Իրավաբանությունը որպես առաքելություն. Մարատ Ատովմյանի մասնագիտական ուղին

Իրավաբանների հայկական ասոցիացիայի փոխնախագահ, «Ատովմյան» իրավաբանական և խորհրդատվական ընկերության հիմնադիր-տնօրեն, փաստաբան Մարատ Ատովմյանը դեռ մանկուց սիրել է հումանիտար առարկաները, իր համար ակնհայտ էր, որ ապագա մասնագիտությունն ընտրելու է հենց այդ շրջանականերում։

Պատմում է՝ անարդարությունը դեռ վաղ տարիքից է ատել, դպրոցական տարիներից սկսած բոլոր հնարավոր միջոցներով պայքարել է դրա դեմ։

«Անարդարության դեմ պայքարի այդ սովորությունն ի վերջո բերեց նրան, որ արդեն 10-րդ դասարանում որոշեցի՝ իրավաբանական ֆակուլտետ պետք է ընդունվեմ և նպատակ էի դրել, որ շատ լավ իրավաբան պետք է դառնամ։ Սկսեցի լավ սովորել, 3-րդ կուրսում արտադրական պրակտիկա անցա Շենգավիթի քննչական բաժնում, շատ նվիրյալ պրակտիկանտ էի»,-հիշում է Մարատ Ատովմյանը։

Կարծում է՝ յուրաքանչյուր մարդու համար հենքը արժեհամակարգն է, դա ուղղորդում է մարդուն, առանց արժեհամակարգի՝ մարդը նման է բաց ծովում գտնվող նավի, որը չգիտի, թե ուր պետք է գնա։

Շատ է կարևորում արդարությունը, հավատարմությունը բոլոր առումներով՝ տրված խոստմանը, ծնողներին, սեփական արժեքներին, ընկերներին, նպատակներին։

Փաստաբանը առաջնորդվում է բարձր սկզբունքներով և իր մասնագիտական ու անձնական կյանքում ձգտում է մնալ բարոյական ու հետևողական։ Մարատ Ատովմյանի բնութագրած արժեհամակարգը վկայում է, որ նա ոչ միայն իրավական դաշտում, այլև մշտապես գործում է բարոյական պատասխանատվությամբ։

«Փաստաբանությունը ինձ համար երբեք չի եղել բիզնես, ես հիմնադրել եմ «Ատովմյան» իրավաբանական և խորհրդատվական ընկերությունը՝ դա դիտելով ոչ թե որպես բիզնես պրոյեկտ, որը ինձ կպարգևի հարստություն կամ դրամական հոսքեր, այլ նպատակը եղել է, որ հիմնադրեմ միջազգային ստանդարտներին համապատասխան, բազմապրոֆիլ աշխատանքներ իրականացնող իրավաբանական ընկերություն, որը առաջին հերթին օգտակար կլինի մարդկանց համար, և, առհասարակ, երբ 1996 թվականին ընդունվեցի աշխատանքի Սոցապ նախարարությունում, իմ առաջին բաժնի ղեկավարը ասաց, որ մենք շատ ծանր ոլորտում ենք աշխատում, որտեղ խոցված, հուսալքված վիճակում գտնվող մարդկանց հետ պետք է այնպես աշխատել, որ, եթե անգամ նրանք մերժում են ստանում, գոհ հեռանան նախարարությունից, այն համոզմունքով, որ մենք իսկապես ցանկանում ենք իրեն օգնել»,-պատմում է իրավաբանը։

Այս մոտեցումը մեր հերոսին ուղեկցում է կյանքի ողջ ընթացքում, նաև իր գործունեության մեջ փորձում է այնպես անել, որ, եթե ինչ-որ բան չի ստացվում, վստահորդը տեսնի, որ իր խնդիրը օբյեկտիվորեն հնարավոր չի եղել լուծել, այնուամենայնիվ, դրա համար ամեն հնարավոր բան արվել է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել