Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ սեպտեմբերի 5-ին, դատավոր Կարեն Ամիրյանի նախագահությամբ և դատավորներ Արմեն Հովհաննիսյանի ու Մեսրոպ Մակյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով դատական նիստը:
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս դատական նիստին մեղադրյալ Վազգեն Պողոսյանի պաշտպան Գագիկ Խաչիկյանը ներկայացրեց իր դիրքորոշումը առաջին ատյանի դատավճռի վերաբերյալ։
Պաշտպանը նշեց, որ օբյեկտիվ դատավճիռը կլիներ այն, երբ բոլոր մեղադրյալների նկատմամբ արդարացման դատավճիռը կայացվեր, և այդ պարագայում նրանք առաջին ատյանի դատարանի դատավճիռն ուժի մեջ մտնելու հիմքով դատական որևէ պրոցեսի չէին մասնակցի։
Նա հայտնեց, որ միանում են մյուս մեղադրյալների պաշտպանների ներկայացված բողոքներին, սակայն այն պարագայում, երբ ընդունեն, որ դատավճիռը հիմնավոր է, առաջանում են կասկածներ, թե մեղադրյալների միջև պատժի տարբերություններն ի՞նչ հանգամանքներով պայմանավորված են առաջանում, քանի որ Վազգեն Պողոսյանի կատարած արարքը լրիվ նույն բովանդակությունն ունի, ինչ Գագիկ Գալստյանին մեղսագրվող արարքը, հոդվածի տեսակետից նույնն է, ինչ Ջոն Ֆարխոյանի արարքը։
Պաշտպանն ընդգծեց, որ անհասկանալի է մոտեցումը՝ ինչո՞ւ մնացած ամբաստանյալների հետ կապված պատիժը դատախազության համար ընդունելի է, Վազգեն Պողոսյանի հետ կապված՝ անընդունելի, պնդեց՝ նման գործողություններն իրենց համար անընդունելի են, խնդրեց Վազգեն Պողոսյանի մասով բողոքը մերժել։
Գագիկ Խաչիկյանը հայտնեց, որ եզրափակիչ ելույթի անհրաժեշտություն չեն տեսնում, ըստ այդմ, նրանք չեն մասնակցի մյուս նիստին։
Դատախազ Ծովակ Մնացականյանը մեղադրյալների պաշտպանների բողոքների վերաբերյալ իր դիրքորոշումը ևս կներկայացնի հաջորդ դատական նիստին, որպեսզի ավելի ընհանրական լինեն յուրաքանչյուր մասով դիրքորոշումները։
Վահագն Վերմիշյանը հանդես եկավ հայտարարությամբ․ «Դատախազության կողմից 1 տարի 2 ամիս միայն դատախազի պատճառով դատական պրոցեսը երկարաձգվում է, ով Վերմիշյանի գործի հետ շփվում ա, պաշտոնի բարձրացում ա ստանում, հիմա ո՞վ ա խանգարում Աղաջանյանին, գա, ներկա լինի, որպեսզի մեր հարգելի դատախազը ժամանակ չվատնի, գնա, խորհրդակցի Աղաջանյանի հետ»։
Դատարանը հայտարարության վերաբերյալ արձանագրեց, որ չնայած այն հանգամանքին, որ գործի ծավալը մեծ է, մեղադրյալների քանակը՝ շատ, Վերաքննիչ դատարանում այս գործով դատական նիստերը սահմանված կարգով և ժամանակին տեղի են ունենում, որպեսզի հնարավորինս արդյունավետ լինի գործի քննությունը։
Մյուս նկատառումն այն էր, որ դատախազը դատական նիստերին պատշաճ ներկայանում է, շատ դեպքերում սպասում է դատավարության մյուս մասնակիցների՝ դատական նիստերի ներկայանալուն, իսկ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի գործառույթներն իրենց իրավասությունների մեջ չի մտնում։
Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին, դատավարության մասնակիցները հանդես կգան եզրափակիչ ելույթներով։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մարիամ Շահնազարյան