Հակակոռուպցիոն քրեական դատարանում հուլիսի 15-ին տեղի ունեցավ հեռուստահաղորդավար, մեկնաբան, ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանի, ևս 4 անձի գործով նիստը։ Նախագահող դատավորը Վարդգես Ստեփանյանն է։
Գործով մյուս մեղարդյալներն են Կարո Պողոսյանը, Արթուր Ավագյանը, Արտավազդ Բաղդասարյանը, Սուրեն Ալոյանը (Dasaran.am, Koreez կրթական ծրագրերի հիմնադիր)։
Հիշեցնենք, որ դեռևս 2023 թվականին Գևորգ Ալթունյանին ու նշված 4 անձանց մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՊՆ գնումների գործընթացի արդյունքում փաստաթղթերում կեղծ տեղեկություններ զետեղելու եղանակով պետությունից 106 մլն 300 հազար դրամ հափշտակելու համար, ու այդ մեղադրանքը նրանք չեն ընդունել։
Գևորգ Ալթունյանին այս գործով մեղադրանք է առաջադրվել հետևյալ կետերով՝
- Հանդիսանալով ՀՀ ՊՆ անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ՝ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, պաշտոնեական դիրքը և դրանով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, «Նոր Սերնդի Դպրոց» հասարակական կազմակերպության տնօրեն և dasaran.am ապրանքային նշանի սեփականատեր Սուրեն Ալոյանի, «Էլ Ջի Մեդիա» ՍՊ ընկերության տնօրեն Արտավազդ Բաղդասարյանի, ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ՎՏԱ բաժնի պետ Կարո Պողոսյանի և նույն վարչության ՀԿ բաժնի գլխավոր մասնագետ Արթուր Ավագյանի օժանդակությամբ, մեկ միասնական դիտավորությամբ ՀՀ պաշտպանության նախարարության և «Էլ Ջի Մեդիա» ՍՊ ընկերության միջև 2019 թվականի սեպտեմբերի 2-ին,
- 2020 թվականի մարտի 9-ին և 2021 թվականի ապրիլի 27-ին կնքված պայմանագրերի ծածկագրերով գնման գործընթացների շրջանակներում կազմել և շրջանառության մեջ է դրել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հանձնման-ընդունման կեղծ արձանագրություններ, կեղծ հաշիվ-վավերագրեր, կեղծ ակտեր և պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ պետական բյուջեից 2019, 2020 և 2021 թվականներին վատնել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 106.300.000 ՀՀ դրամ գումար, ինչպես նաև նույն գնման գործընթացներում դրդել է Կարո Պողոսյանին և Արթուր Ավագյանին կազմել ու շրջանառության մեջ դնել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքների վերաբերյալ կեղծ դրական եզրակացություններ:
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս նիստին մեղադրյալներ Սուրեն Ալոյանի և Արտավազդ Բաղդասարյանի պաշտպան Լևոն Սահակյանը առաջադրված մեղադրանքի ու քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ դիրքորոշում հայտնեց՝ իր խոսքում ընդգծելով քրեական վարույթ նախաձեռնելու ոչ պատշաճ ընթացակարգի, քննչական ենթակայության խախտման մասին։
Առաջին միջնորդությունը վերաբերում էր այն հանգամանքին, որ քրեական վարույթը 2023 թվականի հունիսի 9-ին նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, քննությունն իրականացրել է Քննչական կոմիտեն, սակայն պետք է իրականացներ Հակակոռուպցիոն կոմիտեն։
Սահակյանի խոսքով՝ քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրությունը, որի աղբյուրը ոչ թե հաղորդումն է, այլ քրեական վարույթի ընթացքում փորձագետի եզրակացության մեջ եղած տեղեկությունները, դրանից հետո կատարված դատավարական գործողությունների արդյունքում ստացված տվյալները չեն կարող բավարար լինել վարույթ նախաձեռնելու համար։
«Ուստի քրեական վարույթն այս պահին նախաձեռնվել է քրեական վարույթի ընթացքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա, իսկ դրանք նույն քրեական վարույթը նախաձեռնելու համար պատշաճ աղբյուր չեն կարող հանդիսանալ։ Նաև այս պատճառով քրեական հետապնդումը պետք է դադարեցվի»,-ասաց նա։
Հաջորդ միջնորդության շրջանակում կողմերը քննարկեցին Գլխավոր դատախազի կողմից քննչական ենթակայության փոփոխման հարցը։
Հանրային մեղադրողը հայտնեց՝ Գլխավոր դատախազը բացառիկ լիազորություն ունի մի մարմնում քննվող քրեական վարույթը հանձնել մյուս մարմնին՝ դրանով չավելացնելով լիազորությունները, ըստ այդմ՝ որևէ խախտում առկա չէ։
Լևոն Սահակյանն ասաց՝ եթե այս պահին գործող օրենսդրական կարգավորումները թույլատրում են կատարելու այդ գործողությունը, տվյալ պահին վերջինս նման իրավասություն չուներ․ «Այն ժամանակ այդ լիազորությունը Գլխավոր դատախազին տրված չէր, և տրված էր միայն փոփոխել բացառապես այն դեպքերում, երբ դա որպես վերջին միջոց է, ու հիմա մենք պիտի գնահատենք՝ սա եղել է որպես վերջին միջո՞ց, թե՞ ոչ»։
Պաշտպանը կրկին ընդգծեց՝ ամբողջ վարույթն իրականացրել են ՔԿ-ի քննիչները, մինչդեռ պետք է այդ ամենն իրականացվեր Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների կողմից, նախաքննությամբ ձեռք բերված տեղեկությունը ստացվել է ոչ պատշաճ սուբյեկտի կողմից։
Փաստաբանի մյուս միջնորդությունը վերաբերում էր քրեական վարույթ նախաձեռնելու արձանագրության մեջ շտկում կատարելուն հանձնարարություն տալու, բացի այդ, նա նաև նշեց՝ գործը սահմանված ժամկետում չի հանձնվել դատարան, ինչը հիմք է բոլոր մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու։
Փաստաբաններից մեկն այլ նիստով ծանրաբեռնված լինելու հանգամանքով պայմանավորված խնդրեց նիստը հետաձգել։ Դատարանը քննարկված 3 միջնորդությունների վերաբերյալ որոշում չկայացրեց, նշեց՝ մեկ միջնորդության քննարկում դեռևս չի իրականացվել, և այդ պատճառով որոշում կկայացվի հաջորդ նիստին։
Գործով մյուս դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 15-ին։
Մարիամ Շահնազարյան