«Չեմ հասկանում՝ հովհարային անջատու՞մ է, թե՞ թույլ միացում վերջինիս մոտ։ Ամեն դեպքում՝ հողանցում արեք, ոտքերը գետնից կտրվել են։ ․․․Հայաստանի պետականության դեմ մարտնչող տաշիրիսամոներն ակտիվացել են․․․». վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի այս գրառման համար գործարար Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել վերջինիս դեմ՝ պահանջելով հրապարակայնորեն ներողություն խնդրել։

Կարապետյանի մյուս պահանջը վերաբերում է զրպարտության խոսքին, որով պարտավորեցրել հրապարակայնորեն հերքել հունիսի 17-ի և 24-ի կատարած գրառումները։
Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական հարթակից, նշվում է, որ հերքման տեքստը տեղադրելու անհնարինության դեպքում Նազելի Բաղդասարյանին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պարտավոր է 5 աշխատանքային օրվա ընթացքում հանդես գալ հերքմամբ առնվազն 5 հազար տպաքանակ և ՀՀ ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով հերքման նույն տեքստը, որը պահանջվում է տեղադրել «facebook.com» սոցիալական կայքի՝ Նազելի Բաղդասարյանին պատկանող պաշտոնական էջում:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի միանգամից 5 գրառման մասով է գործարարը հայց ներկայացրել։
Մասնավորապես, «Սրբապիղծ «սրբազանների» ու նրանց պաշտպանների համար միշտ էլ փողն է եղել շարժառիթ ու սրբություն»,«… պետք է իմանա, որ պետությունն ու քաղաքացիներն էլ թքած ունեն իր վրա», «Սա Հայաստանն է, որտեղ պետության ու պետականության դեմ կռիվ տվողները, պետության զորությունը կզգան մռութներին», «Բա որ ասում էինք պետության համը կմնա բերանդ, չէիր հավատում», «Մի անգամ միջնորդեց, համը բերանն է մնացել»,
«Հայաստանը կոշկակարի բուտկա չէ, որ ով պատահի նկարը կպցնի պատերին: Ոչ էլ Կալուգայի Նիժնի Տապռ գեղն է …» գրառումները, ըստ Կարապետյանի, զրպարտություն և վիրավորանք են պարունակում։

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանի դեմ հայց ներկայացնելու համար հիմք է հանդիսացել վերջինիս հարցազրույցներն ու ֆեյսբուքյան գրառումները երկու տարբեր օրերի ընթացքում։
Սամվել Կարապետյանը պահանջում է Մկրտչյանին պարտավորեցնել դատարանի կողմից սահմանված ձևով հրապարակայնորեն ներողություն խնդրել զրպարտության մասով, ինչպես նաև հերքել ասվածը։
Հունիսի 19-ի արված հարցազրույցներում և հունիսի 27-ին Հարություն Մկրտչյանին պատկանող «facebook.com» սոցիալական կայքի պաշտոնական էջում արտահայտած և զրպարտություն համարվող փաստացի տվյալները․ «Սամվել Կարապետյանն իր 17.06.2025 թվականի հայտարարությամբ փորձել է ոչ թե պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին, այլ այդ պատրվակով նախատեսել է ՀՀ-ում զբաղվել քաղաքականությամբ՝ այլ ուժերի կառավարմամբ և գործակալական նպատակով՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության»,- գրել էր քաղաքագետը։
Հայցի մեջ ներառվել է նաև «նախկինում կատարված չակերտավոր բարեգործություններ» եզրույթը, որը, Կարապետյանի պնդմամբ, զրպարտչական է, սուտ և անհիմն։
Կարապետյանն ինչպես Մկրտչյանից, այնպես էլ Նազելի Բաղդասարյանից և Տարոն Չախոյանից պահանջում է դատարանից «Ֆեյսբուք» հերքման տեքստը տեղադրելու անհնարինության դեպքում պարտավորեցնել նրանց վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հանդես գալ հերքմամբ առնվազն 5000 տպաքանակ և ՀՀ ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով։
Բացի այդ, որպես բարոյական վնասի փոխհատուցում, գործարարը յուրաքանչյուրից պահանջում է 9 մլն դրամ։