթացել, ի՞նչ հանգամանքներում, որտե՞ղ, ո՞ւմ միջոցով, վկան ասաց՝ ծանոթացել է 2001-2002 թվականներին Մոսկվայում, որտեղ զբաղվել է բիզնեսով, իսկ Հայաստանում իրենց ջերմ հարաբերությունները շարունակվել են մինչև 2015 թվականի գարուն։
– Ի՞նչ նպատակով վերադարձաք ՀՀ, և այստեղ բիզնեսով զբաղվե՞լ եք, թե՞ ոչ։
– 2001-2002 թվականներին վերադարձել եմ Հայաստան, Մոսվկայում տարբեր տեսակի բիզնեսների մեջ եմ եղել, պռոբլեմներ ա եղել, վերադարձել եմ Հայաստան, որոշեցինք ապրենք այստեղ, ունեմ 3 աղջիկ, 1 տղա։ Աղվան Հովսեփյանի հետ էլ արդեն ընկերություն էինք անում, ծանոթացել էինք, ասեց մնա ստեղ, մի գնա, աշխատող տղա ես, որտեղ էլ լինի, կաշխատես, ավելի հարմար գտանք, որ Հայաստանում մնանք, աշխատենք։ Հայաստանում զբաղվել եմ բիզնեսով 2004-2005 թվականներին, մինչև որ հասել ենք էս օրվան։
Նրա խոսքով՝ հիմնականում զբաղվել է հէկերի կառուցմամբ, առաջին հէկը ստեղծվել է Եղեգնաձորում (Սուրբ աղբյուր), այդ ընթացքում գնացել է Չինաստան, համապատասխան կազմակերպությունների հետ համագործակցել է անհրաժեշտ իրերի ձեռք բերման համար։
Աղվան Հովսեփյանի հետ այդ ժամանակ պայմանավորվել է, որ աշխատանքը միասին շարունակեն։
– Կասե՞ք ինձ՝ Աղվան Հովսեփյանի հետ կոնկրետ բիզնեսգործունեություն ծավալելու պայմանավորվածություններ ձեռք բերե՞լ եք, թե՞ ոչ, եթե այո, ո՞ր բիզնեսներն են դրանք եղել։
– Ես ուրիշ ոչ մի ընկեր չեմ ունեցել գործնական, ունեցել եմ միայն պարոն Հովսեփյանին, ազնիվ ծառայել եմ որպես ընկեր և՛ անձնական հարցերում, և՛ ամեն ինչի մեջ, բիզնեսի հետ կապված աշխատել եմ, 1-ը 2 եմ սարքել, 2-ը՝ 3, եկել եմ, իրեն ասել եմ, ասել ա՝ դու ազնիվ մարդ ես, ոչ մի պրոբլեմ չկա։ Ժամանակը հասունացավ, պարզվեց, որ ես անարդար եմ եղել։
– Աղվան Հովսեփյանի հետ, երբ համաձայնությունը ձեռք բերեցիք, ինքը պատրաստակամություն հայտնե՞ց էդ եղանակով օգնի Ձեզ։
– Եթե չլիներ էդ պատրաստակամությունը, չէր էլ լինի աշխատանքը։
– Այլ տրամաբանություն կա՞ր նրա հետ գործունեություն ծավալելու։
– Իհա՛րկե։
– Ո՞րն էր։
– Նախ առաջինը, որ ինքը շատ լավ, մեծ շրջապատ ուներ, էն հարցերը, որոնք ինձ համար անհասանելի էին, մի հեռախոսի զանգով լուծում էր։
– Այդ ժամանակ նա ի՞նչ պաշտոն էր զբաղեցնում։
– Այդ ժամանակ հանրապետության գլխավոր դատախազ էր, հետո քննիչ աշխատեց, հետո էլի դարձավ գլխավոր դատախազ։
Վկան հայտնեց, որ իր կողմից տեխզննման կայան ստեղծելու առաջարկ է եղել, դրա մասին հայտնել է Աղվան Հովսեփյանին, նախապես հողամասեր էին գնվել, ինչից հետո էլ հանդիպել է Աշոտ Զալինյան հետ, քննարկում ունեցել Դավթաշենում գտնվող տարածքի համար։
Աշոտ Զալինյանի և նրա որդու՝ դատարանում տված ցուցմունքն այստեղ։
«Տեխզննման կայանը գնացինք Աշոտենց հետ պայմանավորվեցինք ամենքս մեր տոկոսադրույքը, մի պահ եղավ, որ ինձ ուզում էին նեղացնեին տոկոսադրույքի հետ կապված, ես թույլ չտվեցի, քանի որ հիմնական աշխատանքը ես էի անում, գումարը ես էի դնում։ Աղվան Հովսեփյանի փայը արեցինք Նարեկի անունով, Զալինյանն իր տղայի անունով, ես իմ անունով։ Գումարը ես եմ դրել 200 հազար դոլար, սկսել ենք աշխատելը, տարուկեսի ընթացքում գումարը կամաց-կամաց մինչև հետ տվեցին, հետո արդեն սկսեցինք եկամուտներ ստանալ»,-ասաց Արշավիր Սարգսյանը։
Դատախազի հարցին, թե երրորդ անձն ով էր, վկան ասաց՝ չի հիշում, հիմնարկի տերն էր, տարածքն իրեն էր պատկանում։
Վկան հարցաքննության ողջ ընթացքում շեշտում էր՝ ինքն ու Աղվան Հովսեփյանը եղել են «մի տան անդամի նման»․ «Ինչի՞ եմ էսօր սենց նեղացած, որովհետև պարզվեց, որ էդ արդար, լավ մարդը, որ և՛ երեխեքի հետ ա ընկերություն արել, և՛ լիքը ճանապարհ ա անցել, շատ պռոբլեմներ իրա վրայա վերցրել, որ ոչ մեկը չի իմացել, նեղություն չեն քաշել, ու մի պահ միանգամից դառավ խաբեբա, չնայած, որ ոչ մի բան չեմ բողոքել, ասում եմ էն, ինչ կա»։
Դատախազի մյուս հարցին, թե տեխզննման կայանի համար լիցենզիա ստանալու գործընթացում Աղվան Հովսեփյանը որևէ միջամտություն ցուցաբերե՞լ է, թե՞ ոչ, վկան պատասխանեց՝ նա, եթե չմիջամտեր, ոչ ոք լիցենզիա չէր ստանա։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված հայտնեց, որ իր հերթական գաղափարներից մեկն է եղել, ասել է Աղվան Հովսեփյանին, որ կարելի է այնտեղից անվադողեր բերել, վերջինս խոսել է տնօրենի հետ, հանդիպումներ են եղել, համաձայնություն է ձեռք բերվել․ «Ասել ա՝ գնա, եթե էս գործը կարող ես անել, մենք ունենք ընդեղ մեր ներկայացուցչությունը, եթե ավելի լավ գնով կբերես, և ընդհանրապես, եթե քեզ կտան, խնդրեմ, բեր»։
Վկան հայտնեց, որ այդ անվադողերը բերել է Բելառուսից, երկար ժամանակ զբաղվել է այդ գործունեությամբ։
Հետագայում ընկերությունը փոխվել է Աղվան Հովսեփյանի որդու անվամբ, խնդիրը պայմանավորված էր այն հանգամանքով, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այդ ընթացքում ևս Բելառուսի հետ բացեց ընկերություն, բելառուսական կազմակերպության բաժնեմասը կազմում էր 51%, իսկ Ծառուկյանինը՝ 45 %, բելառուսական բոլոր ապրանքները բերում էին, Չարբախի խանութում վաճառում էին․ «Հարց առաջացավ, որ «վերշինան» էլ իրանք պետքա բերեն, ես հասկացա, որ կորցնում ենք էդ բիզնեսը, պարոն Հովսեփյանին ասեցի սենց պռոբլեմ կա, ասեց ես կխոսեմ, երևի խոսեց, հետո ասեց, որ պետք ա փոխենք Միսակի անունով կազմակերպությունը, որ ասի իր տղայի կազմակերպությունն ա։ Ես հասկացա, որ ինչ-որ բան էն չի, մինչև էդ իմն ու քոնը երբևիցե չի եղել»։
Նա նշեց, որ Միսակ Հովսեփյանի հետ մի անգամ գնացել են Գագիկ Ծառուկյանի մոտ, խնդրել, որ թույլ տա շարունակել բիզնեսգործունեությունը, շատ վատ է ընդունել, ասել է սա բիզնես է, հիմա էլ իրենք են աշխատում։
Նրա խոսքով՝ դրանից հետո միասին 1 տարի են աշխատել, հետո որոշվել է նոր կազմակերպություն բացել, հիմնադիրներին փոխել։
Վկա Արշավիր Սարգսյանը նաև հայտնեց, որ վերջին տարիներին իրենց հետ է աշխատել նաև Միսակ Հովսեփյանը, նշեց՝ աշխատանքային ծանրաբեռնվածությունը գցում էր նրա վրա։
Վարդահովիտ և Վայոց ձորի հէկերի գործունեության հետ կապված վկան հայտնեց, որ առաջին հէկի կառուցումից հետո Աղվան Հովսեփյանին ասել է․ «Պարո՛ն Հովսեփյան, մե՛ծ եղբայր, ասա՝ ընտանիքի անդամներից ո՞ւմ անունով եմ ձևակերպում 50 %-ը, ասեց՝ Նարեկի, տարա, Նարեկի անունով ձևակերպեցի, որովհետև իրար հետ պայմանավորվել ենք, որ 2 ընտանիքինն է»։
Նրա խոսքով՝ Վարդահովիտ համայնքի ղեկավարն այդ ժամանակ ցանկացել է բաժնեմաս ունենալ, իրենք էլ բաժանել են 3 մասի՝ իր, համայնքի ղեկավարի՝ Սամվելի, և Միսակի միջև։
Հարցին, թե Աղվան Հովսեփյանը հէկերի համար գումարային ներդրումներ արել է, թե ոչ, վկան պատասխանեց՝ նա միայն թույլտվություն է տվել վարկ վերցնելու համար, ներդրումներին չի մասնակցել։
Դատախազը հարցրեց, թե հէկերի հետ կապված համատեղ բիզնեսգործունեությունը մինչև ո՞ր թվականն է եղել, վկան ասաց՝ 2015 թվականի գարնանն իր և Աղվան Հովսեփյանի միջև արդեն անախորժություն է սկսվել։
Աղվան Հովսեփյանի ընտանիքին պատկանող Բյուրականի առանձնատան մասին նշեց, որ միասին են կառուցել, կահույքն ու մյուս անհրաժեշտ պարագաները ինքն է բերել Չինաստանից․ «Համ շինարար եմ եղել, համ բանվոր եմ եղել, համ «պովր» եմ եղել, համ «ախրանիկ» եմ եղել, մեծ ընկերոջ, հարազատ մարդու համար ի՞նչ պիտի անեմ, հո պարապ չէի նստելու»։
Առանձնատան կառուցման համար շատ մարդկանց են գումարներ տվել, տան բակում բետոնե լիճ, թունել են սարքել, որին ինքը չի մասնակցել, իսկ ընդհանուր շինարարության համար մեծ գումարներ են ներդրվել։
Վկան հայտնեց, որ Աղվան Հովսեփյանը բիզնեսգործունեության ընթացքում ասել է, որ իրեն խաբել է, և խոսքը 10 և ավելի միլիոն դոլարների մասին է եղել։ Հարցին, թե որդիները նույնպե՞ս նման մեղադրանքներ են հնչեցրել, ասաց՝ նրանք չեն կարող նման բաներ ասել, միայն Աղվան Հովսեփյանի հետ է խոսակցությունը եղել։
«Տենց չի լինում, որ ամբողջը Ձեզ մնա, ես տանջվել եմ, չարչարվել եմ, չէ՞։ Ասեց՝ լրիվ ձևակերպի իմ վրա, հետո ես կորոշեմ քեզ հասանելիք կա, թե չէ, ասեցի հաջողություն։ Վերջում մենք եկանք ընդհանուր հայտարարի, պայմանավորվեցինք, փոխադարձ համաձայնության պայմանագիր կապեցինք, մնացին մենակ լավ ու վատ հիշողությունները»,-ասաց նա։
Ստուգումների վերաբերյալ հայտնեց, որ առաջարկել է անկախ կազմակերպություն բերեն, ստուգեն, Աղվան Հովսեփյանն ասել է, որ ինքը ճանաչված մարդ է, չի կարելի, կիմանան, որ նման խնդիրներ ունի։
Արշավիր Սարգսյանը նշեց, որ Մոսկվայում ինքն ու Աղվան Հովսեփյանը հանդիպել են, երրորդ անձի ներկայությամբ պայմանավորվել, որ ինքն ամբողջ բիզնեսները տալիս է նրան, վերջինս էլ պետք է վերադարձնի վարկային գումարը․ «Զանգ տվեցի կնոջս, ասեցի՝ գնացեք, ստորագրեք ինչ կա, չկա, գույքը տվեք իրենց ընտանիքին։ Բոլորը ստորագրեցին, մնացել էր կինս, ասել էր կգամ, երկուշաբթի օրը կստորագրեմ, կիրակի օրը ես զանգ եմ տալիս, ասում եմ՝ պարոն Հովսեփյան, ես իմ խոստումը կատարեցի, մնում ա, որ Դուք էդ գումարը վերադարձնեք, ասեց՝ մենք ոչ մի բան չենք պայմանավորվել։ Շնորհակալություն ասեցի, հեռախոսն անջատեցի ու քցեցի, ու կինս չգնաց, էլ չստորագրեց, ու էդ ամեն ինչը հեչ եղավ»։
Նրա խոսքով՝ 2 տարի հետո կրկին համաձայնության են եկել, որոշ գույքեր տվել են Աղվան Հովսեփյանի ընտանիքին, որոշները մնացել է իրենց։
Նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստին կշարունակվի Արշավիր Սարգսյանի հարցաքննությունը։
Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին։
Մանրամասները՝ տեսանյութերում։
Մարիամ Շահնազարյան