Սամվել Կարապետյանը ևս 5 նոր հայց է ներկայացրել դատարան

Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը նոր հայցեր է ներկայացրել դատարան՝ զրպարտության և վիրավորանքի հիմքով։ Հայցեր են ներկայացվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, Լևոն Շիրինյանի, Ռուբեն Մեհրաբյանի, Լուսինե Կեսոյանի, Ռոման Բաղդասարյանի դեմ։

Ավելի վաղ գործարարը դատական հայցեր էր ներկայացրել նաև Նազելի Բաղդասարյանի, Հայկ Կոնջորյանի, Տարոն Չախոյանի, մի շարք քաղաքագետների ու բլոգերների դեմ:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ ներկայացված նոր հայցերից մեկով նա պարտավորեցրել է ՔՊ-ին դատարանի կողմից սահմանված ձևով հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանի կողմից սահմանված եղանակով և ծավալով civic.am լրատվական կայքում հրապարակել դատավճռի եզրափակիչ մասը։

Նշվում է, որ զրպարտության մասով պետք է կուսակցությանը (civic.am լրատվական կայք) պարտավորեցնել նույն եղանակով հրապարակայնորեն հերքել հայցադիմումի 4.1. կետում արտահայտած և զրպարտություն համարվող փաստացի տվյալները` պարտավորեցնելով civic.am լրատվական կայքում «Հերքում՝ Սամվել Կարապետյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ» վերնագրով հանրամատչելի և բոլորին տեսանելի հրապարակում կատարել, պահպանելով այն առնվազն 1 ամիս, դրանում նշելով հետևյալը. «Սիվիք Էյէմ լրատվականի անձնակազմը 17.06.2025-ից 02.07.2025 թվականներին մի շարք հրապարակումներ է կատարել գործարար Սամվել Կարապետյանի գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ՝ որոնցով ներկայացվել են նաև սուտ տեղեկություններ, որի միջոցով Սամվել Կարապետյանին են վերագրվել նաև այնպիսի փաստեր, որոնք չեն համապատասխանել իրականությանը և կապ չեն ունեցել վերջինիս հետ։ Հրապարակային տեղեկացնում ենք, որ այդ տեղեկությունները եղել են զրպարտչական, սուտ և անհիմն, որի համար Սիվիք Էյէմ լրատվականի անձնակազմը ներողություն է խնդրում»:

Հերքման տեքստը հրապարակելու անհնարինության դեպքում՝ պարտավորեցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հանդես գալ հերքմամբ առնվազն 5000 տպաքանակ և Հայաստանի ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով հերքման նույն տեքստը, որը պահանջվում է տեղադրել www.civic.am կայքում:

Բացի այդ, Կարապետյանը ՔՊ-ից պահանջում է բռնագանձել 9 միլիոն դրամ՝ որպես փոխհատուցում զրպարտության և վիրավորանքի համար։

Հաջորդ հայցադիմումը ներկայացրել է Լևոն Շիրինյանի դեմ։

Զրպարտության մասով պատասխանող Լևոն Շիրինյանից պահանջում է դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում facebook.com սոցիալական կայքի՝ իրեն պատկանող էջում «Հերքում՝ Սամվել Կարապետյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ» վերնագրով գրառում կատարել` դրանում նշելով հետևյալը. «Ես՝ Լևոն Շիրինյանս, 19.06.2025 թվականին Սիվիք էյէմ-ին տված հարցազրույցում, 30.06.2025թ-ին «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում, ինչպես նաև տարբեր ժամանակահատվածներում facebook.com սոցիալական կայքի էջումս հրապարակային տեղեկություններ եմ հայտնել այն մասին, որ Սամվել Կարապետյանը հանդիսանում է գործակալ, իր՝ Հայաստան այցը կապված է այսպես ասված «գործուղման» և հրապարակումներում նշված այլ՝ իրականում իրականության հետ կապ չունեցող հանգամանքների հետ: Հրապարակային հայտնում եմ, որ այդ տեղեկությունները զրպարտչական են, սուտ են և անհիմն, որի համար ներողություն եմ խնդրում»:

Հերքման տեքստը տեղադրելու անհնարինության դեպքում՝ պարտավորեցնել Լևոն Շիրինյանին վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հանդես գալ հերքմամբ առնվազն 5000 տպաքանակ և Հայաստանի ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով հերքման նույն տեքստը:

Բացի այդ, Լևոն Շիրինյանից հօգուտ Սամվել Կարապետյանի պահանջվում է բռնագանձել 9 միլիոն դրամ՝ որպես վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում։

Հաջորդ հայցադիմումով Կարապետյանը պահանջել է վիրավորական արտահայտությունների համար Ռուբեն Մեհրաբյանին պարտավորեցնել դատարանի կողմից սահմանված ձևով հրապարակայնորեն ներողություն խնդրել։

Ռուբեն Մեհրաբյանից բռնագանձել 3 միլիոն  դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում։

Լուսինե Կեսոյանի դեմ ներկայացված հայցադիմումով պահանջվում է հրապարակայնորեն ներողություն խնդրել Կարապետյանից, պարտավորեցնել հերքել հունիսի 28-ին  և հուլիսի 5-ին Լուսինե Կեսոյանին պատկանող facebook.com սոցիալական կայքի էջում արտահայտած և զրպարտություն համարվող փաստացի տվյալները` պարտավորեցնելով դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում նույն սոցիալական կայքի՝ Լուսինե Կեսոյանին պատկանող էջում «Հերքում՝ Սամվել Կարապետյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ» վերնագրով հանրամատչելի և բոլորին տեսանելի գրառում կատարել, պահպանելով այն առնվազն 1 ամիս, դրանում նշելով հետևյալը. «Ես՝ Լուսինե Կեսոյանս, 28.06.2025 և 05.07.2025 թվականներին facebook.com սոցիալական կայքի էջերումս հրապարակային տեղեկություններ եմ հայտնել գործարար Սամվել Կարապետյանի գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ՝ տարածելով տեսանյութեր և դրանցով ներկայացնելով սուտ տեղեկություններ։ Հրապարակային հայտնում եմ, որ այդ տեղեկություններն ամբողջությամբ եղել են զրպարտչական, սուտ և անհիմն, որի համար ներողություն եմ խնդրում»:

Սոցիալական կայքում հերքման տեքստը տեղադրելու անհնարինության դեպքում՝ պարտավորեցնել Լուսինե Կեսոյանին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հանդես գալ հերքմամբ առնվազն 5000 տպաքանակ և Հայաստանի ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով հերքման նույն տեքստը, որը պահանջվում է տեղադրել նույն սոցիալական կայքի՝ Լուսինե Կեսոյանին պատկանող էջում:

Նույն կերպ հայցադիմումով պահանջվում է հօգուտ Սամվել Կարապետյանի բռնագանձել 9 միլիոն ՀՀ դրամ՝ որպես զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցում։

Պատասխանող Ռոման Բաղդասարյանից կրկին պահանջվում է ֆեյսբուքյան իր էջում հրապարակայնորեն հերքման տեքստ տեղադրել՝ հետևյալ վերնագրով և այն պահպանել 1 ամիս․ «Հերքում՝ Սամվել Կարապետյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ»։

Դրանից զատ նաև նշել հետևյալը. «Ես՝ Ռոման Բաղդասարյանս, 18.06.2025 թվականին facebook.com սոցիալական կայքի էջերումս հրապարակային տեղեկություններ եմ հայտնել գործարար Սամվել Կարապետյանի գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ, ինչպես նաև հետագայում տարածել այդ հրապարակման տեքստը բառացի կրկնող տեսանյութեր՝ ներկայացնելով սուտ տեղեկություններ։ Հրապարակային հայտնում եմ, որ այդ տեղեկություններն ամբողջությամբ եղել են զրպարտչական, սուտ և անհիմն, որի համար ներողություն եմ խնդրում»: 

Հերքման տեքստը տեղադրելու անհնարինության դեպքում պարտավորեցնել Ռոման Բաղդասարյանին վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հանդես գալ հերքմամբ առնվազն 5000 տպաքանակ և Հայաստանի ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով հերքման նույն տեքստը նաև ֆեյսբուքյան էջում։

Ռոման Բաղդասարյանից հօգուտ Սամվել Կարապետյանի պահանջվում է բռնագանձել 6 միլիոն դրամ՝ որպես փոխհատուցում զրպարտության համար։

Նշենք, որ Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը դատարան է ներկայացրել 11 քաղաքացիական հայց՝ կրկին զրպարտության և վիրավորանքի հիմքով, որոնցից 8-ը վարույթ է ընդունվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել