«Իմ ճիշտն ավելի շուտ էր սկսել»․ Աղվան Հովսեփյանի գործով 4 վկա հարցաքննվեց

Հակակոռուպցիոն քրեական դատարանում մայիսի 2-ին շարունակվեց Քննչական կոմիտեի նախկին նախագահ, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը։ Նախագահող դատավորը Տիգրան Դավթյանն էր։

Ըստ մեղադրանքի՝ Աղվան Հովսեփյանը 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված բարձրաստիճան պաշտոնատար անձ՝ պաշտոններ զբաղեցնող անձանց համար, սահմանված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքին հակառակ, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Երևան քաղաքի բնակիչ Արշավիր Սարգսյանի հետ 2007-2015 թթ. ընթացքում մեկ միասնական դիտավորությամբ, հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, ինչպես նաև անձամբ և վստահված անձանց՝ որդիների միջոցով մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ և առավելություններ տրամադրելու և այլ ձևով հովանավորելու հետ, իսկ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է:

Բացի այդ, Աղվան Հովսեփյանը 2010 թվականի հոկտեմբերի սկզբներին, քննությամբ չպարզված օրը, իր պաշտոնի հեղինակությամբ ազդեցություն գործադրելով՝ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի ղեկավար Հրաչյա Ավագյանին համոզելու եղանակով դրդել է չարաշահել պաշտոնեական լիազորությունը, ապա այդ արարքի արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերով գույքը օրինականացրել է:

Բացի այդ, Աղվան Հովսեփյանը Վարշամ Ղարիբյանի օգտին ծառայության գծով հովանավորչության համար, նրանից պահանջել և 2011 թվականի փետրվարի 14-ին ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, ապա հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը օրինականացրել է:

Բացի այդ, Աղվան Հովսեփյանը, 2017 թվականի ապրիլի 10-ին իր հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվող Վրեժ Մարկոսյանին համոզելու եղանակով դրդել է վատնել նրան վստահված, Վարշամ Ղարիբյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքը:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս դատական նիստին հարցաքննվեց 4 վկա։

Դատակոչված վկաներից առաջինը հարցաքննվեց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը։ Հայտնեց, որ ներկաներից որևէ մեկի հետ բարեկամական կապ չունի, ամբաստանյալին ճանաչում է, նրա հետ ծանոթացել է ընդհանուր հանդիպման ժամանակ։

Հէկերի վերաբերյալ նշեց, որ 2 հէկի հետ է կապված եղել հարցաքննությունը, նախաքննական մարմնում փորձել են ճշտել, թե Աղվան Հովսեփյանն այդ հարցով իրեն դիմել է, թե ոչ, ասել է, որ չի դիմել։

Իր մոտ են գնացել վերջինիս որդին՝ Միսակ Հովսեփյանը և Արշավիրը, որի ազգանունն այդ պահին չհիշեց, ովքեր բողոքել են, որ անհարկի ձգձգվում է լիցենզիայի տրամադրումը, նրանց ներկայությամբ կապվել է այդ պահին ստորաբաժանումների ղեկավարների հետ՝ փորձելով հասկանալ ինչն է խնդիրը։ Նրա խոսքով՝ ներկայացված ցանկի մեջ թերություններ են եղել, այդ ամենի վերաբերյալ պարզաբանումներ են տրվել։

Վկան հայտնեց՝ այդ ժամանակ զբաղեցրել է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը։

Հանրային մեղադրող Կորյուն Սերոբյանը հետևյալ հարցերն ուղղեց Ռոբերտ Նազարյանին․

– Կնշե՞ք՝ որ ժամանակահատվածում եք զբաղեցրել այդ պաշտոնը, և այդ ժամանակահատվածում կխնդրեմ նշեք՝ Ջրի ազգային խորհրդի անդամ հանդիսացե՞լ եք։

– Այո՛, հանդիսացել եմ։ 2003 թվականի հուլիսի 1-ից մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը։

– Ջրի ազգային խորհրդի անդամ երբվանի՞ց եք հանդիսացել։

– Չեմ կարող թիվը նշել, բայց ես խորհրդի անդամ էի։

– Նշեցիք՝ հէկերի հետ կապված խոսակցությունը, որքանով հիշում եք, 2012, 2013, 2014 թվականներին է վերաբերում, այդ ժամանակ խորհրդի անդամ հանդիսացե՞լ եք։

– Կարծում եմ՝ այո, լավ չեմ հիշում, որովհետև Ջրի ազգային խորհուրդն ավելի ուշ ձևավորվեց։

– Ջրի ազգային խորհրդի նախագահն ո՞վ էր այդ թվականներին։

– Վարչապետը։

– Անդամներից ո՞ւմ կհիշեք։

– Որպես կանոն, Ջրային տնտեսության կոմիտեի նախագահն էր լինում, բնության պահպանության նախարարն էր լինում, կային նաև հասարակական կազմակերպություններից, Պոլիտեխնիկական ինստիտուտից, եթե չեմ սխալվում։

Հայտնեց՝ Միսակ Հովսեփյանի հետ հենց այս գործով են ծանոթացել, աշխատավայրում քարտուղարն ասել է, որ Հովսեփյան Միսակն է իրեն սպասում, այդ պահին չի հիշել, թե ով է վերջինս, աշխատակցից ճշտել է, իմացել, որ խոսքը Աղվան Հովսեփյանի որդու մասին է։

Դատախազի այն հարցին, թե հնարավոր է, որ մինչև այդ ևս տեսած լիներ Միսակ Հովսեփյանին, վկան ասաց՝ մի անգամ էլ է վերջինս գնացել իր մոտ, այդ ժամանակ մենակ է եղել։ Առաջին հանդիպման ժամանակ է իմացել, որ Միսակը Աղվան Հովսեփյանի տղան է։

Հանդիպման ժամանակ ասել է, որ փոքր հէկերի բիզնեսով զբաղվելու նպատակ ունի և դրա համար ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, այդ ցանկը բերել են, տրամադրել Միսակին։

Վկայի խոսքով՝ քաղաքացիներն այդպիսի հարցերով միշտ դիմել են, հատուկ օր է եղել նրանց ընդունելության համար։ Պնդեց, որ կախված իրավիճակից հնարավոր է և Աղվան Հովսեփյանի որդուն չընդուներ, զբաղված լիներ, ցանկացած այլ մարդու ընդուներ, որին չէր ճանաչել։

– Արշավիր Սարգսյանի հետ ինչպե՞ս եք ծանոթացել, ո՞վ ծանոթացրեց։

– Միսակն է ինձ ծանոթացրել։

– Արշավիր Սարգսյանը, Միսակ Հովսեփյանը կոնկրետ ներկայացա՞ն, թե ինչ գործունեություն են ծավալում։

– Ներկայացրին, որ ուզում են հէկ կառուցել։

– Ո՞ր թվականն էր։

– Մոտավորապես 2012-ից 2014 թվականներին էր․ կոնկրետ չեմ հիշում։

Դատախազը հայտնեց՝ գործում կան այնպիսի տվյալներ, որտեղ նշված է՝ Աղվան Հովսեփյանը նշված դեպքի հետ կապ ունի։ Պաշտպանության կողմն առարկեց՝ ասելով, որ այդպիսի տվյալ չկա։

Հանրային մեղադրողն իր ասածի հիմնավորման համար ընդգծեց․ «Իրականում, մենք գործում ունենք այդ փաստական տվյալները, իհարկե պարոն Նազարյանի ցուցմունքում չի դա, ես այդպիսի բան էլ չասացի, դրա համար պետք էլ չէր զարմանար: Ինչ վերաբերում է գործում առկա փաստական տվյալներին, այո, վկայի ցուցմունքն է դա, ինչպես նշում է պատշպանական կողմը, բայց վկայի ցուցմունքը չի հրապարակվել, դատարանը չի հետազոտել, սակայն այս պայմաններում հնարավորություն եմ ընձեռում ինձ զենքերի հավասարությամբ այդ հարցը տալ։ Արդյո՞ք իրավաչափ չէ հարցը հնչեցնելը՝ չնշելով, թե ում կողմից է տրվել և ինչ բովանդակությամբ է տրվել այդ ցուցմունքը․ եթե իրավաչափ չէ, դատարանը թող որոշի, հարցը հանի»։

Պաշտպանական կողմի ներկայացուցիչը հայտնեց, որ իրավաչափ չէ, որովհետև իրավունք ունեն միայն դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներից բխող հարցադրումներ կատարել։

Վկան կրկին պնդեց, որ հարցին արդեն իսկ պատասխանել է, Աղվան Հովսեփյանն այդ ամենի հետ կապ չի ունեցել։

Դատակոչված վկաներից հաջորդը հարցաքննվեց Արշակ Պետրոսյանը։ Նա հայտնեց, որ չի հանդիսանում դատական նիստերի դահլիճում գտնվողներից որևէ մեկի ազգականը և Աղվան Հովսեփյանին անձամբ չի ճանաչում։

Վկայի խոսքով՝ 2001-2008 թվականներին աշխատել է Տրանսպորտի և կապի նախարարությունում, այդ ընթացքում ընդրգկվել է տեխնիկական զննության անցկացման լիցենզավորման մրցույթի հանձնաժողովում որպես քարտուղար։ Ներկայացրեց նաև, թե ինչ գործառույթներ է իրականացրել իր աշխատանքային գործունեության ընթացքում։

Նա հայտնեց, որ ո՛չ Աղվան Հովսեփյանին, ո՛չ վերջինիս որդուն չի ճանաչում, իսկ Օհան Մուրադյանին ճանաչում է, քանի որ վերջինիս հետ աշխատանքային գործունեության մեջ է գտնվել, նաև իրեն հայտնի է եղել, որ նա դատախազությունում է աշխատում։

Լիցենզիայի տրամադրման գործընթացի մասին նշեց, որ այն իրականացվել է բարդ ընթացակարգով, երկու փուլով, Կառավարության կողմից հստակ չափորոշիչներ էին սահմանված մրցույթի անցկացման համար, որտեղ հայտատու կազմակերպությունը պետք է ներկայացներ պարտավորություններ տարածքի վերաբերյալ։

Արշակ Պետրոսյանից հետո հարցաքննվեց վկա Աշոտ Զալինյանը, և հայտնեց, որ ներկաներից որևէ մեկի հետ բարեկամական կապերի մեջ չի գտնվում։ Նա նշեց, որ Աղվան Հովսեփյանին ճանաչում է, ծանոթացել են վաղուց, երևի 90-ականների վերջերից, աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել․ «Աշխատել եմ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ Գլխավոր դատախազությունում, առ այսօր էլ աշխատանքային հարաբերությունների մեջ ենք գտնվում, աշխատել եմ Քննչական կոմիտեում»։

Աշոտ Զալինյանն իր հետ կապված դեպքերի կապակցությամբ հայտնեց․ «2017 թվականն էր, երբ իմ ընկերը՝ Օհան Մուրադյանը, որի հետ 1991 թվականից ենք ընկերություն անում, ասաց, որ Կառավարությունը նախապատրաստում է որոշում, որ տեխնիկական ստուգատեսի գործընթացները ապապետականացնեն, տան մասնավորներին։ Ասաց՝ ինչ կարծիք ունես, ուզում եմ, որ երեխեքը՝ իր տղան՝ Դավիթը Մուրադյանը, և իմ տղան՝ Միքայել Զալինյանը, միասին լինեն այդ սեփականությանը տերերը։ Երկուսն էլ ուսանող էին այդ ժամանակ։ Տղայիս հետ խոսեցինք, այնուհետև Օհանին ասացի՝ եթե պայմանն այն է, որ տղաների անունով է լինելու և իրենք չեն մասնակցելու ո՛չ կառավարմանը, ո՛չ էլ ներդրումներին, լավագույն տարբերակն այն է, որ 5%-ը լինի տղայինս։ Ասաց՝ հազար տարվա ընկերներ ենք, 10 %-ը կլինի քո տղայինը, 25 %-ը՝ Դավիթինը, մնացած 65 %-ով ներդրող կգտնի, որոնք էլ կկառավարեն»։

Նա հավելեց, որ երկար ժամանակ անց հանդիպել է Նարեկ Հովսեփյանի՝ Աղվան Հովսեփյանի տղայի հետ, ով հետաքրքրված էր ներդրումային գործընթացով։ Դրանից հետո նրանց ծանոթացրել է, տարածքը նայել են, ներդրումներ կատարել։

Նշեց, որ իրենց կողմից ներդրում չի եղել, ներդրողները Նարեկ Հովսեփյանն ու Արշավիր Սարգսյանն են եղել։

– Ներդրողներին փնտրելու գործընթացում կարո՞ղ եք ասել՝ Արշավիր Սարգսյանին ով է հրավիրել։

– Արշավիր Սարգսյանն ինքն է զանգահարել, եկել է ինձ մոտ ասել։ Ես էլ ծանոթացրի Մուրադյան Օհանի հետ։

– Աղվան Հովսեփյանի հետ այս հարցի կապակցությամբ զրուցե՞լ եք։

– Դատախազությունում կար չգրված պրակտիկա, մարդիկ իրարից հետաքրքրվում էին, հարցնում էին, Աղվան Հովսեփյանն էլ ասել է հաջողություն և վերջ։ 

– Նարեկ Հովսեփյանն այդ ժամանակ քանի՞ տարեկան էր, կհիշե՞ք։

– Նարեկը, եթե չեմ սխալվում, իմ տղայից մեծ էր (1988 թ․)։

Դատախազը նշեց, որ այս գործով վկան առերես հարցաքննվել է Արշավիր Սարգսյանի հետ, հարցին, թե վերջինիս ցուցմունքների վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի, վկան պատասխանեց՝ Արաշվիր Սարգսյանի ասածների մեջ կային բաներ, որոնք ինքն առաջին անգամ էր լսում, բայց չի կարող գնահատական տալ դիմացինի ասածների վերաբերյալ։ Դատավորի հարցին, թե հարցաքննության ժամանակ ճիշտն է ասել, վկան պատասխանեց՝ այո։

Դատախազը հարցրեց․

– Իսկ Ձեր ճիշտը Արշավիր Սարգսյանի հայտարարածի հետ հակասո՞ւմ էր։

– Եթե ժամանակագրական խրոնոլոգիայով նայենք, իմ ճիշտն ավելի շուտ էր սկսել, որովհետև Օհանն իմ ընկերն էր, նրա տարածքում մենք էինք սկսել դա։ Որևէ բան նախաձեռնելու գաղափարը չի կարող լինել մենաշնորհ, որևէ մեկինը։

– Առերեսման ժամանակ համընկո՞ւմ էին Ձեր և Արշավիր Սարգսյանի հայտնածներըը։

– Չէ։

– Այդ պայմաններում կարո՞ղ եք ասել՝ ո՞րն է պատճառը, որ Արշավիր Սարգսյանը, օրինակ, սխալ ասաց։

Պաշտպանական կողմն առարկեց հարցի դեմ՝ ասելով, թե պատճառն ինչպե՞ս պետք է իմանա վկան։ Նաև վկան հայտնեց, որ տեղյակ չէ Աղվան Հովսեփյանի կողմից լիցենզիայի ձեռքբերման գործընթացի մասնակցության մասին։

Հաջորդիվ հարցաքննվեց վկա Միքայել Զալինյանը, վերջինս ևս բարեկամական կապերի մեջ չէր գտնվում դատական նիստի ներկաներից որևէ մեկի հետ։ Աղվան Հովսեփյանին ճանաչում է որպես նախկին Գլխավոր դատախազի։

«Տրանս Սիսթեմ» ՍՊԸ ընկերության մասին հայտնեց, որ այնտեղ հանդիսացել է շահաբաժնի կրող, խոսքը 10 %-ի մասին է, անձամբ կառավարմանը չի մասնակցել, ներդրման մասով միայն իր ընկերներին է տեղեկացրել տեխզննման կայանի մասին։

«Օհան Մուրադյանը հորս առաջարկել է, որ միմյանց միջև ավելի մտերմություն լինի, ես դառնամ որպես շահաբաժին կրող, «փայատեր», ու մնացածի մասով հորս եմ հարցեր տվել։ Խոսեցինք, որ ներդրմանն ու կառավարմանը ես չեմ մասնակցելու, ու, ինչպես արդեն նշեցի, իմ ներդրումը եղել է տեղեկատվական առումով»,-ասաց Միքայել Զալինյանը։

Նարեկ Հովսեփյանի մասով նշեց, որ անձնական շփումներ չեն եղել, իսկ Օհան Մուրադյանի որդուն ճանաչել է դեռևս ուսանողական տարիներից։

Վկայի խոսքով՝ մինչև այսօր էլ այդ ընկերությունից շահաբաժին ստանում է, իսկ այդ գործընթացում Աղվան Հովսեփյանի ներգրավված լինելու մասին որևէ տեղեկություն չունի։

Դատակոչված վկաների հարցաքննությունն ավարտվեց, նիստը հետաձգվեց։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 24-ին, որի ժամանակ կհարցաքննվեն գործով մյուս վկաները։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել