Հակակոռուպցիոն դատարանում ապրիլի 18-ին տեղի ունեցավ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ, Ստեփանավան քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետ Վահագն Վերմիշյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նիստը։ Նիստը նախագահում էր դատավոր Կարապետ Բադալյանը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նախորդ նիստին հայցվոր կողմը ներկայացրել էր միջնորդություն, որով առաջարկվում էր հայցի հիմքն ու առարկան փոխել, շուրջ 4 միլիոն դրամ պակասեցվել է։
Մեզ հետ զրույցում փաստաբան Արմեն Մելքումյանը նշեց, որ դա այս փուլում Քաղաքացիական դատավարության օրենսգրքի մի շարք իրավակարգավորումների հետ հակասության մեջ է․ «Երբ ապացույցներն արդեն բաշխվել են, չես կարող հայցի հիմքն ու առարկան փոխելու միջնորդություն բերել»։
Նախագահող դատավոր Կարապետ Բադալյանը նիստի ժամանակ հայտարարեց՝ Սահմանադրական դատարանը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին օրենքի սահմանադրականությունը ստուգելու արդյունքում հրապարակել է որոշման եզրափակիչ մասը, սակայն դեռ հրպարակված չէ ամբողջական մասը, հետևաբար դատարանը գտնում է, որ այս միջնորդության քննությունը այս փուլում պետք չէ ավարտել։
«Սպասենք ՍԴ-ի որոշման ամբողջական տեքստի հրապարակմանը և նաև դրա լույսի ներքո, եթե հարցեր լինեն կամ քննարկումներ այս միջնորդության կապակցությամբ կքննարկենք, նոր որոշում կկայացնենք։ Ուղղակի անորոշություն կա, ավելի լավ է գործի քննության արդյունավետության ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ այս պահին հետաձգենք միջնորդության լուծումը և հրավիրենք ևս մեկ դատական նիստ»,-ասաց Կարապետ Բադալյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։